Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2016

Ավելացվել է: 27-02-2017, 21:01 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 98 |
Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ.
Անդավաճան իմ սկզբունքին՝ հերթական անգամ ներկայանում եմ հանրությանը քաղաքապետարանի մեկ տարվա կատարած աշխատանքների բաց, հրապարակային հաշվետվությամբ։
Մինչ կոնկրետ թվերին անցնելը նկատեմ, որ 2016-ն առանձնահատուկ տարի էր երկու նկատառումով։ Նախ՝ ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։ Ապրիլյան պատերազմին, ինչպես դա եղել էր 1989-94-ի պատերազմի օրերին, բնակչության թվի համեմատությամբ, ամենաշատ կամավորականներ տվեց Էջմիածինը։ Ցավոք, զոհեր էլ ունեցանք։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ նախորդ պատերազմների հերոս նահատակների հիշատակը։
Լռության րոպե
Շնորհակալություն։ Խոսեցի ապրիլյան պատերազմի մասին։ Գոհունակությամբ նշեմ, որ 55 օր շարունակ, մի քանի հերթափոխով առաջնագծում էին նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները՝ պատասխանատու պաշտոնյաների գլխավորությամբ։ Ինքս այդ օրերին ղեկավարում էի երկրապահ կամավորականների Էջմիածնի գումարտակը։ Բնական է՝ դա չէր կարող որոշակիորեն բացասաբար չանդրադառնալ քաղաքապետարանի աշխատանքների ծավալի վրա։ Աշխատանքների տեսանկյունից անբարենպաստ ժամանակահատված էր նաեւ քաղաքապետի եւ ավագանու ընտրության նախընտրական քարոզարշավի շրջանը։ Այդ ժամանակահատվածում մենք ձեռնպահ էինք մնում շատ երեւացող աշխատանքներ կատարելուց, սոցիալապես անապահովներին օգնելուց, որպեսզի դա չմեկնաբանվեր որպես արգելված միջոցներով նախընտրական քարոզչություն։ Այդուամենայնիվ, հպարտությամբ մատնանշեմ, որ քաղաքապետարանը 2016-ի համար նախատեսված բոլոր աշխատանքները կատարեց եւ որոշակիորեն գերակատարեց տարեկան պլանը։ Հիմա արդեն անցնեմ փաստական տվյալներին։
2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 383մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։
Այժմ ոլորտ առ ոլորտ ուսումնասիրենք, թե ինչ նպատակներով են ծախսվել հավաքագրված միջոցները։

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
2016 թվականին վճարվել է 812,5 մլն դրամ աշխատավարձ։ Քաղաքապետարանի համակարգի 177 աշխատակից Ամանորի կապակցությամբ ստացել է 14 մլն 824 հազ 400 դրամ ընդհանուր գումարի չափով ֆին խրախուսանք։
Աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղվել է 320 հազար դրամ։
Ինչպես վերջին բոլոր տարիներին, 2016-ին եւս, լուրջ աշխատանքներ են կատարվել կապիտալ շինարարության ոլորտում։ Մասնավորապես, ըստ կատարողական ակտերի՝ 27մլն 407հազ 600 դրամ ծախսվել է Մշակույթի պալատի հիմնանորոգման համար, 14 մլն 400 հազար դրամ՝ թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման, մոտ 2 մլն դրամ՝ 2-րդ երաժշտական դպրոցի։ Քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվել է ջեռուցման համակարգ։
Հաշվետու տարվա ընթացքում ձեռք են բերվել համակարգիչներ, տպիչներ, արտաքին կոշտ սկավառակներ, անվտանգության համակարգեր, գրասենյակային գույք, օդորակիչ, մետաղապլաստե պատուհաններ, տեսախցիկ, այլ գույք քաղաքապետարանի համակարգի կառույցների համար։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ
Հաշվետու տարվա ընթացքում քաղաքապետարանը քաղաքացիներից ստացել է 1867 դիմում, եւս 2015 գրություն՝ տարբեր կազմակերպություններից։ Քաղաքապետի մոտ ընդունելության են եղել ավելի քան 1700 բնակիչ։ Սոցիալական տարբեր հարցերով ստացվել է 989 դիմում, որոնք բոլորն էլ բավարարվել են։ 590 ընտանիքի հատկացրել ենք վառելափայտ, ինչի համար ծախսել ենք մոտ 17մլն 427հազար դրամ։ 20մլն 081հազար դրամի օգնություն հատկացրել ենք 327 ընտանիքի, որից ուսման վարձ՝ 99 քաղաքացու, բուժման վճար՝ 149, այլ կարգի սոցիալական խնդիրներով՝ 79։ Բավարարել ենք նաեւ 72 բնակչի այլ բնույթի դիմումներ՝ արխիվային տեղեկանքի հատկացում, միջնորդագրեր եւ այլն։
Հաղթանակի օրվա եւ Ամանորի կապակցությամբ հայրենական պատերազմի վետերաններին տրվել է 470 000 դրամի ֆինանսական օգնություն։ Տարվա ընթացքում թվով 78 զոհված ազատամարտիկի ընտանիքի հատկացվել է 1մլն 560 հազար դրամի ֆինօգնություն։ Այս ընտանքիներին, նաեւ՝ թվով 16 վիրավոր ու սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանքիների հատկացվել է նաեւ 920 000 դրամի ֆինանսական օգնություն Ամանորի կապակցությամբ։ Շարունակել ենք հետեւողական աջակցության ցուցաբերումը ծերերի տանն ու «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը։ Տարվա ընթացքում այս հաստատություններին հատկացրել ենք 5,2 մլն դրամի սնունդ, ինչպես նաեւ՝ Ամանորի կապակցությամբ 310 000 դրամի օգնություն։
2016-ի ընթացքում 225 100 դրամի չափով հողի հարկի եւ գույքահարկի արտոնություն է տրվել 31 զոհված ազատամարտիկի ընտանիքի, Հայրենական մեծ պատերազմի թվով 7 վետերաններին էլ տրվել է 132 900 դրամի հարկային արտոնություն։ Հարկային արտոնություններ տրվել են նաեւ բարեխիղճ հարկատուներին՝ գույքահարկի գծով՝ 899 600 դրամի, հողի հարկի գծով՝ 1 420 600 դրամի։ Հողի հարկի գծով 2մլն 130հազ 800 դրամի արտոնություն էլ տվել ենք կարկուտից վնասված ցանքատարածքների 230 հողատերերի եւ 2 վարձակալած հողատիրոջ։ Արտոնություն կտրվի նաեւ այն քաղաքացիներին, ովքեր մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30-ը կդառնան բարեխիղճ հարկատու։

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս համակարգի բարեխիղճ աշխատանքով է պայմանավորված ինչպես սանիտարահիգիենիկ վիճակն, այնպես էլ՝ քաղաքի գեղագիտական տեսքը, գրավչությունը։
Այսօր աղբահանություն իրականացվում է 123 անուն փողոցներից եւ 184 բազմաբնակարան շենքերից։ Բացի այդ, օրական 2 անգամ իրականացվում է քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված 270 մեծ եւ 330 փոքր մետաղյա աղբարկղերի դատարկման եւ բեռնաթափման գործընթաց։ Շաբաթական 2 անգամ էլ մեր քաղաքապետարանի տեխնիկայով աղբահանություն է իրականացվում Մրգաստան, Շահումյան եւ Պտղունք գյուղական համայնքներում։ 2016-ին բնակկոմունալի տրանսպորտային պարկը համալրվել է 19 մլն դրամ արժողությամբ ՋԻՍԻԲ հատուկ էքսկավատորով։ Այսօր արդեն քաղաքում աղբահանությունը, մաքրման աշխատանքները կատարվում են 21 անուն հետեւյալ ինքնաթափերով եւ այլ մեքենաներով։
Տեսակը Քանակը
Զիլ -130 ինքնաթափ 9 հատ
Գազ-53 ԿՕ 430 5 հատ
Զիլ-130 ջրցան 2 հատ
Կամազ- 413 փոշեկուլ 1 հատ
ԴՏ-75 բուլդոզեր 1 հատ
ՋԻՍԲ Էքսկավատոր 1 հատ
Վազ 2101 1 հատ
Գազ 3102 1 հատ

Օրական տեղափոխվում է միջին հաշվով 220 տոննա աղբ։ Աղբահան տրանսպորտային միջոցների անխափան շահագործման համար 2016-ի ընթացքում ծախսվել է մոտ 68մլն դրամ։ Այս գումարը ներառում է վառելիքի, քսայուղերի եւ ավտոպահեստամասերի համար կատարված ծախսը։ 1մլն դրամից ավելի ծախսվել է նոր մետաղյա աղբամանների տեղադրման համար։ Ձնամաքրման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկական աղն ու խարամի ավազը մշտապես ունենում ենք հավելյալ չափաքանակներով։ 2016-ին այդ նպատակով օգտագործել ենք 1մլն 590հազար դրամ՝ ձեռք բերելով 380մխ ավազ եւ 15 տոննա տեխնիկական աղ։
Վերանորոգվել է 32 բազմաբնակարան շենքի՝ 8603մք տանիք, ինչի համար ծախսվել է ավելի քան 47 միլիոն դրամ։ Նշվածից 3384 մք-ի համար իրականացվել է բնական աղետից (կարկուտ եւ սաստիկ հողմ) վնասված տանիքների շինանյութի հատկացման գործընթաց. խոսքը վերաբերում է հետեւյալ հասցեներին՝ Մաշտոց 8շ 25բն, 30շ 40բն, Խորենացի 2շ 7-8բն, Բաղրամյան 18բն համատիրություն, Օրջոնիկիձե 25շ 4-5 մուտքեր, Կարճիկյան 1շ 13 եւ 15բն, Արագած 10շ 39բն, 3շ 3-րդ մուտք, 12շ 2-րդ եւ 4-րդ մուտքեր, Զվարթնոց 7շ 1-2 մուտքեր, 5ա շենքի 1-2 մուտքեր, 8շ 4-5 մուտքեր, 7շ 19բն: Իսկ 5219 մք-ում աշխատանքներն անմիջականորեն իրականացրել է մեր բնակկոմունալ վարչությունը։ Թվարկեմ նաեւ այս հասցեները՝ Ալավերդյան 3շ 24բն., Կոստանյան 1շ 35բն, 8շ առաջին մուտք, 5շենքի ջրհորդան, Պատկանյան 43շ, Մաշտոց 14շ 29-30բն,107շ 9բն, 67շ, 2-րդ մուտք, 110 շ 2-րդ մուտք, 109շ 1-ին մուտք, Սպանդարյան 28շ 24բն, Բաղրամյան 5շ 1-ին մուտք, Կոստանյան 1շ 13բն, Օրջոնիկիձե 25շ 2-րդ մուտք, Զվարթնոց 15շ 5-րդ մուտք, Չարենց 4շ 1-ին մուտք, թիվ 10 եւ թիվ 15 մանկապարտեզներ:
Բազմաբնակարան շենքերում տեղադրվել 10 հատ շքամուտքի դուռ, ինչի համար ծախսվել է 700 000 դրամ։
Կատարված աշխատանքն ակնառու է, այդ պատճառով էլ էջմիածնեցիները սիրահոժար են կատարում վճարումներ աղբահանության դիմաց։ 2016-ին հավաքագրումները կազմել են նախանշվածի 101 տոկոսը։
ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Թե՛ էջմիածնեցիները, թե՛ հյուրերը ամեն առիթով մատնացույց են անում, որ մեր սուրբ քաղաքը տարեցտարի առավել ու առավել բարեկարգ ու լուսավոր է դառնում, այս ոլորտում աշխատանքների ծավալն էլ աճում է։
Բարեկարգման բնագավառում մեր առաջնահերթ նպատակը ոռոգվող կանաչապատ տարածքների հետեւողական ավելացումն է։ Այսօր արդեն քաղաքում ունենք մշտապես ոռոգվող գրեթե 75 հեկտար կանաչապատ տարածք։ Կարեւորագույն խնդիր էր պաշտպանիչ անտառաշերտի հիմնումը։ Դա այլեւս իրականություն է, թեպետ ձեռք բերածով չենք բավարարվում: Արդեն իսկ տնկված 22 000 ծառերի թիվը բազմապատկելու նպատակ ունենք։ Շարունակում ենք նաեւ արվարձաններում այգիներ հիմնելու աշխատաոճը։ Չարենց, Տերյան, Զվարթնոց արվարձաններն ունեն բարեկարգ այգիներ, ուր աշխատանքները մշտապես շարունակելու ենք։ Արամ Մանուկյան թաղամասի այգին աստիճանաբար կայացնում ենք։ Մոտ 2 000 ծառ էլ տնկել ենք նոր հիմնված Սուրբ Մարիանե այգում եւ դեպի Ոսկեհատ տանող ճանապարհի երկու կողմերում: Շարունակում ենք մեր քաղաքը վերածել ծաղկաստանի։ Ծաղկասածիլներ տեղադրել ենք ամենուրեք։ Միայն Կենտրոնում, Կամո եւ Պատկանյան փողոցներում 2016 թվականին տեղադրել ենք 120 000 ծաղկասածիլ։
Մշակույթի պալատի հարեւան տարածքում Սուրբ Մարիանե այգի ենք հիմնել, որում աշխատանքները դեռ շարունակելու ենք։ Նախկինում չոր, անապատային այս տարածքը արդեն վերածվել է սիրելի զբոսավայրի։ Այստեղ խոտածածկ է տեղադրվել, անցկացվել է ոռոգման համակարգ, լուսավորություն, տեղադրվել են նստարաններ, հիմնել ենք 2 խաղահրապարակ՝ խաղային հարմարանքներով։ Այս աշխատանքների համար օգտագործվել է մոտ 6մլն դրամ։ Քանի որ խոսեցի խաղահրապարակների մասին, նշեմ, որ մեկ կոմպլեկտ խաղային հարմարանքներ, ճոճանակ, սահարան տեղադրվել է Չարենց 31 շենքի բակում։ Եվս մեկ կոմպլեկտ ձեռք ենք բերել, որ կտեղադրվի եղանակային պայմանների փոքր-ինչ մեղմացման պահին։
11 189,18 մք տարածքի մասնակի ասֆալտապատման համար ծախսել ենք մոտ 72մլն դրամ։ Համարյա նույնքան գումար էլ օգտագործել ենք 8 076,85մք տարածքի կապիտալ ասֆալտապատման համար։ Հիմնական կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ կատարել ենք Վազգեն Ա, Բաղրամյան, Սպանդարյան, Պուշկին փողոցներում, Պետրոզավոդսկ-Միչուրին խաչմերուկում, Դանղյան-Թումանյան խաչմերուկում, Նալբանդյան փակուղում, Մշակույթի պալատի հարակից այգում: Ընդհանուր առմամբ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել քաղաքի 26 փողոցներում եւ 44 բազմաբնակարան շենքերի բակերում: Բաղրամյան եւ Վազգեն Ա փողոցների, ինչպես նաեւ Մաշտոց փողոցի Անմար կրակի շրջակայքի բազմաբնակարան շենքերի բակերը եւ միջակա ճանապարհները գրեթե ամբողջությամբ ասֆալտապատվել են՝ մոտ 97 տոկոսով:



Փողոցի անվանումը Հասցեները

Վազգեն Առաջին
Ջրահեռաման համակարգի կառուցում
38 շենքի բակ 2 կողմանի
40 շենքի բակ
41ա շենքի բակ
41 բ շենք մանկապարտեզի հետնամաս տանող ճանապարհ մինչեւ 47 շենք
41 շենքի բակ
41-շենքի հետնամաս
43 շենք
43ա շենքի բակ
45 շենքի բակ
4 շենքի բակ
6 շենքի բակ

Մաշտոց 61 շենքի բակ
63 շենքի բակ
65 շանքի բակ
67 շենքի բակ
Մշակույթի պալատի այգի


Բաղրամյան
24 շենքի բակ
Պուշկին խաչմերուկից մինչեւ Կոմիտաս փողոց
Մինչեւ 1-ին դպրողի մայթ

Հ. Դանղյան Դանղյան-Թումանյան խաչմերուկից մինչեւ Վազգեն Առաջին

Սպանդարյան Վազգեն Առաջին խաչմերուկից մինչեւ Վազգեն Առաջին փակուղի
Ծննդատան մուտքի դիմաց

Պուշկին ամբողջությամբ
Պետրոզավոդսկ մինչեւ Միչուրին խաչմերուկ
Նալբանդյան 1-ին փակուղի
Արագածի զանգված 1/1 շենքի բակ տանող հատված
Դ/հորի նոր., աղացած ասֆալտ, հարթեցում

Տերյան փողոցի մարզահամալիրի շինարարական աշխատանքները շարունակվել են։ Սա առնվազն մեր մարզի համար աննախադեպ համալիր է դառնալու, ուստի չափազանց լուրջ ենք վերաբերվում դրա հետ կապված ցանկացած խնդրի։ Սպորտհամալիրը ջրով ապահովելու համար ամբողջական համակարգ ենք կառուցել՝ գնել-տեղադրվել է պոմպ եւ անցկացվել է խողովակ Խորենացի փողոցի խորքային հորից։ Սա արժեցել է 2մլն790հազ դրամ։ Այսպիսով մարզահամալիրի, դրան կից մարզադաշտի եւ լողավազանի ջրամատակարարումն ապահովել ենք:
Նոր գիշերային լուսավորություն է անցկացվել թվով 31 փողոցներում՝ Պետրոզավոդսկ, Պուշկին, Սպանդարյան, Դանղյան փողոցներում, Վազգեն Ա փողոցի վերջնամասում, Լիսիցյան, Կոստանյան փողոցների վերջնամասերում, Նալբանդյան, Հակոբյան փակուղիներում, Ալավերդյան փողոցի սկզբնամասում եւ Զվարթնոց թաղամասի թվով 12 փողոցներում։ Այս աշխատանքների համար ծախսել ենք 1մլն 369հազ 100 դրամ։ Այսօր արդեն Էջմիածնում ունենք լիարժեք լուսավորվող 72 փողոց։ Նախատեսում ենք 2017 թվականին լուսավորվող փողոցների թիվը հասցնել 120-ի՝ ներառյալ փակուղիները, այսինքն՝ միայն այս տարի արտաքին լուսավորություն ենք անցկացնելու Էջմիածնի 33 փողոցներում եւ 15 փակուղիներում: Քաղաքի լուսավորվող փողոցներում հին տիպի լուսամփոփները փոխարինվել են ժամանակակից էներգախնայող լուսադիոդային լամպերով։ 2 100 հատ նման լամպի տեղադրման համար ծախսել ենք 60մլն 050հազ 400 դրամ։ Դրա շնորհիվ հունիս-դեկտեմբեր ամիսներին էլեներգիայի ծախսը նվազել է 16մլն դրամով։ Փողոցների արտաքին լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսի մեջ մենք տնտեսում ենք գրեթե 80 տոկոս: Սա նշանակում է, որ լամպերի ձեռքբերման համար օգտագործած գումարը, հաշվի առած նաեւ այն ծախսը, որ անելու ենք այս տարի՝ նոր էներգասպառող լամպեր գնելու համար, խնայողության հաշվին, կփոխհատուցվի երկուսուկես տարում:
2մլն դրամից մի քիչ ավելի ծախսել ենք Մաշտոցի փողոցում յուրահատուկ տեսքի՝ անձրեւանոցով կանգառի կառուցման համար։ Սա հետաքրքրություն է առաջացրել ամբողջ Հանրապետությունում, եւ մենք մտադիր ենք առաջիկայում եւս հետաքրքիր լուծումներով կանգառներ տեղադրել։
Արամ Մանուկյան այգում հորատվել է խորքային հոր, տեղադրվել է պոմպ, համապատասխան մալուխներ են անցկացվել։ Սա արժեցել է 1մլն 802 հազ 400 դրամ։ Վազգեն Ա - Մաշտոց հատվածից մինչեւ Նալբանդյան փողոց ջրհեռացման համակարգ է անցկացվել, ծախսվել է ավելի քան 9մլն դրամ։
Ազատամարտիկների պանթեոնում վերանորոգման աշխատանքներ ենք կատարել՝ 4մլն 455հազ 500 դրամ ընդհանուր ծավալի չափով։
Պարբերաբար կատարվել նաեւ սեզոնային աշխատանքներ, լուսացույցերի, խոտհնձիչների, ջրավազանների, շատրվանների, ոռոգման համակարգերի, պոմպերի եւ այլնի նորոգման, պրոֆիլակտիկ զննման աշխատանքներ, որոնք մանրամասն թվարկելու համար ժամանակը չի բավականացնի։

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սրանք այն ոլորտներն են, որ մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Էջմիածինն աշխույժ մշակութային կյանքով է ապրում։ Տարվա ընթացքում այստեղ իրականացվել է շուրջ 210 մշակութային միջոցառում, որոնց մեծ մասը՝ խոշորամասշտաբ ծրագրեր։ Ամանորի տոնական ձեւավորումը, Տրնդեզի տոնի նշումը, Էջմիածնի տոնի նշումը այն միջոցառումներն են, որոնց մասին ողջ տարվա ընթացքում խոսում են ոչ միայն էջմիածնեցիները, այլեւ ամբողջ Հանրապետության բնակչությունը: Այս փաստով հպարտանում է յուրաքանչյուր էջմիածնեցի։ Այս տարի հատկապես մեր քաղաքի հյուրերի ուշադրությանն էր արժանանում Կոմիտասի անվան հրապարակի կենտրոնում տեղադրված տոնածառը, որը, շատերի խոստովանությամբ, լավագույնն էր Հանրապետությունում։ 2016-ին մեծ շուքով, բազմաբնույթ միջոցառումներով նշել ենք ՀՀ անկախության 25-ամյակը: Մշակութային միջոցառումներ անցկացվում են ողջ տարվա ընթացքում եւ անընդհատ: Որպեսզի շատ չմանրամասնեմ, նշեմ, որ Կոմիտասի, Հովհաննես Հովհաննիսյանի Չարենցի, Թումանյանի տարեդարձերը մշակութային միջոցառումներով նշելը նույնպես հստակորեն արմատավորված ավանդույթ է։ Տոնեցինք Էջմիածին քաղաքի 2 701-ամյակը։ Եռօրյա միջոցառումները դարձյալ բազմաբնույթ եւ բազմաբովանդակ էին։ Տոնի շրջանակներում բացի համերգային, խաղային, մարզական միջոցառումներից ու շքերթից, ավանդույթի համաձայն, նաեւ բացման արարողություններ կատարվեցին։ Ընդգծեմ միայն Տիգրան Մեծի արձանի բացումն ու Սուրբ Մարիանե այգունը։
Արդեն ասվեց, որ հաշվետու տարվա ընթացքում մշակույթի եւ կրթության օջախների հիմնանորոգում ենք ունեցել՝ 2-րդ երաժշտական դպրոց, 11-րդ մանկապարտեզ, Մշակույթի տուն։ Կոմիտասի անվան Մշակույթի պալատում ազգագրական, ժամանակակից, սպորտային եւ այլ պարախմբերում, երգչախմբերում ընդգրկված են 1 200-ից ավելի երեխա, որոնց մենք փաստացի կարողացել ենք ինտեգրել մշակութային կյանքին:
Մշակութային ծրագրերից հիշատակման են արժանի տաք սեզոնին կազմակերպվող համերգային ժամանցային ծրագրերն ու քաղաքապետարանի հարակից այգում բաց կինոդիտումների կազմակերպումը բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին։ Սա էջմիածնեցու առօրյան հագեցնող մշակութային, սոցիալական ծրագիր է՝ մեր քաղաքի բնակչությունը, առանց գումար վճարելու, արվեստին հաղորդակցվելու հնարավորություն է ստանում։
Տասնյակ միջոցառումներ են իրականացրել երաժշտական դպրոցները, այս հաստատությունների սաները նաեւ հաջողություններ են ունեցել Հանրապետական, երբեմն էլ՝ միջազգային մրցույթներում։
2016-ին ակտիվ են եղել նաեւ Էջմիածնի թանգարանները։ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում եւ պատմաազգագրական թանգարանում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ։ Այս թանգարանները մասնակցել են նաեւ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը։ Պատմաազգագրական թանգարանում նաեւ նոր ցուցանմուշներ են ձեռք բերվել։
Կենտրոնական գրադարանի համակարգչային ուսուցման կենտրոնի անվճար ծառայություններից օգտվել են հարյուրավոր քաղաքացիներ` ազատամարտիկների ընտանիքների անդամներ, սոցիալապես անապահովներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: Գրադարանի գրքային ֆոնդը 2016-ին եւս հարստացել է։ Մշակույթի նախարարությունից գրադարանը նվեր է ստացել 2 համակարգիչ, 1 բազմաֆունկցիոնալ տպիչ, 66 կտոր գույք եւ 233 միավոր գիրք։ 500 000 դրամ արժողությամբ 200 կտոր գիրք գրադարանների համար ձեռք ենք բերել համայնքային բյուջեով: Եվս 9 միավոր գիրք ինքս եմ նվիրել գրադարանին փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը։ Ամանորի կապակցությամբ եւս գրադարանին նվիրել եմ մեկ արկղ գրականություն, որ ինձ նվիրել էր ծնունդով էջմիածնեցի բանաղտեղծ Մերուժան Հովհաննիսյանը: Մեր գրադարանին 238 միավոր գիրք նվիրել է Արմավիրի մարզային գրադարանը, 34 միավոր գիրք՝ Արմեն Ռաֆիկի Մուրադյանը։ Այսօր արդեն Էջմիածնում գործող 7 գրադարանների գրքային ֆոնդը մոտ 269 հազար է։ Գրադարաններում կազմակերպվել են հանդիպումներ, գրքերի քննարկումներ, մեծարման միջոցառումներ։
Կարեւորագույն ոլորտներից մեկին անդրադառնանք։ Քաղաքի 8 մանկապարտեզներում հսկողությունն ու վերահսկողությունը ծայրաստիճանի խիստ է, քանի որ գործ ունենք մինչեւ 6 տարեկան երեխաների հետ։ Բազմատեսակ որակյալ սնունդը, մանկապարտեզների մաքրությունը միշտ բարձր մակարդակի վրա են։ Ծնողկոմիտեների միջոցով անմիջական վերահսկողություն են սահմանում նաեւ երեխաների ծնողները։ Ինչ վերաբերում է թվական տվյալներին, ապա քաղաքի 8 մանկապարտեզում 2016-ին ունեցել ենք ավելի քան 1200 երեխա։ Այս բոլոր երեխաներն էլ Ամանորի կապակցությամբ տոնական համերգների ժամանակ նվերներ են ստացել քաղաքապետարանից։ Հունիսի վերջին էլ մանկապարտեզն ավարտող ավելի քան 300 սանի դպրոց ենք ճանապարհել՝ Մշակույթի պալատում անցկացված մեծ միջոցառմամբ եւ նվերներով։ Եթե տարիներ առաջ մեր մանկապարտեզների բակերը տափաստանների էին նման, ապա այսօր ամենուր ծաղիկներ են, դեկորատիվ եւ պտղատու ծառեր։ Հիմնանորոգման, մասնակի նորոգման, տարաբնույթ աշխատանքներ կատարվել են բոլոր մանկապարտեզներում, բոլոր տեղերում նաեւ կահույք կամ խոհանոցային գույք է ձեռք բերվել։ Արդեն նշվեց, որ 11-րդ մանկապարտեզը հիմնանորոգվել է։ տանիքների ամբողջական կամ մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել մի շարք մանկապարտեզներում։ Կատավել են սանհանգույցների եւ այլնի նորոգման աշխատանքներ։
Քաղաքը մշակութային միջոցառումներով մասնակցել է հայոց Մեծ եղեռնի տարելիցի, Մեծ հայրենականում տարած հաղթանակի տարեդարձի, Երկրապահի օրվա, Անկախության 25-ամյակի եւ այլ ծրագրերի։
Կրթության եւ մշակույթի համակարգի լավագույն աշխատակիցներն ու ներկայացուցիչները տարվա ընթացքում տարբեր առիթներով արժանացել են դրամական խրախուսանքի։

ՍՊՈՐՏ
Մենք կարեւորում ենք ինչպես հաջողությունները մեծ սպորտում, որ նպաստում է մեր քաղաքի, մեր պետության համբավի բարձրացմանը, այնպես էլ ֆիզկուլտուրան, մանկապատանեկան սպորտը, որ նպաստում է առողջ սերունդ աճեցնելուն: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում է առողջ հոգի:Երկու ուղղությամբ էլ 2016-ին հաջողություններն ակնառու են եղել։
Այսօր Էջմիածնի մարզադպրոցում գործում են 13 մարզաձեւերի մոտ 50 խմբեր, որոնցում ընդգրկված են 705 մարզիկ։ Նրանց հետ աշխատում են 24 մարզիչ, որոնցից 6-ը՝ ՀՀ վաստակավոր մարզիչներ, չորսը՝ սպորտի վարպետներ։ 2016-ը նույնպես էջմիածնեցի մարզիկների համար Հանրապետական եւ միջազգային մրցասպարեզներում հաջողությունների տարի էր։ Մեր մարզիկները տարբեր որակի 32 մեդալ են նվաճել մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հանրապետական առաջնություններում, իսկ միջազգային մրցաշարերում՝ 4 մեդալ։ Արդեն որերորդ անգամ այս դահլիճում անհրաժեշտություն է լինում հատուկ հնչեցնել ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի անունը։ Սիմոնը արծաթե մեդալի արժանացավ Ռիո դե Ժանեյրոյում՝ օլիմպիական խաղերի ժամանակ։ Նա մարզական ամենաբարձր մակարդակի մրցաշարում բարձր պահեց ոչ միայն մեր քաղաքի, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության պատիվը։ Եկեք ծափահարենք Սիմոնին եւ օլիմպիական խաղերում անարդար մրցավարության պատճառով ոսկե մեդալից զրկված Միհրան Հարությունյանին, ով նույնպես մեր քաղաքի ծնունդ է, որի ուժի գաղտնիքն էլ, հավանաբար, այս սուրբ հողից սնուցում ստանալն է եղել։ Հաշվետու տարվա ընթացքում աչքի ընկած մոտ 100 մարզիկի եւ մարզչի խրախուսանքների ենք արժանացրել, այդ թվում` 11 մարզիկի եւ 6 մարզչի` ֆինանսական խրախուսանքի` 1մլն 260 հազար դրամ ընդհանուր գումարի չափով։
Տարվա ընթացքում Էջմիածնում անցկացվել են լայնամասշտաբ մարզական տասնյակ միջոցառումներ, որոնցից առավել հիշատակման են արժանի ազգային մարզաձեւերի փառատոնը, օլիմպիականի օրվան, աթլետիկայի օրվան նվիրված միջոցառումները, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան մրցաշարը, Զոհված ազատամարտիկների հուշամրցաշարը եւ այլն:

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ
Ակտիվորեն շարունակել ենք շփումները քույր քաղաքների հետ՝ ինչպես արտերկրի, այնպես էլ՝ Արցախի Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների։ Այս տարածքների ազատագրման եւ ինքնապաշտպանության մարտերին ծանրակշիռ մասնակցություն է ունեցել էջմիածնեցին, եւ այսօր էլ մեր պարտքն ենք համարում տվյալ տարածքների զարգացմանը հնարավորության սահմաններում աջակցելը։ Մասնավորապես օգոստոսին դեպի Արցախ ԵԿՄ ուխտագնացության ժամանակ այդ տարածքների դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին նվիրել ենք գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ։ Էջմիածնում ընդունել ենք Արցախի տարբեր շրջանների աշակերտների պատվիրակությանը, ուղեկցել նրանց մեր քաղաքի թանգարաններ, ճարտարապետական հուշարձանների մոտ։
Արտերկրի քաղաքների հետ գործակցության օրինակով մշակութային փոխանակման ծրագրեր ենք սկսել Ալավերդի քաղաքի հետ։ Կազմակերպվել է էջմիածնեցի նկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն Ալավերդիում եւ ալավերդու նկարիչների ցուցահանդես Էջմիածնում։ Երկու քաղաքների եւ «Արփինետ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, որն այս տարի կամրապնդվի պայմանագրով։
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովի նիստերից մեկի նախագահումը վստահված էր Էջմիածնի քաղաքապետին։ Համաժողովի շրջանակներում Էջմիածնում եւս ընդունեցինք Ֆրանսիայի պատվիրակությանը։ Հաշվետու տարում ընդունել ենք նաեւ մեր քույր քաղաք Իսի լե մուլինոյի SPFA ակումբի ներկայացուցչությանը։
Հետաքրքիր գործակցություն ունենք Ճապոնիայի դեսպանատան հետ։ Քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է իկեբանայի վարպետության դաս եւ թեյախմության արարողություն։ Նույն այս դահլիճում կազմակերպված ճապոնական «Հայրենիք» ֆիլմի ցուցադրությանը ներկա էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին։
Պաշտոնական փոխայցեր են եղել Էջմիածնի եւ Վրաստանի հոգեւոր կենտրոն Մցխեթայի պատվիրակությունների միջեւ։ Քաղաքների միջեւ գործող հուշագիրն ամրապնդվել է համագործակցության պայմանագրով։

ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ
Հաշվետու տարվա ընթացքում հստակորեն աշխատել են քաղաքապետարանի բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները։ Որպեսզի ներկաների համբերությունը շատ չչարաշահեմ, թռուցիկ թվարկեմ եւս մի քանի կարեւոր արդյունք, որ ստացվել է քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ։
Քաղաքացիներին, այդ թվում՝ սոցիալապես անապահով էջմիածնեցիներին, քաղաքապետարանի մասնագետները ցուցաբերել են անվճար իրավաբանական աջակցություն, խորհրդատվություն։
Զավթած հողամասերի ու բնակելի նշանակության ինքնակամ շինությունների անհատույց օրինականացման103 որոշում ենք կայացրել։ Եվս 34 քաղաքացու հնարավորություն ենք տվել օրինականացնել ինքնակամ շինությունները։ Հատկացվել է թվով 46 շինթույլտվություն։ Շուկայականից ցածր գներով հողօգտագործողներին տրամադրվել է 210 տոննա ազոտական, 25-ական տոննա կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութ։
Շարունակում ենք կատարելագործել քաղաքապետարանի ejmiatsin.am պաշտոնական կայքը։ Կայքն արդեն լիարժեք գործում է երեք լեզվով։ Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն, որ կայքի, նաեւ՝ ֆեյսբուքյան էջի միջոցով հստակ աշխատում է էջմիածնեցու հետ հետադարձ կապը։ Ի դեպ, կապն աշխատում է տարբեր խողովակներով։ Էջմիածնի քաղաքապետարանի թեժ գիծը՝ 5-27-27 հեռախոսահամարով, հասանելի է գիշեր, թե ցերեկ։ 2016 թվականից արդեն Էջմիածին քաղաքի համայնքային ավագանու նիստերը ուղիղ հեռարձակվում են։ Հեռարձակմանը հնարավոր է հետեւել մեր պաշտոնական կայքի միջոցով։ Մշտապես պատրաստակամ ենք մեր ռեսուրսները, հնարավորություններն օգտագործել ամբողջ քաղաքի խնդիրների լուծման համար։ Մեր լրատվության բաժինն, օրինակ, սիրահոժար լուսաբանում եւ մարզային, անգամ՝ Հանրապետական լրատվամիջոցներով հրապարակումներ է երաշխավորում նաեւ Էջմիածնի հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ձեռնարկների, գործունեության վերաբերյալ։
Հաշվետու տարվա ընթացքում շարունակել ենք նաեւ քաղաքապետարանի աշխատակազմը համալրել առավել արհեստավարժ կադրերով, շարունակաբար ջանքեր ենք թափել աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ։

ՎԵՐՋԱԲԱՆ
Ամփոփելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, որ ներկայացրի թվերի լեզվով, գոհունակությամբ արձանագրեմ, որ քաղաքապետարանի գործունեությունը դրական գնահատականի է արժանացել նաեւ պետական, հասարակական տարբեր կառույցների եւ որ ամենակարեւորն է՝ էջմիածնեցիների կողմից։ Մեր երազանքների Էջմիածինը կառուցելու համար շարունակելու ենք սերտորեն համագործակցել թե՛ մեր քաղաքի բնակչության հետ, թե՛ պետական եւ տարածքային կառավարման մարմինների։ Շարունակելու ենք գործակցության խորացումը պետության եւ Մայր աթոռ Սուրբ էջմիածնի հետ։
2017-ն էլ պատասխանատու տարի է։ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններից հետո առաջին անգամ մեր երկրում կայանալու են նոր կարգավիճակի Ազգային Ժողովի ընտրություններ։ Այսուհետ խորհրդարանը ոչ միայն բարձրագույն օրենսդիր մարմին է, այլեւ դառնալու է պետության բարձրագույն մարմինը, եւ անչափ կարեւոր է, որ էջմիածնեցիներն ակտիվորեն մասնակցեն ընտրություններին ու գիտակցված ընտրություն կատարեն։ Մեր ձեռքով կերտենք մեր ճակատագիրը, որ հետո այլոց չմեղադրենք։ Ես առավել քան վստահ եմ, որ մեր քաղաքում ընտրությունները կազմակերպված եւ օրինական հունով կընթանան։
Հարգելի՛ էջմիածնեցիներ, դուք ունեք ցանկացած հարցով քաղաքապետարան դիմելու, ձեր առաջարկներն ու դժգոհությունները ներկայացնելու բազում խողովակներ՝ ընդունելություն քաղաքապետի մոտ, հանդիպումներ քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, քաղաքապետին կից ուսանողական, մշակութային, այլ մասնագիտական խորհուրդներ, հետադարձ կապ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, շփումներ սոցիալական ցանցերում եւ իհարկե՝ շուրջօրյա գործող քաղաքապետարանի թեժ գիծը՝ 5-27-27 հեռախոսահամարով։ Դիմեք քաղաքապետարանի իրավասության շրջանակներում գտնվող ցանկացած հարցով՝ առանց վարանելու կամ երկմտելու։
Այսքանով, հարգելի՛ ներկաներ, թույլ տվեք զեկույցն ավարտել եւ ամենքիս ցանկալ աշխատանքային բարձր տրամադրություն։ Մեզ դեռ շատ գործեր են սպասում։ Հապաղելու իրավունք չունենք։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: