Հարգելի՛ համաքաղաքացիներ, երեկ երեկոյան վերոնշյալ լրատվամիջոցով հրապարակվել էր ակնհայտ կեղծիք տարածող միանգամից 2 հրապարակում՝ «150 դրամանոց ձնծաղիկը գնում է 3000 դրամով. Դիանա Գասպարյանի սյուրռեալիստական գնումները» եւ «450 հազար դրամի ձնծաղիկ եւ «ռաշիրիտելի կրիշկա». Դիանա Գասպարյանի գնումների պլանը» վերտառությամբ հրապարակումներ:
Մասնավորապես, հղում անելով Էջմիածնի քաղաքապետարանի 2020 թվականի գնումների պլանին, նշյալ հրապարակումներում իբրեւ բացահայտում նշվում էր, թե Էջմիածնի քաղաքապետարանը 150 դրամանոց ձնծաղիկը գնել է 3000 դրամով, այնինչ, ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում՝ gnumner.am կայքում բաց եւ հրապարակային տեղադրված գնումների պլանում հստակ նշված է՝ ձնծաղիկ՝ միավորի գինը՝ 150, միավորի քանակը՝ 3000:
Հատկանշական է, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ վերոնշյալ աղավաղված իրականությանը հակադարձող երեկոյան արված հրապարակումից հետո, լրատվամիջոցը պարզապես փոփոխել է իր հրապարակած նյութերի վերնագրերը եւ բովանդակությունը՝ առանց հերքման կամ ներողության:
Հաշվի առելով, որ ժամեր շարունակ hraparak.am լրատվամիջոցը տարածել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն, արատավորել Էջմիածնի քաղաքապետարանի եւ քաղաքապետ Դիանա Գասպարյանի համբավը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մի շարք այլ լրատվամիջոցներ արտատպել են սկզբնաղբյուր նյութը (hraparak.am-ի) ՝ առավել տարածելով ակնհայտ կեղծիքը՝ հորդորում ենք hraparak.am լրատվականին մինչ օրվա ավարտ հրապարակել պատշաճ հերքում եւ ներողություն խնդրել ընթերցողից՝ անբարեխղճության եւ կեղծ տեղեկություն հրապարակելու համար:
Ինչ վերաբերում է նույն հրապարակման մեջ արծարծվող մյուս գնումներին, որոնք եւս շահարկման առիթ են հանդիսացել լրատվամիջոցի համար՝ պարզաբանում ենք.
Հրապարակման մեջ թվարկված ընդեղենը, մրգերը, ջրեղենը եւ քաղցրավենիքը գնվել է «Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագրով քույր քաղաք Պետրոզավոդսկից Էջմիածին ժամանած պատվիրակության համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով:
«2800 դրամի տավարի քաբաբ» գնվել է 2020թ. փետրվարի 28-ին համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովի անդամներին եւ մրցույթի սպասարկումն իրականացնող անձնակազմին սնունդով ապահովելու համար:
Շահարկվող մաքրող միջոցները ձեռք է բերվել Էջմիածնի համայնքապետարանի 7-հարկանի վարչական շենքի մաքրությունն ապահովելու համար՝ ամբողջ տարվա համար գնելով 168 հատ մաքրող միջոց՝ ընդհանուր՝ 126 հազար դրամի չափով:
Ինչ վերաբերում է նույն հրապարակման վերջին տողին, թե « Դիանա Գասպարյանի առեւտուն ամբողջությամբ կազմել է 20 մլն դրամ» հարկ ենք համարում պարզաբանել, որ 2020 թվականի գնումների պլանում նշված այս թիվը ոչ թե կատարված գնումների չափն է, այլ 2020 թվականի համար ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ Էջմիածնի քաղաքապետարանի գնումների ընդհանուր բյուջեն, որը ենթակա է փոփոխման:
Հ.Գ. Ինչ վերաբերում է գնումների պլանում հանդիպող ապրանքների անվանումներին, նշենք, որ Էջմիածնի քաղաքապետարանն իրավասու չէ փոփոխություններ կատարելու մատակակար ընկերությունների հաշիվ-ապրանքագրերում եւ փոփոխելու կամ թարգմանելու ապրանքանունները:
____________________________________________________
Լրատվական դաշտում խոսքի ազատությունը վերածվել է սանձարձակության, իսկ պատասխանատվությունը, էթիկան, բարեխղճությունն ու արժանահավատությունը քողարկվել են «սեփական կարծիք ունենալու» ազատության ներքո:
Ուստի, հորդորում ենք մեր լսարանանին զերծ մնալ քաղաքական ինտրիգներ փնտրող եւ պարբերաբար ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հրապարակումները որպես անվերապահ ճշմարտություն ընդունելուց կամ առնվազն մտածել՝ արժե արդյոք վստահել նման լրատվամիջոցի: