ԽՈՐԵՆ ՏԵՐ - ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ


ԽՈՐԵՆ ՏԵՐ - ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին և երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում:
1994թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը:
Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար):
Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան եկավ 1970 թվականին արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով:
1971թ. Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում բերեց նրան նաև Հայաստանում, իսկ 1983թ. քանդակագործը հայրենիքին նվիրաբերեց 200-ից ավելի ստեղծագործություն:
1994թ. Էջմիածնի մասնաճյուղում բացվեց վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Տեր-Հարությանի քանդակները, Ջամայկայում ապրած տարիներին կատարած գեղանկարչական երկերը և տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը, որոնք արտացոլում են նրա գեղարվեստական լեզուն, պատկերացում տալիս նրա արվեստի բազմաժանրության մասին:
Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է ժամանակակիցների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում:
Սկսած 1929 թ. նա ունեցել է բազմաթիվ անհատական (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա) և համատեղ ցուցահանդեսներ համաշխարհային ճանաչում ստացած արվեստագետների հետ (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների:
Տեր-Հարությանի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
«Փոքր Մհեր», «Գյուտարար» մոնումենտալ գործերը տեղադրված են Ֆիլադելֆիայի «Ֆեյրմաունթ Փարք»-ում, «Կուղբ» աշխատանքը՝ Նյու Յորքի Բերնարդ Բարուքի անվան քաղաքային քոլեջի նախասրահում, իսկ Երևանի Օղակաձև զբոսայգում վեր է խոյանում «Վերածնված Հայաստան» կոթողը:

Քարտեզ