Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2012

Ավելացվել է: 22-07-2013, 07:40 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
Հարգելի ներկաներ,
Մինչ բուն զեկույցին անցնելը, օգտվելով առիթից, հերթական անգամ շնորհակալություն հայտնեմ էջմիածնեցուն, որ 2012-ի սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում դրական գնահատեց իմ նախորդ 4 տարվա աշխատանքն ու եւս 4 տարով վստահության քվե տվեց: Ստացած 90-ից ավելի տոկոսի քվեն պարտավորեցնում է ինձ եւ իմ ղեկավարած թիմին էլ ավելի լավ աշխատել, որպեսզի չհիասթափեցնենք մեր համաքաղաքացիներին, ապացուցենք, որ մշտապես էլ պատրաստ ենք ջանադրորեն ծառայել համայնքի խնդիրները լուծելու համար:
Դուք արդեն բազում առիթներ եք ունեցել համոզվելու, որ Էջմիածնի քաղաքապետարանը բաց աշխատող, թափանցիկ կառույց է եւ մշտապես էլ հաշվետու է էջմիածնեցու առաջ: Ես միշտ գերադասել եմ նախորդ հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնել հրապարակային միջոցառմամբ, որին կարող են ներկա լինել բոլոր կամեցողները: Մենք շահագրգիռ ենք, որ էջմիածնեցին տեղյակ լինի այն ամենին, ինչ կատարվում է մեր տնօրինությանը վստահված ոլորտներում: Բնական է, որ այսօրինակ զեկուցման մեջ մենք տեղ-տեղ դիմելու ենք նաև թվերի լեզվին, քանզի հենց թվերն էլ արվածի ու չարվածի խոսուն վկաներն են:
Եվ այսպես` 2012 թ. բյուջետային տարում Էջմիածնի համայնքային բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 108.8 տոկոսով՝ նախատեսված 998.6 միլիոն դրամի դիմաց կատարվել է 1 մլրդ 086.8 միլիոն դրամ:
Կատարված աշխատանքներին անդրադառնամ հնարավորին հակիրճ, քանզի ձեզ բաժանված է հաշվետվության առավել մանրամասն տարբերակը:
Քաղաքապետարանի շենքում անցկացվել են ներքին հարդարման և տեխնիկական վերազինման աշխատանքներ: Ձեռք է բերվել նորագույն տեխնիկա՝ համակարգիչներ, տպիչներ, գրասենյակային գույք: Պատրաստվել է քաղաքապետարանի նոր` առավել բարձրորակ, առավել ընդլայնված հնարավորություններով կայքը: Այն պարբերաբար թարմացվող մատչելի տեղեկություններ է հաղորդում Էջմիածնի քաղաքապետարանի ու նրա գործունեության վերաբերյալ, հնարավորություն է ընձեռում ծանոթանալու քաղաքապետարանի գործառույթներին, կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը, անցուդարձին, ինչպես նաև անմիջական էլեկտրոնային կապ է ապահովում մեզ հետ: Նոր կայքում դուք ունեք մեզ ուղղված ձեր նամակների ընթացքին առցանց հետևելու, անվճար հայտարարություններ տեղադրելու հնարավորություն: Առցանց հաղորդակցության այս միջոցը բաց և թափանցիկ աշխատելու լավ հնարավորություն է ընձեռում մեզ: Ի դեպ, քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված գեղեցիկ նստարանների վրա նույնպես կա քաղաքապետարանի կայքի հասցեն: Ժամանակակից տեխնիկական այս հնարավորությունից, սակայն, առայժմ քչերն են օգտվում: Մեր ուսումնասիրությամբ պարզեցինք, որ կա հավելյալ խնդիր` մարդիկ չեն տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին: Այդ նպատակով Էջմիածնի կենտրոնական գրադարանում հիմնեցինք համակարգչային ուսուցման կենտրոն, ուր սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները, ազատամարտիկների ընտանիքների անդամները անվճար համակարգչային գիտելիքներ են ստանում եւ օգտվում համացանցից: Բոլոր կամեցողները կարող են դիմել: Մեզ համար անչափ կարեւոր է մշտական հետադարձ կապը բնակչի հետ: Այդ նպատակով ցանկացած օր` լինի դա աշխատանքային, թե ոչ, գործում է 5-27-27 հերթապահ հեռախոսահամարը, որով էջմիածնեցին կարող է ահազանգել ցանկացած խնդրի կապակցությամբ, ներկայացնել ցանկացած ոլորտին վերաբերող առաջարկ: Այնպես որ, մենք տարբերակներն առաջարկում ենք, թող յուրաքանչյուր մարդ ընտրի շփման` իր համար նախընտրելի, իրեն առավել հարմար տարբերակը:
Հաշվետու տարվա ընթացքում քաղաքի բարեխիղճ հարկատուներին տրվել է գույքահարկի գծով արտոնություն 10 մլն 375 հազար դրամի չափով: Այս արտոնությունից օգտվել են 184 քաղաքացի: Առանձին հարկային արտոնություններ են տրվել նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Բացի այդ՝ Հաղթանակի օրվա և Ամանորի կապակցությամբ, նաև` այլ առիթներով Մեծ հայրենականի վետերաններին, զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է մոտ 3 միլիոն դրամի ֆինանսական օգնություն: Արագածի 2-րդ զանգվածի ծերերի տան և «Մեր տունը» հասարակական կազմակերպության անվճար սննդի մատակարարումը, ինչպես նախորդ տարիներին, ապահովել ենք նաև 2012-ին` այդ նպատակով ծախսելով մոտ 4 միլիոն դրամ:
2012 թ. ընթացքում քաղաքացիներից ստացվել է 2727 դիմում, տարբեր կազմակերպություններից` 1353 գրություն: Յուրաքանչյուր դիմումատուի խնդիրքն ուսումնասիրվել է, տրվել մասնագիտական եզրակացություն, որպեսզի սոցիալական աջակցությունը տրվի ճիշտ հասցեատերերին, ֆինանսական օգնությունն ստանան իսկապես ամենակարիքավորները: Սոցիալական հարցերով դիմուների քանակը եղել է 909, որոնք բոլորն էլ բավարարվել են. վառելափայտ է հատկացվել 340 ընտանիքի, իսկ գումար է հատկացվել 363 դիմումատուի, որից սոցիալական տարաբնույթ խնդիրներով` 162 քաղաքացու, բուժման նպատակով` 97 քաղաքացու և ուսման վարձի վճարման համար` 104 քաղաքացու: Մենք հատկապես կարևորում ենք ուսանողների առաջադիմության խրախուսումը, քանի որ երիտասարդությունը մեր ապագան է, և մենք շահագրգիռ ենք գրագետ, ուսյալ երիտասարդություն ունենալ:
86 անհատական բնակելի տների սեփականատերեր անվճար հիմունքներով օրինականացրել են ավել օգտագործվող հողամասերը և դրանց վրա տարիներ առաջ կառուցված շինությունները և ստացել սեփականության վկայականներ: Օրինականացվել են քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հողի վրա կառուցված 18 ինքնակամ շինություններ, նվիրատվության կարգով սեփականաշնորհվել են բազմաբնակարան շենքերի 5 բնակարան, որոնց օգտագործողները չէին հասցրել օրենքով սահմանված ժամկետում օգտվել ապապետականացման մասին օրենքի ընձեռած հնարավորությունից: Շարունակել ենք կառուցվածքային փոփոխությունների միջոցով քաղաքապետարանի ստորաբաժանումների ինքնուրույնության մակարդակի բարձրացումը:

Աննախադեպ մեծ շուքով արդեն 4-րդ անգամ նշվեց Էջմիածնի տոնը, և մենք հստակորեն կատարեցինք մեր առջև դրված խնդիրը` ամեն տարի լրացնել տոնը նորանոր միջոցառումներով, լցնել այն նոր բովանդակությամբ: Հպարտությամբ նշեմ, որ քաղաքի տոնի հանդիսություններին մասնակցեցին նաև Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ովքեր ներկա եղան նաև հիմնանորոգված Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Հիմնանորոգումը հնարավոր էր դարձել հենց ՀՀ նախագահի միջամտությամբ: Այս գործի համար պետության աջակցությամբ ծախսվել է 136 մլն դրամ: Էջմիածնի տոնի օրը մեր քաղաքում բացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» ընկերակցության տնօրենների խորհրդի նիստը: Նիստը 4 օր շարունակ անցկացվեց մեր քաղաքում, ինչը մեծ պատիվ է ոչ միայն էջմիածնեցու եւ Էջմիածնի, այլեւ Հայաստան պետության եւ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Դա է պատճառը, որ խորհրդաժողովի բացումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Միջազգային այս խորհրդաժողովին մասնակցելու էին եկել պատվիրակություններ աշխարհի 10 պետությունից՝ քաղաքապետեր, փոխքաղաքապետեր տարբեր աշխարհամասերից: Էջմիածնի քաղաքապետարանը հիմնական ծրագրին զուգահեռ հոգացել է նաեւ խորհրդաժողովի օրերին օտարերկրյա պատվավոր հյուրերի ժամանցի կազմակերպման, մշակութային ծրագրերին նրանց մասնակցության մասին: Հյուրերին ուղեկցել ենք նաեւ Հայաստանի տեսարժան վայրեր: Ի դեպ, Էջմիածնում կայացած խորհրդաժողովի օրերին քաղաքապետարանի ուժերով պատրաստվեց եւ հրատարակվեց Էջմիածնի պատմությունն ու այսօրը ներկայացնող գրքույկ: Քաղաքապետարանը հրատարակել է նաեւ Էջմիածնի զբոսաշրջային քարտեզ-ուղեցույց: Ավելացել է Էջմիածնի քույր քաղաքների թիվը` ի դեմս Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի: Քաղաքապետարանի պատմաազգագրական թանգարանի մասնագետները ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում, որ մեր քույր քաղաքներից է, պատվով մասնակցել են ԱԴԻՏ ամենամյա գիտական կոնֆերանսին: Ի դեպ, մեր այս թանգարանը բարեխիղճ եւ երկարամյա աշխատանքի համար արժանացավ մշակույթի նախարարի մեդալին, իսկ Վանաձորում կայացած artexpo ցուցահանդեսում ստացավ առաջին մրցանակ` շահելով 300 000 դրամի դրամաշնորհ:
Քաղաքապետարանի ջանքերով 2012 թ. ընթացքում անցկացվել է 100 մշակութային միջոցառում, որոնց բացարձակ մեծամասնությունը` լուրջ, լայնամասշտաբ միջոցառումներ՝ Բանակի տոն, Հաղթանակի և խաղաղության տոն, Երկրապահի օր, մարտի 8 կամ ապրիլի 7: Առանձնահատուկ հիշատակման է արժանի Տյառնընդառաջի տոնը, որ միշտ էլ մեծ շուքով ենք նշում մեր քաղաքում: Բնակչության դրական արձագանքին է արժանացել մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին Էջմիածնի փողոցներում կանանց եւ աղջիկներին ծաղիկներ նվիրելու մեր նախաձեռնությունը:
Հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ ենք սկսել մշակույթի պալատում. տանիքի նորոգումից հետո անցել ենք շենքի ներսի նորոգմանը: Այս աշխատանքները ծրագրում ենք ավարտել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Էջմիածնեցին արժանի է շքեղ մշակույթի տուն ունենալ:
Մշակույթի տանը գործում է 8 ստեղծագործական խումբ, տարբեր ուղղվածության` ազգագրական, ժամանակակից, սպորտային և այլ պարախմբերում, երգչախմբերում ընդգրկված են մոտ 1200 երեխա: Մշակույթի տան խմբերից եւ դասավանդողներից մի քանիսն ունեն ՀՀ վաստակավորի եւ այլ կոչումներ:
Հիմնանորոգում է իրականացվել 16-րդ մանկապարտեզում: Այս ծրագիրն իրագործվել է քույր քաղաք Իսի Լե Մուլինոյի հետ համագործակցությամբ: Տանիքի նորոգման, լվացարանների թարմացման, զուգարանակոնքերի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ են կատարվել քաղաքի բոլոր մանկապարտեզներում: Կատարվել են նաև խմբասենյակների և խաղահրապարակների բարեկարգման աշխատանքներ, սանհանգույցների նորոգման աշխատանքներ: Սակայն, ֆունդամենտալ գործ եմ համարում քաղաքի 8 մանկապարտեզից հինգում ջեռուցման ժամանակակից համակարգերի անցկացումը: Մանկապարտեզներից չորսում դա հնարավոր եղավ պետբյուջեի աջակցությամբ, մեկում` համայնքային ծրագրերով: Նշված մանկապարտեզներն այս տարի արդեն ձմեռային արձակուրդից վերադարձան հունվարի 8-ից:
Տարեցտարի հետևողականորեն ավելացնում ենք քաղաքի ոռոգվող կանաչ տարածքները: 2012թ. կտրվածքով Էջմիածին քաղաքում ունենք 16.2 հա ոռոգվող կանաչ տարածք: Այս թվում 7.2 հեկտարը դեկորատիվ կանաչ տարածքներ են, քաղաքապետարանի կողմից սպասարկվող 4 խորքային հորեր (Պռոշյան, Մայիսյան, Կոմիտասի փողոցներում, Շոլոխով-Թորոմանյան խաչմերուկում) ոռոգում են բնակիչների 7.5 հա չափով հողատարածքներ: Եվս 1.5 հա կանաչ տարածքներ ենք հիմնել և մշտապես ոռոգում ենք իրականացնում քաղաքի 8 մանկապարտեզների բակերում: Տերյան փողոցի 1 հա տարածքում հիմնվել է նոր այգի: Շուտով կավարտենք այգու սալիկապատումը: Այգում աշխատանքները ծրագրում ենք ավարտել այս տարի:
Քաղաքի նոր գիշերային լուսավորության և մոնտաժման աշխատանքներ են կատարվել՝ Իսակով 800մ, Լոմոնոսով 800մ, Թումանյան-Պուշկին 500մ, Կարճիկյան փակուղի 100մ, նաև 2կմ նոր մոնտաժման աշխատանքներ Էջմիածին Զվարթնոց մայրուղում 13567.0հազ. դրամ ընդհանուր արժողությամբ: Թվով 172 բնակելի շենքերի բակերում անցկացրել ենք լուսավորություն, ինչը բացի քաղաքին գեղեցիկ, լուսավոր տեսք հաղորդելուց, մեծապես նպաստել է քաղաքում գիշերային գողությունների կտրուկ նվազմանը:
Կատարվել են 104.0 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգում է կատարվել քաղաքի՝ Վազգեն Ա 48, 48Ա, Իսակով փողոցներում, Երաժշտական դպրոցի բակում, Զվարթնոց թաղամասում: Այս նպատակով ծախսվել է 50 միլիոն դրամ: Իսկ մասնակի նորոգում, փոսալցման աշխատանքներ են կատարվել քաղաքի 30 փողոցներում. այս մասով էլ ծախսը եղել է ավելի քան 54 միլիոն դրամ:
Բարեկարգման աշխատանքներ են կատարվում այն շենքերի բակերում, որոնց բնակիչներն առավել պարտաճանաչ են քաղաքապետարանի նկատմամբ հարկային պարտավորությունները կատարելիս: Առաջիկայում ևս պարտաճանաչ քաղաքացիներին տարբեր մեթոդներով խրախուսելու ենք:
Աղբահանություն է կատարում 64 փողոցներից և 172 բազմաբնակարան շենքերից: Աղբահանությունը կազմակերպվում է արդեն 15 միավոր տեխնիկայի միջոցով. 2012-ին ձեռք է բերվել 1 աղբատար մեքենա, ձյուն մաքրող մեկ մեքենա եւ բեռնաուղեւորատար մեկ մեքենա: Պարբերաբար թարմացվում և ավելացվում են աղբարկղերը: 2012-ին դրանց թիվն ավելացել է 20-ով: Հաշվետու տարվա ընթացքում բազմաբնակարան շենքրում պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է 3330 քմ, իսկ քաղաքապետարանի միջոցներով` 1930 քմ տանիք: Տեղադրվել է 34 շքամուտքի դուռ: Ձմեռային սեզոնի համար մշտապես՝ դեռ ամռան վերջին, ձեռք է բերվում ավազի և տեխնիկական աղի անհրաժեշտ պաշար: Հաշվետու տարում սառցակալած տարածքների հալեցման և անցանելիության ապահովման նպատակով օգտագործվել է 16 750 կգ տեխնիկական աղ և 100 խմ խարամի ավազ:
Սպորտը նույնպես քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Այսօր մեր քաղաքի մարզադպրոցում 12 մարզաձևերի գծով ընդգրկված են մոտ 600 պատանի և աղջիկ, որոնց մարզում են 24 մարզիչ, որոնցից վեցը Հանրապետության վաստակավոր մարզիչներ են: Հաշվետու տարվա ընթացքում Էջմիածինը ներկայացնող տարբեր տարիքային խմբերի մարզիկներ հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել ինչպես Հանրապետական կարգի, այնպես էլ` միջազգային մրցաշարերում, այդ թվում` աշխարհի գավաթ, Եվրոպայի առաջնություն և այլն:
Հարգելի ներկաներ, ձեր համբերությունը չչարաշահելու համար, այսքանով սահմանափակեմ արված աշխատանքների թվարկումը. իրականում շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Նշեմ միայն, որ ինչ էլ արվել է, իմ և իմ ղեկավարած թիմի մտահոգությունը միակն է եղել` Էջմիածնին և էջմիածնեցուն ծառայելը: Երբ շփումներ ենք հաստատում որևէ քույր քաղաքի հետ, հիմքում, անշուշտ, հոգեհարազատության սկզբունքն է, սակայն, նաև մտածում ենք այնպես անել, որ այդ հարաբերությունը գործնական նշանակություն ունենա մեր քաղաքի համար, էջմիածնեցու համար: Եթե Հանրապետության ճանաչված լրատվամիջոցներով մեր կատարած աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ունենք, մենք չենք սահմանափակվում սոսկ քաղաքապետարանի աշխատանքների ներկայացմամբ, աշխատում ենք լուսաբանել նաև Էջմիածնի հանրության, այստեղ գործող կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթօջախների, մշակույթի օջախների առօրյան: Մեր բոլոր օղակների աշխատանքն ուղղված է նրան, որ էջմիածնեցին իրեն Էջմիածնում լավ զգա: Մեզ համար անչափ կարևոր է, որ էջմիածնեցին տեսնի, որ մենք չենք շեղվել «Մեր խոսքը մեր գործից չի տարբերվում» կարգախոսից: Այդ նշանաբանով եմ ես ինձ համար թիմ ընտրել: Ցավոք, եղել են առանձին գործընկերներ, որ չեն դիմացել աշխատանքային խիստ տեմպին, ներկայացվող խստապահանջության պայմաններում չեն կարողացել շարունակել աշխատանքը քաղաքապետարանում: Իսկ քաղաքապետարանի լավագույն աշխատակիցները, ովքեր լավագույնս են ծառայում մեր քաղաքին, խրախուսվել են: Խրախուսանքները եղել են և՛ դրամական, և՛ պատվոգրերի, շնորհակալագրերի տեսքով: Լավ աշխատողներն առաջիկայում ևս խրախուսվելու են: Ամփոփելով` նշեմ, որ մենք չենք մտածում, թե այլևս անելիք չունենք: Ճիշտ հակառակը: Մենք տեսնում ենք, որ արվածից դեռ տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի գործ կա անելու: Այդպես է, որովհետև, այն, ինչը երեկ ծանր աշխատանք էր թվում, այսօր, հաղթահարումից հետո, արդեն թվում է մանրուք, և մենք արդեն աստիճանաբար ավելի ու ավելի լուրջ ծրագրերի մասին ենք մտածում:
Հարգարժա՛ն էջմիածնեցիներ, միայն քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությամբ և տարիների տևական տքնանքով կունենանք մեր երազած Էջմիածինը: Մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ էջմիածնեցուն 2012 թվականի ընթացքում դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցության համար: Նախորդ տարի մեր հանրությունը 2 լուրջ քննություն հանձնեց: Առաջինը մայիսի 6-ի համապետական ընտրություններին մասնակցությունն էր: Մեր քաղաքը ցույց տվեց, որ ի զորու է ԱԺ օրինակելի ընտրություններ անցկացնել: Երկրորդ քննությունը սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունն էր, որի առիթով ես շնորհակալություն հայտնեցի խոսքիս հենց սկզբում: Չի բացառվում, որ արդեն այս տարի մեր քաղաքը լինի առաջինը մեր երկրում, որ օգտվի Սահմանադրությամբ երաշխավորված տեղական հանրաքվեի հնարավորությունից: Խոսքը քաղաքի անվան վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն, Էջմիածի՞ն, թե՞ Վաղարշապատ հարցի պատասխանն ստանալուն է վերաբերում: Հանրաքվեի գաղափարն, ի դեպ, հուշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ մենք նրան դիմեցինք, որ անվան շփոթը երբեմն բարդությունների առաջ է կանգնեցնում մարդկանց եւ հիմնարկ-ձեռնարկություններին:
Շնորհակալություն ուշադրության համար և բոլորիս մաղթում եմ բեղուն, աշխատանքներով, նորանոր նվաճումներով լի տարի:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: