Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2014

Ավելացվել է: 16-04-2015, 11:04 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |

Հարգելի՛ ներկաներ, գործընկերներ, էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր։
Չխախտելով քաղաքը ղեկավարելու տարիներին իմ ձեւավորած ավանդույթը՝ դարձյալ քաղաքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում եմ բաց հրապարակային։ Այսօր այս դահլիճում ներկա են Էջմիածնի հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ի վերջո՝ բոլոր նրանք, ովքեր կամեցել են անմիջականորեն ունկնդրել քաղաքապետի տարեկան զեկույցը։ Հաշվետվության ներկայացումից հետո ես կպատասխանեմ ներկաներին հետաքրքրող ցանկացած հարցի, իսկ առայժմ թույլ տվեք անցնել բուն պարտականությանս կատարմանը։
Եվ այսպես։ 2014 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 111,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 208մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 346մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 126,4 տոկոսով։
Այժմ ոլորտ առ ոլորտ ուսումնասիրենք, թե ինչ նպատակներով են ծախսվել հավաքագրված միջոցները։



ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Վճարվել է 699,3 մլն դրամ աշխատավարձ։ 106 աշխատակցի համար կնքվել է բժշկական կամավոր ապահովագրության պայմանագիր։ Այդ նպատակով քաղաքապետարանը փոխանցել է 13,5 մլն դրամ։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցման կապակցությամբ 2014թ. ընթացքում քաղաքապետարանի 217 աշխատակցի հատկացվել է 14 մլն դրամի չափով սոցիալական հավելավճար։ Աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղվել է մոտ մեկ միլիոն դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում ձեռք են բերվել նոր՝ թվային տեսախցիկ, համակարգիչներ, տպիչներ, արտաքին կոշտ սկավառակներ, շարժական բեմ։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ
Հաշվետու տարվա ընթացքում քաղաքապետարանը քաղաքացիներից ստացել է 2105 դիմում, եւս 1686 գրություն՝ տարբեր կազմակերպություններից։ Քաղաքապետի մոտ ընդունելության են եղել ավելի քան 1500 բնակիչ։ Սոցիալական տարբեր հարցերով ստացվել է 958 դիմում, որոնք բոլորն էլ բավարարվել են։ 600 ընտանիքի հատկացրել ենք վառելափայտ, ինչի համար ծախսել ենք 16մլն 585հազար դրամ։ 16մլն 342հազար դրամի օգնություն հատկացրել ենք 225 ընտանիքի, որից ուսման վարձ՝ 60 քաղաքացու, բուժման վճար՝ 92, այլ կարգի սոցիալական խնդիրներով՝ 73։ Բավարարել ենք նաեւ 133 բնակչի այլ բնույթի դիմումներ՝ արխիվային տեղեկանքի հատկացում, միջնորդագրեր եւ այլն։
Հաղթանակի օրվա եւ Ամանորի կապակցությամբ հայրենական պատերազմի վետերաններին տրվել է 450 000 դրամի ֆինանսական օգնություն։ Տարվա ընթացքում թվով 76 զոհված ազատամարտիկի ընտանիքի հատկացվել է 1մլն 520 հազար դրամի ֆինօգնություն։ Եվս 910 000 դրամի ֆինանսական օգնություն եւ մեկ միլիոն դրամի սննդամթերք Ամանորի կապակցությամբ հատկացվել է 75 զոհված ազատամարտիկի ընտանիքների, 12 վիրավոր ազատամարտիկի եւ ազատամարտի 4 մասնակցի։ Արագածի զանգվածի ծերերի տան բնակիչներին ապրիլի 7-ի եւ Ամանորի կապակցությամբ հատկացրել ենք 180 000 դրամի օգնություն։ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ էլ 600 000 դրամի օգնություն ենք հատկացրել 100 տարին լրացած 6 տարեցի։ Ի դեպ, շարունակել ենք հետեւողական ջակցության ցուցաբերումը ծերերի տանն ու «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը։ Տարվա ընթացքում այս հաստատություններին հատկացրել ենք 4,4 մլն դրամի սնունդ, ինչպես նաեւ՝ ապրիլի 7-ի կպակցությամբ դրամական օգնություն ենք հատկացրել «Մեր տունը» կազմակերպության սաներին։

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սա անչափ կարեւոր ոլորտ է, քանզի քաղաքի մաքրությունը կարեւոր է մի քանի տեսանկյունից՝ սկսած գեղագիտական նշանակությունից մինչեւ սանիտարահիգիենիկ վիճակ։
Այսօր աղբահանություն իրականացվում է քաղաքի 64 անուն փողոցներից։ Բացի այդ, օրական 2 անգամ իրականացվում է քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված 250 մեծ եւ 315 փոքր մետաղյա աղբարկղերի դատարկման եւ բեռնաթափման գործընթաց։ Շաբաթական 2 անգամ էլ մեր քաղաքապետարանի տեխնիկայով աղբահանություն է իրականացվում Մրգաստան, Շահումյան եւ Պտղունք գյուղական համայնքներում։
Աղբահանությունն իրականացվում է 14 միավոր ինքնաթափերի միջոցով։ Օրական տեղափոխվում է միջին հաշվով 210 տոննա աղբ։ Աղբահան տրանսպորտային միջոցների անխափան շահագործման համար 2014-ի ընթացքում ծախսվել է մոտ 70մլն դրամ։ Այս գումարը ներառում է վառելիքի, քսայուղերի եւ ավտոպահեստամասերի համար կատարված ծախսը։ 1մլն 380հազար դրամ ծախսվել է 27 մեծ եւ 30 փոքր նոր մետաղյա աղբամանների տեղադրման համար։ Ձմռան նախապատրաստման աշխատանքների շրջանակներում էլ ձեռք է բերվել 300 000 դրամի 100 խմ խարամի ավազ եւ 450 000 դրամի՝ 15 տոննա տեխնիկական աղ։
Վերանորոգվել է 11 բազմաբնակարան շենքի՝ 2824քմ տանիք, ինչի համար ծախսվել է 20 միլիոն դրամից ավելի։ Բացի կատարված աշխատանքից, ավելի քան 19 մլն դրամ գումարի չափով տանիքաշինության համար շինանյութ ենք ձեռք բերել՝ 2015-ին աշխատանքները շարունակելու համար: 5 բազմաբնակարան շենքերում տեղադրվել են շքամուտքի դռներ։ Թերեւս կատարված աշխատանքն ակնառու է, այդ պատճառով էլ էջմիածնեցիները սիրահոժար են կատարում վճարումներ աղբահանության դիմաց։ 2014-ին հավաքագրումները կազմել են նախանշվածի 107 տոկոսը։



ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Օբյեկտիվ հայացքով գնահատող ցանկացած ոք էլ կփաստի, որ Էջմիածինը տարեցտարի առավել ու առավել բարեկարգ ու լուսավոր է դառնում, այս ոլորտում աշխատանքների ծավալն էլ աճում է։
Ամբողջ տարվա ընթացքում քաղաքի 53 լուսավորված փողոցների 1812 լուսատուների կողմից գիշերային լուսավորության համար ծախսվել է 1 346 563 կվտ էլ. էներգիա՝ 50 938 840 հազար դրամ:
Իսկ ոռոգման ջրի խորքային հորերի համար ծախսվել է 154 740 կվտ էլ. Էներգիա՝ 6 475 800 հազար դրամ:
Բարեկարգման բնագավառում մեր առաջնահերթ նպատակը ոռոգվող կանաչապատ տարածքների հետեւողական ավելացումն է։ Ու պատահական չէ, այլ՝ փաստի օբյեկտիվ արձանագրում, որ մեր քաղաքը 2014-ին հաղթող ճանաչվեց Համայնքների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ անցկացվող «Ամենականաչապատ համայնք» մրցույթում։ Այսօր արդեն քաղաքում ունենք մշտապես ոռոգվող 24 հեկտար կանաչապատ տարածք։ Կարեւորագույն խնդիր էր պաշտպանիչ անտառաշերտի հիմնումը։ Դա այլեւս իրականություն է, թեպետ ձեռք բերածով չենք բավարարվում: Նպատակ ունենք, քաղաքի զարգացման քառամյա ծրագրի համաձայն, արդեն իսկ տնկված 3000 ծառերի թիվը հասցնել մինչեւ 10 000-ի։ Շարունակում ենք նաեւ արվարձաններում այգիներ հիմնելու աշխատաոճը։ Չարենց, Տերյան, Զվարթնոց արվարձաններն ունեն բարեկարգ այգիներ, ուր աշխատանքները մշտապես շարունակելու ենք։ 2014-ին էլ նոր այգու հիմքերն ենք գցել Արամ Մանուկյան թաղամասում։ 2014-ին տեղադրել ենք 200 000-ից ավելի ծաղկասածիլ։ Կանաչ տարածքների բարեկարգ տեսքն ապահովելու համար ձեռք ենք բերել 6 մլն 540հազար դրամ ընդհանուր արժողությամբ 2 մինի տրակտոր, որոնք ունիվերսալ են եւ ձմռանն էլ գործածվում են ձյան մաքրման աշխատանքներում։ 2014-ին ձեռք ենք բերել նաեւ մայթերը ձնից մաքրող հատուկ մեքենա՝ 1մլն 140հազար դրամով։ Նման մեկ մեքենա էլ 2013-ին էինք գնել:
Փողոցների մասնակի նորոգում ենք կատարել ավելի քան 9000քմ տարածքում՝ ծախսելով մոտ 68մլն դրամ։ Այս աշխատանքները ներառել են Արարատյան, Մաշտոց, Շահումյան, Վազգեն Ա, Կամո, Սպանդարյան, Կոստանյան, Խորենացի, Եսայան, Չարենց, Բաղրամյան, Նար-Դոս, Տերյան, Թումանյան, Նարեկացի, Հոկտեմբեր, Կնունյանց, Պատկանյան, փողոցները, Արագածի զանգվածը, Աշտարակի ճանապարհի կամուրջի հատվածը, Խորենացի 2-րդ շենքի հարակից տարածքը, բուժմիավորման բակը: Մոտ 66մլն դրամ էլ ծախսվել է ավելի քան 7500քմ մակերեսով հետեւյալ տարածքների հիմնանորոգման համար։
Չարենցի թաղամասում 5-րդ մանկապարտեզից մինչեւ 15 շենք, 15 շենքից մինչեւ 11 դպրոց եւ11-րդ շենքի դիմաց։
Մաշտոց 73 շենքի դիմաց։
Մոտ 150քմ տարածք Արագածի զանգվածում։
Մոտ 100քմ Մեխակյան փողոցում։
1700քմ կարգի տարածք Կոմիտասի հրապարակից մինչև 3-րդ դպրոցն ընկած մայթին։
1200քմ 3-րդ դպրոցի հարակից տարածքում՝ զորամասի դիմաց։
Կոստանյան 1 շենքի բակը, Կոստանյան1-3շենքերի բակը եւ Կոստանյան 3-5 շենքերի բակը։
Մոտ 1000-ական քմ՝ Հոկտեմբեր փողոցից Արմավիր-Երեւան ավտոճանապարհը և Պատկանյան 19 շենքի բակը:
Եվս 1հա տարածք հարթեցվել է Արամ Մանուկյան թաղամասի կառուցվելիք այգում, կատարվել է 1000քմ տարածքի բետոնե եզրաքարերի տեղադրում և ձեռք է բերվել 750մ երկարությամբ պոլիէթիլային խողովակներ ոռոգման համակարգ անցկացնելու համար։
Շենքերի բակերը բարեկարգելիս նախապատվություն ենք տալիս այն շենքերին, որոնց բնակիչները պարտաճանաչ հարկատու են եւ առավել սերտ են գործակցում քաղաքային իշխանության հետ։ Նույն սկզբունքով ենք առաջնորդվում նաեւ խաղահրապարակներ տեղադրելիս։ 2014-ին, օրինակ,կառուցվել է 5 նոր խաղահրապարակ Վազգեն Ա 38, Արագածի զանգված 2 եւ 8, Զվարթնոցի 12 շենքերի եւ 7-րդ դպրոցի բակերում։ Հետեւողականորեն հիմնովին նորոգվել են նաև խողովակաշարեր, խաղահրապարակներ, ջրավազաններ, կատարվել տարբեր բնույթի սեզոնային բարեկարգման աշխատանքներ:
Մայր Աթոռի հետ համագործակցության արդյունքում Հռիփսիմե եկեղեցու հարակից զբոսայգում 1200 մ երկարությամբ անցկացվել է նոր ոռոգման համակարգ:
2014-ին շարունակել ենք քաղաքի տարբեր հատվածներում նստարանների տեղադրումը։

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սրանք այն ոլորտներն են, որ մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Էջմիածինն աշխույժ մշակութային կյանքով է ապրում։ Տարվա ընթացքում այստեղ իրականացվել է շուրջ 170 մշակութային միջոցառում, որոնց մեծ մասը՝ խոշորամասշտաբ ծրագրեր։ Ամանորի տոնական ձեւավորումը, Տրնդեզի տոնի նշումը, Էջմիածնի տոնի նշումը այն միջոցառումներն են, որոնց մասին ողջ տարվա ընթացքում խոսում են ոչ միայն էջմիածնեցիները, այլեւ ամբողջ Հանրապետության բնակչությունը: Այս փաստով հպարտանում է յուրաքանչյուր էջմիածնեցի։ Որպեսզի շատ չմանրամասնեմ, նշեմ, որ Կոմիտասի, Հովհաննես Հովհաննիսյանի Չարենցի, Թումանյանի տարեդարձերը մշակութային միջոցառումներով նշելը նույնպես հստակորեն արմատավորված ավանդույթ է։
2014-ին վերականգնողական անհրաժեշտ աշխատանքներ կատարեցինք մշակութային առանձին արժեքների նկատմամբ։ Մասնավորապես թարմացվեցին, նորոգվեցին եւ հետագայում եղանակային քայքայիչ ազդեցություններից պաշտպանող շերտով պատվեցին Էջմիածնի հրապարակում կանգնեցված Կոմիտասի արձանը, որ Երվանդ Քոչարի հանճարեղ ստեղծագործությունն է եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի մուտքի կիսանդրին ու ցուցավահանակը։
Մշակույթի տան հիմնանորոգումը շարունակում ենք: 2014-ին ամբողջությամբ նորոգել ենք ևս մեկ սանհանգույց։ Կոմիտասի անվան Մշակույթի պալատում ազգագրական, ժամանակակից, սպորտային եւ այլ պարախմբերում, երգչախմբերում ընդգրկված են 1 200-ից ավելի երեխա, որոնց մենք փաստացի կարողացել ենք ինտեգրել մշակութային կյանքին:
Մշակութային ծրագրերից հիշատակման են արժանի տաք սեզոնին կազմակերպվող համերգային ժամանցային ծրագրերն ու քաղաքապետարանի հարակից այգում բաց կինոդիտումների կազմակերպումը բոլոր շաբաթ եւ կիրակի օրերին։ Սա էջմիածնեցու առօրյան հագեցնող մշակութային, սոցիալական ծրագիր է՝ մեր քաղաքի բնակչությունը, առանց գումար վճարելու, արվեստին հաղորդակցվելու հնարավորություն է ստանում։
Տասնյակ միջոցառումներ են իրականացրել երաժշտական դպրոցները, այս հաստատությունների սաները նաեւ հաջողություններ են ունեցել Հանրապետական մրցույթներում։ Մակար Եկմալյանի անվան 1-ին երաժշտական դպրոցում հաշվետու տարվա ընթացքում կազմավորվել են քանոնահարների համույթ եւ երգչախումբ, իսկ 2-րդ երաժշտականի համար գնել ենք բամբիռ երաժշտական գործիք։
Հանրապետական եւ միջազգային մրցույթներում, փառատոներում հաջողություններ են ունեցել նաեւ գեղարվեստի դպրոցի սաները։ Ի դեպ, 2014-ին գեղարվեստի դպրոցում, Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում և ՔԿԱԳ բաժնում անցկացրել ենք ջեռուցման համակարգ: Գեղարվեստի դպրոցում տեղադրել ենք եվրո դռներ եւ պատուհաններ, դասասենյակ ենք ավելացրել, դպրոցի ամբողջ տարածքը սալիկապատել ենք, վերանորոգել ենք սանհանգույցները, պատերն ու առաստաղները։ Այստեղ հիմնանորոգման աշխատանքները դեռ շարունակում ենք։
2014-ին ակտիվ են եղել նաեւ Էջմիածնի թանգարանները։ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում եւ պատմաազգագրական թանգարանում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ։ Այս թանգարանները մասնակցել են նաեւ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը։ Պատմաազգագրական թանգարանում նաեւ նոր ցուցանմուշներ են ձեռք բերվել։
Կենտրոնական գրադարանի համակարգչային ուսուցման կենտրոնի անվճար ծառայություններից օգտվել են հարյուրավոր քաղաքացիներ` ազատամարտիկների ընտանիքների անդամներ, սոցիալապես անապահովներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: Ի դեպ, գրադարանի գրքային ֆոնդը 2014-ին քաղաքապետարանի, Մշակույթի նախարարության եւ ընթերցողների օգնությամբ դարձյալ ավելացել է: Այսօր արդեն Էջմիածնում գործող 7 գրադարանների գրքային ֆոնդը 267 000 գիրք է։ Ընթերցողների քանակը 13 104 է։ Գրադարաններում կազմակերպվել են հանդիպումներ, գրքերի քննարկումներ, մեծարման միջոցառումներ։
Կարեւորագույն ոլորտներից մեկը։ Քաղաքի 8 մանկապարտեզներում հսկողությունն ու վերահսկողությունը ծայրաստիճանի խիստ է, քանի որ գործ ունենք մինչեւ 6 տարեկան երեխաների հետ։ Բազմատեսակ որակյալ սնունդը, մանկապարտեզների մաքրությունը միշտ բարձր մակարդակի վրա են։ Ծնողկոմիտեների միջոցով անմիջական վերահսկողություն են սահմանում նաեւ երեխաների ծնողները։ Ինչ վերաբերում է թվական տվյալներին, ապա 8 մանկապարտեզի 41 խմբերում 2014-ին ունեցել ենք ավելի քան 1200 երեխա։ Այս բոլոր երեխաներն էլ Ամանորի կապակցությամբ տոնական համերգների ժամանակ նվերներ են ստացել քաղաքապետարանից։ Հունիսի վերջին էլ մանկապարտեզն ավարտող 400 սանի դպրոց ենք ճանապարհել՝ նվիրելով գրենական պիտույքներ։ Եթե տարիներ առաջ մեր մանկապարտեզների բակերը տափաստանների էին նման, ապա այսօր ամենուր ծաղիկներ են, դեկորատիվ եւ պտղատու ծառեր։ Հիմնանորոգման, մասնակի նորոգման, տարաբնույթ աշխատանքներ կատարվել են բոլոր մանկապարտեզներում։ Բացի մանկապարտեզներում կատարվող աշխատանքներից, 300 000 դրամ էլ հատկացվել է 7-րդ դպրոցում նախակրթական միկրոծրագրերի իրականացման համար:

ՍՊՈՐՏ
Այս ոլորտի հետ կապված երկու հիմնական խնդիր ենք մեր առջեւ դնում: Կարեւոր են ինչպես մասսայական ֆիզկուլտուրան, որ նպաստում է առողջ սերունդ կրթելուն, այնպես էլ մեծ սպորտում էջմիածնեցի մարզիկների ունեցած հաջողությունները: Երկու ուղղությամբ էլ 2014-ին հաջողություններն ակնառու են եղել։
Այսօր Էջմիածնի մարզադպրոցում գործում են 11 մարզաձեւերի 44 խմբեր, որոնցում ընդգրկված են 622 մարզիկ։ Նրանց հետ աշխատում են 23 մարզիչ, որոնցից 6-ը՝ ՀՀ վաստակավոր մարզիչներ։ 2014-ը էջմիածնեցի մարզիկների համար միջազգային մրցասպարեզներում հաջողությունների տարի էր։ Մեր մարզիկները շահել են պատանեկան օլիմպիական խաղերի 1 ոսկե, աշխարհի բանակայինների 1 ոսկե, աշխարհի 1 արծաթե, Եվրոպայի 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ ՝ բարձր պահելով ոչ միայն հայրենի քաղաքի, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության եւ հայ ազգի պատիվը։ Ես հատուկ կամենում եմ հնչեցնել մեր լավագույն մարզիկներից Սիմոն Մարտիրոսյանի անունը, ով ոչ միայն պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել, այլեւ սահմանել է Եվրոպայի 3 ռեկորդ։ Տարբեր մարզաձեւերից Հանրապետության առաջնությունների չեմպիոններ եւ մրցանակակիրներ են դարձել 23 մարզիկ։
Հաշվետու տարվա ընթացքում աչքի ընկած թվով 24 մարզիկի եւ 10 մարզչի ֆինանսական խրախուսանքի ենք արժանացրել 1մլն 165 հազար դրամ ընդհանուր գումարի չափով։
Տարվա ընթացքում Էջմիածնում անցկացվել են լայնամասշտաբ մարզական տասնյակ միջոցառումներ, որոնցից առավել հիշատակման են արժանի ազգային մարզաձեւերի փառատոնը, օլիմպիականի օրվան, աթլետիկայի օրվան նվիրված միջոցառումները:
Էջմիածինը ՀՀ նախագահի պատվոգրին եւ դրամական պարգեւի է արժանացել՝ 3-րդ մրցանակային տեղը գրավելով «Լավագույն մարզական համայնք» ստուգատեսում։

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ
Ակտիվորեն շարունակել ենք շփումները քույր քաղաքների հետ՝ ինչպես արտերկրի, այնպես էլ՝ Արցախի Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների։ Այս տարածքների ազատագրման եւ ինքնապաշտպանության մարտերին ծանրակշիռ մասնակցություն է ունեցել էջմիածնեցին, եւ այսօր էլ մեր պարտքն ենք համարում տվյալ տարածքների զարգացմանը հնարավորության սահմաններում աջակցելը։ Մասնավորապես օգոստոսին դեպի Արցախ ԵԿՄ ուխտագնացության ժամանակ այդ տարածքների դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին նվիրել ենք գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ։
Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ քաղաք պաշտոնական այցի ընթացքում վերակնքել ենք քաղաքների բարկամության պայմանագիրը։ Էջմիածնի տոնի միջոցառումներին ներկա են եղել պատվիրակություններ քույր քաղաքներ Պետրոզավոդսկից, Իսի լե Մուլինոյից, Ֆրեզնոյից։ Քույր քաղաք ֆրանսիական Իսի Լե Մուլինոյի SPFA ակումբի 20 հոգանոց խումբը հաշվետու տարում այցելեց Էջմիածին։ Եվրամիության կենտրոնի Հայաստանի ներկայացուցչության հետ գործակցության արդյունքն եղավ այն, որ Եվրոպայի օրերի շրջանակներում ԵՄ կենտրոնը, թիմի առաջնորդ Էհթել Հայլիստեի գլխավորությամբ, «Եվրամիության շրջիկ ավտոբուսով» Էջմիածնում էր։
Մեր քաղաքում զբոսաշրջության զարգացմանը համատեղ ջանքերով նպաստելու նպատակով հաշվետու տարում գործակցության հուշագիր ենք ստորագրել նաեւ Էջմիածնում գործող Հայ միասնության խաչ մշակութային բարեգործական կազմակերպության հետ։

ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ
Հաշվետու տարվա ընթացքում, աշխատանքային համագործակցությամբ, հստակորեն աշխատել են քաղաքապետարանի բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները։ Որպեսզի ներկաների համբերությունը շատ չչարաշահեմ, թռուցիկ թվարկեմ եւս մի քանի կարեւոր արդյունք, որ ստացվել է քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ։
Քաղաքապետարանի աշխատակիցներին եւ սոցիալապես անապահով էջմիածնեցիներին քաղաքապետարանի մասնագետները ցուցաբերել են անվճար իրավաբանական աջակցություն, խորհրդատվություն։ Միայն ՌԴ մուտքի արգելքների վերացման խնդիրների հետ կապված դիմումներ կազմելու հարցում օգնել ենք 67 քաղաքացու։ Զավթած հողամասերի ու բնակելի նշանակության ինքնակամ շինությունների անհատույց օրինականացման142 որոշում ենք կայացրել։ Եվս 28 քաղաքացու հնարավորություն ենք տվել օրինականացնել ինքնակամ շինությունները։
Շարունակում ենք կատարելագործել քաղաքապետարանի ejmiatsin.am պաշտոնական կայքը։ Կայքն արդեն լիարժեք գործում է երեք լեզվով։ Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն, որ կայքի, նաեւ՝ ֆեյսբուքյան էջի միջոցով հստակ աշխատում է էջմիածնեցու հետ հետադարձ կապը։ Ի դեպ, կապն աշխատում է տարբեր խողովակներով։ Էջմիածնի քաղաքապետարանի թեժ գիծը՝ 5-27-27 հեռախոսահամարով, հասանելի է գիշեր, թե ցերեկ։ Մշտապես պատրաստակամ ենք մեր ռեսուրսները, հնարավորություններն օգտագործել ամբողջ քաղաքի խնդիրների լուծման համար։ Մեր լրատվության բաժինն, օրինակ, սիրահոժար լուսաբանում եւ մարզային, անգամ՝ Հանրապետական լրատվամիջոցներով հրապարակումներ է երաշխավորում նաեւ Էջմիածնի հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ձեռնարկների, գործունեության վերաբերյալ։ Ի դեպ, գոհունակությամբ նշեմ, որ էջմիածնեցիները ջերմորեն ընդունեցին քաղաքի տոնին ընդառաջ 2014-ին պատրաստված We are happy from Ejmiatsin տեսահոլովակը, որում ներկայացված էին մեր քաղաքի բոլոր շերտերը՝ տարբեր տարիքային խմբերի եւ տարբեր զբաղմուքնի տեր մարդիկ, այդ թվում՝ ճանաչված եւ սիրված արվեստագետներ, մարզիկներ եւ այլն։
Հաշվետու տարվա ընթացքում շարունակել ենք նաեւ քաղաքապետարանի աշխատակազմը համալրել առավել արհեստավարժ կադրերով, շարունակաբար ջանքեր ենք թափել աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ։
Եվ մի քանի խոսք էլ, եթե թույլ կտաք, առաջիկա ծրագրերի վերաբերյալ։ Թվարկված բոլոր ուղղություններով շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել։ Պարզապես կամենում եմ նշել, որ 2015-ին մի քանի կարեւոր ամսաթիվ կա, մի քանի խոշոր իրադարձություն, որոնց պարտավոր ենք հավուր պատշաճի պատրաստվել։ Խոսքը վերաբերում է հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին եւ վերջապես՝ Էջմիածին քաղաքի 2 700-ամյա հոբելյանին։ Այս բոլոր տարեթվերը պարտավոր ենք նշելու բարձր մակարդակով։ Քաղաքապետարանում աշխատում են համապատասխան հանձնաժողովներ, արդեն իսկ մշակված են լուրջ ծրագրեր։ 70-ամյակի եւ 2 700-ամյակի կապակցությամբ էջմիածնեցիները կատարված աշխատանքների տեսքով լրջագույն նվերներ դեռ ստանալու են։ Սակայն, նշեմ, որ մեզ համար անչափ կարեւոր է լայն զանգվածների մասնակցությունն այս բոլոր ծրագրերին։ Ես կոչ եմ անում բոլոր էջմիածնեցիներին հնարավոր բոլոր միջոցներով անընդմեջ կապի մեջ լինել քաղաքապետարանի մասնագետների, ծառայությունների հետ, տեղեկանալ կազմակերպվելիք միջոցառումների մանրամասներին, ճշտել, թե յուրաքանչյուրդ ինչ կերպ կարող եք ընդգրկված լինել ծրագրերում, ինչու չէ՝ ներկայացնել նաեւ սեփական առաջարկներ։ Արժեքավոր առաջարկները հաստատ չեն անտեսվի մեր կողմից։
Եզրափակելով խոսքս՝ ես բեղմնավոր, հաջողություններով լի աշխատանքային տարի եմ մաղթում ամենքիս։ Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է Էջմիածնին, էջմիածնեցուն ծառայելու համար։ Այդ նպատակով շարունակելու ենք սերտորեն գործակցել Հանրապետության իշխանությունների եւ Մայր աթոռի հետ։ Շարունակելու նք սերտորեն համագործակցել Էջմիածնի բնակչության հետ։ Միայն համագործակցությունն է, որ ցանկալի արդյունք է ապահովում, միայն համագործակցությամբ կարող ենք տարիների, տասնամյակների ընթացքում ունենալ մեր երազած Էջմիածինը։
Շնորհակալություն ուշադրության համար։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: