ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ


ՄՀԵՐ ԱԲԵՂՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա:
Ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թթ. սկզբում գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում:
Ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նկարիչը հավատարիմ է մնացել իր գեղարվեստական լեզվին, իր գեղարվեստական ձեռագրին՝ ընդլայնելով և հարստացնելով այն:
Մհեր Աբեղյանը ստեղծագործում էր բոլոր ժանրերում: Նրա բնանկարներում իշխում են անդորրն ու հոգեկան հանգստությունը, նատյուրմորտները վառ են, տոնական ու կենսահաստատ, դրանց հատուկ է դեկորատիվ գունեղությունը: Մարդկանց կերպարները նկարչի հորինվածքներում և դիմանկարներում լի են քնարականությամբ:
Մ. Աբեղյանը շատ է նկարել ածուխով, ծայրով, սանգինայով, զբաղվել է օֆորտով, սակայն նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան լինոփորագրությունն էր: Տպագրական այս տեխնիկայով արված աշխատանքները գրավում են կատարման վարպետությամբ, մակերեսի գեղեցիկ մշակումով, գծի պոռթկունությամբ:
Մասնաճյուղում ներկայացված են նկարչի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում է նաև նրա գրաֆիկան:
Վարպետի ժառանգության զգալի մասը ցուցադրվում է ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունում: