Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2011

Ավելացվել է: 25-04-2012, 20:10 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
Հարգելի ներկաներ,

տեղական ինքնակառավարման համակարգի կարևորագույն սկզբունքներից են թափանցիկությունը, ընտրողի առջև հաշվետու լինելը: Հենց դա է պատճառը, ինչպես նաև` Էջմիածնի և էջմիածնեցու նկատմամբ ունեցածս խորին հարգանքը, որ ես ավանդույթի եմ վերածել ամեն հարմար առիթով հանրության առջև հրապարակային հաշվետվությունների, զեկուցումների ներկայացումը: Նման աշխատաոճը էջմիածնի բնակչին հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվորեն գնահատելու քաղաքապետի և քաղաքապետարանի անձնակազմի գործունեությունը, ավելի մոտիկից ծանոթ լինելու քաղաքի հիմնախնդիրներին, առաջիկա ռազմավարական ծրագրերին: Դե իսկ մեկամյա գործունեության վերաբերյալ հաշվետվությունները թերևս մեր քաղաքի ակտիվի հետ հանդիպման պարտադիր և ամենահարմար առիթներից են: Բնական է, որ այսօրինակ զեկուցման մեջ մենք տեղ-տեղ դիմելու ենք նաև թվերի լեզվին, քանզի հենց թվերն էլ արվածի ու չարվածի խոսուն վկաներն են:

Եվ այսպես` 2011 թ. բյուջետային տարում Էջմիածնի համայնքային բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 103,8 տոկոսով՝ նախատեսված 1 մլրդ 33 միլիոն դրամի դիմաց կատարվել է 1 մլրդ 73 միլիոն դրամ:

Այժմ կատարված աշխատանքներին անդրադառնանք ոլորտ առ ոլորտ:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
____________________________________________

Քաղաքապետարանի շենքում անցկացվել են ներքին հարդարման և տեխնիկական վերազինման աշխատանքներ: Ձեռք է բերվել նորագույն տեխնիկա՝ համակարգիչներ, տպիչներ, գրասենյակային գույք:

Պատրաստվել է քաղաքապետարանի նոր` առավել բարձրորակ, առավել ընդլայնված հնարավորություններով կայքը: Այն պարբերաբար թարմացվող մատչելի տեղեկություններ է հաղորդում Էջմիածնի քաղաքապետարանի ու նրա գործունեության վերաբերյալ, հնարավորություն է ընձեռում ծանոթանալու քաղաքապետարանի գործառույթներին, կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը, անցուդարձին, ինչպես նաև անմիջական էլեկտրոնային կապ է ապահովում մեզ հետ:
Նոր կայքում դուք ունեք մեզ ուղղված ձեր նամակների ընթացքին առցանց հետևելու, անվճար հայտարարություններ տեղադրելու հնարավորություն:
Առցանց հաղորդակցության այս միջոցը բաց և թափանցիկ աշխատելու լավ հնարավորություն է ընձեռում մեզ:

2011թ. ընթացքում քաղաքապետարանի բոլոր աշխատասենյակներում տեղադրվել են մետաղապլաստե դռներ և լուսամուտներ, որոնք ձմռան ընթացքում բացառում են սենյակների ջերմացված օդի արտահոսքը և հնարավորություն են տալիս խուսափել լրացուցիչ ծախսերից: Քաղաքում տեղադրվել են նաև «Էջմիածին» անվանումով լուսային վահանակներ:

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
________________________________________________________

Հաշվետու տարվա ընթացքում քաղաքի բարեխիղճ հարկատուներին տրվել է գույքահարկի գծով արտոնություն 10 մլն 375 հազար դրամի չափով: Այս արտոնությունից օգտվել են 184 քաղաքացի:

Առանձին հարկային արտոնություններ են տրվել նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Բացի այդ՝ Հաղթանակի օրվա և Ամանորի կապակցությամբ, նաև` այլ առիթներով Մեծ հայրենականի վետերաններին, զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է մոտ 3 միլիոն դրամի ֆինանսական օգնություն:

Արագածի 2-րդ զանգվածի ծերերի տան և «Մեր տունը» հասարակական կազմակերպության անվճար սննդի մատակարարումը, ինչպես նախորդ տարիներին, ապահովել ենք նաև 2011-ին:

2011 թ. ընթացքում քաղաքացիներից ստացվել է 2173 դիմում, տարբեր կազմակերպություններից` 1205 գրություն: Յուրաքանչյուր դիմումատուի խնդիրքն ուսումնասիրվել է, տրվել մասնագիտական եզրակացություն, որպեսզի սոցիալական աջակցությունը տրվի ճիշտ հասցեատերերին, ֆինանսական օգնությունն ստանան իսկապես ամենակարիքավորները:

Սոցիալական հարցերով դիմուների քանակը եղել է 791, որոնք բոլորն էլ բավարարվել են. վառելափայտ է հատկացվել 411 ընտանիքի, իսկ գումար է հատկացվել 380 դիմումատուի, որից սոցիալական տարաբնույթ խնդիրներով` 229 քաղաքացու, բուժման նպատակով` 71 քաղաքացու և ուսման վարձի վճարման համար` 80 քաղաքացու: Մենք հատկապես կարևորում ենք ուսանողների առաջադիմության խրախուսումը, քանի որ երիտասարդությունը մեր ապագան է, և մենք շահագրգիռ ենք գրագետ, ուսյալ երիտասարդություն ունենալու:

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌ
_________________________________________

Աննախադեպ մեծ շուքով արդեն 3-րդ անգամ նշվեց Էջմիածնի տոնը, և մենք հստակորեն կատարեցինք մեր առջև դրված խնդիրը` ամեն տարի լրացնել տոնը նորանոր միջոցառումներով, լցնել այն նոր բովանդակությամբ:

Հպարտությամբ նշեմ, որ քաղաքի տոնի հանդիսություններին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն անձամբ ներկա եղավ նաև իր աջակցությամբ վերանորոգված Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի բացման արարողությանը: Էջմիածնի տոնի օրը ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարի ներկայությամբ էլ տեղի ունեցավ բնակարանամուտ. 2011-ի ընթացքում վերջապես լուծվեց Խորենացի 1 հասցեի հանրակացարանի նորոգման եւ բնակարանների բաշխման խնդիրը: Այնտեղ փաստացի բնակվողներն էլ հենց դարձան բնակարանատեր: Այս շենքի նորոգման աշխատանքները ևս կատարվել էին ՀՀ նախագահի միջամտությամբ:

Եթե նախորդ տարի՝ տոնի նախօրեին, Էջմիածինն ունեցավ իր օրհներգը, ապա այս տարի ունեցանք օրհներգի տեսահոլովակը:

Աննախադեպ էր նաև Էջմիածնի ամանորյա զարդարանքը: Արդեն որերորդ տարին է՝ մեր քաղաքը հիացնում է ողջ հանրապետությանն իր Նոր տարվա հիասքանչ տեսքով: Այս տարի էլ, սակայն, կարողացանք նոր լուծումներ գտնել` շքեղությանը զուգահեռ նաև հետաքրքիր դիզայներական մտահղացմամբ, գեղեցիկ ճաշակով զարդարում ապահովելով:

Քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության ջանքերով 2011 թ. ընթացքում անցկացվել է 100 միջոցառում, որոնց բացարձակ մեծամասնությունը` լուրջ, լայնամասշտաբ միջոցառումներ՝ Բանակի տոն, Հաղթանակի և խաղաղության տոն, Երկրապահի օր, մարտի 8 կամ ապրիլի 7: Առանձնահատուկ հիշատակման է արժանի Տյառնընդառաջի տոնը, որ միշտ էլ մեծ շուքով ենք նշում մեր քաղաքում: Դա ևս մեր քաղաքում անցկացվող այն միջոցառումներից է, որ մշտապես մատնացույց են անում Հայաստանի ողջ տարածքի բնակիչները: Հայկական ավանդույթների պահպանմամբ նշվող այդ տոնի ժամանակ ամեն տարի քաղաքապետարանը թանկարժեք նվերներ է հանձնում մեկ տասնյակից ավելի նորապսակ զույգերի և մեկ քառասնօրյա մանկան:

Հաշվետու տարվա ընթացքում Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի դիմաց տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Տագնապ» արձանախումբը, որ հեղինակել է մեծ մաեստրո և Էջմիածնի պատվավոր քաղաքացի Լևոն Թոքմաջյանը:

Ի դեպ, հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ ենք սկսել նաև բուն մշակույթի պալատում. տանիքի նորոգումից հետո անցել ենք շենքի ներսի նորոգմանը: Այս աշխատանքները ծրագրում ենք ավարտել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին. Էջմիածնեցին արժանի է շքեղ մշակույթի տուն ունենալու:

Մշակույթի տան տարբեր ուղղվածության` ազգագրական, ժամանակակից, սպորտային և այլ պարախմբերում, երգչախմբերում ընդգրկված են մոտ 1200 երեխա, որոնց մենք փաստացի կարողացել ենք կտրել փողոցից և կցել մշակութային կյանքին:

ՀՀ կառավարության աջակցությամբ շարունակել ենք նորոգման աշխատանքներ անցկացնել Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում, անչափ կարևոր է տանիքի հիմնանորոգումը, ինչը շենքը կփրկի հետագա քայքայումից: Ներդրումներ են արվել նաև Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
_________________________________________________________

Ակտիվ է աշխատել նաև քաղաքապետարանի «Կրթություն» միացյալ տնօրինությունը:

Առաջնահերթ նշենք համակարգչային ուսուցման կենտրոնի հիմնումը կենտրոնական գրադարանում: Այստեղ անվճար հիմունքներով համակարգչային գիտելիքներ են ստանում և համացանցից օգտվում քաղաքի սոցիալապես անապահով խավերը, ազատամարտիկների ընտանիքների անդամներն ու քաղաքապետարանի աշխատակիցները:

Գրադարաններում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցել են ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ու գրողների միության այլ անդամներ` Սուրեն Մուրադյան, Լիպարիտ Սարգսյան, Անահիտ Թարյան, Հովիկ Հովեյան և ուրիշներ:

Կարևոր ձեռքբերում է գրադարաններում սկսված գրքերի թվայնացման գործընթացը, ինչը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային տարբերակով ևս ունենալ գրադարանային գրականությունը:

Հիմնանորոգում է իրականացվել 16-րդ մանկապարտեզում: Այս ծրագիրն իրագործվել է քույր քաղաք Իսի Լե Մուլինոյի հետ համագործակցությամբ և հենց քույր քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինիի և Իսի Լե Մուլինոյի պաշտոնական պատվիակության մասնակցությամբ էլ ապրիլի առաջին օրերին կանենք բացման արարողություն:

Մանկապարտեզներում և գրադարաններում անցկացվել են բազում միջոցառումներ: Քաղաքի 8 մանկապարտեզ հաճախել են ավելի քան 1200 երեխա: Բոլորն էլ Ամանորի հանդեսների ժամանակ ստացել են քաղաքապետարանից նվերներ, իսկ հունիսին, ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, նվերներ են ստացել մանկապարտեզին հրաժեշտ տվող, դեպի դպրոց գնացող 400 երեխա:

Տանիքի նորոգման, լվացարանների թարմացման, զուգարանակոնքերի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ են կատարվել քաղաքի բոլոր մանկապարտեզներում: Կատարվել են նաև խմբասենյակների և խաղահրապարակների բարեկարգման աշխատանքներ, սանհանգույցների նորոգման աշխատանքներ: Արմատապես բարելավվել են մանկապարտեզի երեխաներին տրվող սննդի որակն ու չափաբաժինները: Հստակեցվել են ըստ հաստատված ճաշացանկի երեխաներին տրվող մսի, ձվի և կաթնամթերքի օրերը:

Մանկապարտեզներում նաև ծնողկոմիտեներ են ստեղծվել: Այս կերպ ծնողները ՀՈԱԿ-ների գործունեության մեջ ներգրավվելու հնարավորություն են ստանում, աշխատանքն էլ դառնում է առավել թափանցիկ ու վերահսկելի:

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ
___________________________________________________

«Սպորտ» տնօրինությունը նույնպես քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է:

Մենք ամեն ջանք ներդնում ենք, որպեսզի մարզադպրոցը գործի նաև ձմռանը: Այդ նպատակով մարզադպրոցը ջեռուցվում է, երաշխավորում ենք նաև տաք ջրի մատակարարումը, որպեսզի մարզիկներն ու մարզվող երեխաներն ունենան բոլոր անհրաժեշտ պայմանները: Մենք միաժամանակ 2 խնդիր ենք դրել. կարևոր են թե՛ առողջ սերունդ ունենալը, մասսայական ֆիզկուլտուրան, թե՛ մեծ սպորտում արդյունքներ ցույց տալը, այնպիսի մարզիկների պատրաստումը, որոնք բարձր կպահեն և՛ Էջմիածնի, և՛ Հայաստանի Հանրապետության պատիվը:Այսօր մեր քաղաքի մարզադպրոցում 12 մարզաձևերի գծով ընդգրկված են մոտ 600 պատանի և աղջիկ, որոնց մարզում են 24 մարզիչ, որոնցից վեցը հանրապետության վաստակավոր մարզիչներ են:

Հաշվետու տարվա ընթացքում Էջմիածինը ներկայացնող տաբեր տարիքային խմբերի մարզիկներ հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել ինչպես Հանրապետական կարգի, այնպես էլ` միջազգային մրցաշարերում, այդ թվում` աշխարհի գավաթ, Եվրոպայի առաջնություն և այլն:

«Սպորտ» տնօրինության նախաձեռնությամբ անցկացվել են նաև մի շարք մասսայական միջոցառումներ, որոնցից հիշատակման են արժանի Ազգային մարզաձևերի փառատոնը, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ֆուտբոլի գավաթի մրցաշարը, քաղաքի տոնին նվիրված միջոցառումների շարքը, օլիմպիականի օրվա միջոցառումն ու այլ մրցաշարեր:

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
_______________________________________________

Հաշվետու տարվա ընթացքում հսկայածավալ աշխատանքներ է կատարել «Բարեկարգում» տնօրինությունը: Կատարվել են բոլոր անհրաժեշտ սեզոնային աշխատանքները՝ ծառերի բների սպիտակեցում, վնասատուներից բույսերի բուժման աշխատանքներ, սիզամարգերի խնամում, էտման և այլ աշխատանքներ: Բոլոր կենտրոնական փողոցների սիզամարգերում տեղադրվել են մեծ քանակությամբ ծաղկասածիլներ 3800.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ինչը նպաստել է քաղաքի գեղեցիկ տեսքի ապահովմանը:

Կատարվել են քաղաքի նշագծման աշխատանքներ, խորքային հորերի վերանորոգման և տեխզննման աշխատանքներ: Պարբերաբար վերացվել են լուսավորության ցանցի անսարքությունները:

Տարեցտարի հետևողականորեն ավելացնում ենք քաղաքի ոռոգվող կանաչ տարածքները: 2011թ. կտրվածքով Էջմիածին քաղաքում ունենք 16.2 հա ոռոգվող կանաչ տարածք: Այս թվում 7.2 հեկտարը դեկորատիվ կանաչ տարածքներ են, քաղաքապետարանի կողմից սպասարկվող 4 խորքային հորեր (Պռոշյան, Մայիսյան, Կոմիտասի փողոցներում, Շոլոխով-Թորոմանյան խաչմերուկում) ոռոգում են բնակիչների 7.5 հա չափով հողատարածքներ: Եվս 1.5 հա կանաչ տարածքներ ենք հիմնել և մշտապես ոռոգում ենք իրականացնում քաղաքի 8 մանկապարտեզների բակերում: Տերյան փողոցի 1 հա տարածքում հիմնվել է նոր այգի: Այստեղ գազոնները մաքրվել են մոլախոտերից, ցանվել է խոտի սերմ, անցկացվել է 300 մետր մալուխ ոռոգման համակարգի պոմպը էլեկտրաէներգիայով սնելու և նախկին խոպան հողը արգասավորելու, քաղաքի կանաչ տարածքներն ավելացնելու նպատակով:

Այգու զբոսուղիներն առանձնացնելու համար շարվել են եզրաքարեր, փռվել է խարամի ավազ, անցկացվել է ինքնակառավարվող ոռոգման ցանց: Այգում աշխատանքները դեռ շարունակվում են: Այն իսկապես հիասքանչ տեսք է ունենալու, որով պարծենալու է յուրաքանչյուր էջմիածնեցի:

Քաղաքի կենտրոնական փողոցների՝ Մ. Մաշտոց, Վազգեն Առաջին, Բաղրամյան, Մ.Խորենացի, Արարատյան, Վ. Կոստանյան, գիշերային լուսավորությունը մինչ լուսաբաց ապահովելու համար կատարվել են նոր մոնտաժման աշխատանքներ 621.0 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ, ինչը բացի քաղաքին գեղեցիկ, լուսավոր տեսք հաղորդելուց, մեծապես նպաստել է քաղաքում գիշերային գողությունների կտրուկ նվազմանը: Նոր գիշերային լուսավորություն է անցկացվել նաև Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի բակում, Զվարթնոցի 8-րդ դպրոցի դիմացի գետնանցումում:

Կատարվել են 93 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգում է կատարվել քաղաքի՝ ընդհանուր թվով 14 հատվածում՝ Վազգեն Ա, Մ. Մաշտոց, Խորենացի, Շահումյան, Տերյան, Կալինին, Հ. Հակոբյան փողոցներում և այլն: Այս նպատակով ծախսվել է 41 միլիոն դրամ: Իսկ մասնակի նորոգում, փոսալցման աշխատանքներ են կատարվել քաղաքի 30 փողոցներում. այս մասով էլ ծախսը եղել է ավելի քան 52 միլիոն դրամ:

Խորենացի 1, 1ա, 20 և 20ա, Վազգեն Առաջին փողոցի 5 և 3 շենքերի բակերը բարեկարգվել են, կառուցվել են խաղահրապարակներ` սահարաններով, ճոճանակներով, անցկացվել է ոռոգման ցանց, շարվել են 250 ք/մ եզրաքարեր, անցկացվել է նոր լուսավորություն: Նման աշխատանքներն առաջնահերթ կատարում ենք այն շենքերի բակերում, որոնց բնակիչներն առավել պարտաճանաչ են քաղաքապետարանի նկատմամբ հարկային պարտավորությունները կատարելիս:Առաջիկայում ևս պարտաճանաչ քաղաքացիներին տարբեր մեթոդներով խրախուսելու ենք:

Ջրավազանների և շատրվանների նորոգման, մաքրման աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես հիմնովին նորոգվել են Եկմալյանի անվան պուրակի ջրավազանները եւ շատրվանները:

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
______________________________________________________

Բնակարանային կոմունալ վարչությունը աղբահանություն է կատարում 64 փողոցներից և 170 բազմաբնակարան շենքերից: Աղբահանությունը կազմակերպվում է արդեն 14 միավոր տեխնիկայի միջոցով. 2011-ին ձեռք է բերվել ևս 2 բեռնատար ինքնաթափ` մոտ 4 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:
Տարեկան աղբավայր է տեղափոխվում մոտ 800 000 մետր-խորանարդ աղբ: Այս աշխատանքների կազմակերպման համար տարվա ընթացքում ձեռք է բերվել 705 000 դրամ ընդհանուր արժողությամբ սակավարժեք ինվենտար: Փողոցների մեծ մասում կատարվում են նաև ավելով մաքրման աշխատանքներ: Պարբերաբար թարմացվում և ավելացվում են աղբարկղերը:

Հաշվետու տարվա ընթացքում պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է 6 բազմաբնակարան շենք, իսկ քաղաքային բյուջեի միջոցներով՝ 20 բազմաբնակարան շենք: Այս շենքերում կատարվել են տանիքների վերանորոգման և շքամուտքերի դռների տեղադրման աշխատանքներ: Այսպես ուրեմն, տեղադրվել է 56 շքամուտքի դուռ, հիմնանորոգվել է 1962 քմ տանիք, որից 1130 քմ՝ քաղաքապետարանի միջոցներով, իսկ 832 քմ՝ պետբյուժեի աջակցությամբ:

Ձմեռային սեզոնի համար մշտապես՝ դեռ ամռան վերջին, ձեռք է բերվում ավազի և տեխնիկական աղի անհրաժեշտ պաշար: Հաշվետու տարում սառցակալած տարածքների հալեցման և անցանելիության ապահովման նպատակով օգտագործվել է 11 500 կգ տեխնիկական աղ և 390խմ խարամի ավազ:

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
___________________________________________________

2011 թ. մեր քաղաքի համար արդյունավետ էր նաև արտաքին շփումների տեսանկյունից:

Քույր քաղաքների հետ կապերը պահպանվել և ամրապնդվել են: Կան նոր ծրագրեր, որոնց ականատեսը կլինի էջմիածնեցին արդեն այս տարվա ընթացքում:

Լրջագույն ձեռքբերում եմ համարում Պորտուգալիայի Սինտրա քաղաքում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության 11-րդ համաժողովին Էջմիածնի պատվիրակության մասնակցությունը, որտեղ մենք դիտորդի կարգավիճակից ստացանք լիիրավ անդամակցության կարգավիճակ: Ավելին, հավանաբար հենց Էջմիածնում էլ տեղի կունենա «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբեր ամսին: Այս միջազգային հեղինակավոր կառույցում մենք ոչ միայն Էջմիածինն ենք ներկայացնում, այլև` Հայաստանի Հանրապետությունը:
Մեր մասնակցությունը կարևոր է նաև Բաքվի կողմից հնարավոր ապատեղեկատվությունը չեզոքացնելու տեսանկյունից:

Պատվով նշեմ նաև, որ Ուկրաինայի Վինիցա քաղաքում ևս Արևելյան Եվրոպայի երիտասարդ քաղաքապետերի համաժողովում Ձեր խոնարհ ծառան` Էջմիածնի քաղաքապետը, ըստ էության ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Հիշյալ կառույցին նույնպես պաշտոնապես առաջարկել ենք ընթացիկ տարում համաժողով անցկացնել Էջմիածնում:

Քույր քաղաքների հետ փոխայցեր են եղել: Հաշվետու տարին նշանավորվել է հայ-ֆրանսիական փոխգործակցության առավել ամրապնդմամբ, ինչը փաստագրվել է երկկողմ պաշտոնական փոխայցերով: Առաջիկա օրերին՝ ապրիլի 6-10-ը, հերթական այցով Էջմիածին կժամանի Իսի Լե Մուլինոյի պաշտոնական պատվիրակությունը:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրագրման տեսանկյունից կարևոր իրադարձություն էր նաև ՀՀ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի առաջին պաշտոնական այցը Էջմիածին: Ի դեպ, դեսպանը նույնպես ընդգրկված է ապրիլյան՝ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության կազմում:
Մեր հիմնական նպատակն արտաքին կապերի` ի շահ մեր քաղաքի զարգացման օգտագործումն է, որի շոշափելի արդյունքներից մեկի` 16-րդ մանկապարտեզի հիմնանորոգման մասին վերը արդեն նշեցի:

ԱՅԼ ՕՂԱԿՆԵՐ
_______________________________________________

Արդյունավետ աշխատել են նաև քաղաքապետարանի մնացյալ օղակները, որոնց խնդիրն է եղել քաղաքապետարանում և քաղաքում կարգ ու կանոնի հաստատումը, ապօրինությունների բացահայտումն ու օրենսդրական դաշտ բերելը, աշխատանքների լուսաբանումը:

Մասնավորապես, 260 անհատական բնակելի տների սեփականատերեր քաղաքապետարանի աջակցությամբ օրինականացրել են ավել օգտագործվող հողամասերը և դրանց վրա տարիներ առաջ կառուցված շինությունները և ստացել սեփականության վկայականներ: Օրինականացվել են քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող հողի վրա կառուցված 18 ինքնակամ շինություններ, նվիրատվության կարգով սեփականաշնորհվել են բազմաբնակարան շենքերի 5 բնակարան, որոնց օգտագործողները չէին հասցրել օրենքով սահմանված ժամկետում օգտվել ապապետականացման մասին օրենքի ընձեռած հնարավորությունից: Շարունակել ենք ՀՈԱԿ-ների ստեղծումը. դրանց թիվն ավելացել է 2-ով` ինքնուրույնության այս նոր աստիճանը ձեռք են բերել «Մշակույթ» միացյալ տնօրինությունն ու գրադարանը:
Ատեստացիաների միջոցով քաղաքապետարանի աշխատակազմը համալրվել է 151 արհեստավարժ մասնագետներով:

_________________________________________________

Հարգելի ներկաներ, ձեր համբերությունը չչարաշահելու համար, այսքանով սահմանափակեմ կոնկրետ արված աշխատանքների թվարկումը. իրականում շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Նշեմ միայն, որ ինչ էլ արվել է, իմ և իմ ղեկավարած թիմի մտահոգությունը միակն է եղել` Էջմիածնին և էջմիածնեցուն ծառայելը: Երբ շփումներ ենք հաստատում որևէ քույր քաղաքի հետ, հիմքում, անշուշտ, հոգեհարազատության սկզբունքն է, սակայն, նաև մտածում ենք այնպես անել, որ այդ հարաբերությունը գործնական նշանակություն ունենան մեր քաղաքի համար, էջմիածնեցու համար: Եթե հանրապետության ճանաչված լրատվամիջոցներով մեր կատարած աշխատանքները ներկայացնելու հնարավորություն ունենք, մենք չենք սահմանափակվում սոսկ քաղաքապետարանի աշխատանքների ներկայացմամբ, աշխատում ենք լուսաբանել նաև Էջմիածնի հանրության, այստեղ գործող կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթօջախների, մշակույթի օջախների առօրյան: Մեր բոլոր օղակների աշխատանքն ուղղված է նրան, որ էջմիածնեցին իրեն Էջմիածնում լավ զգա: Մեզ համար անչափ կարևոր է, որ էջմիածնեցին տեսնի, որ մենք չենք շեղվել«Մեր խոսքը մեր գործից չի տարբերվում» կարգախոսից: Այդ նշանաբանով եմ ես ինձ համար թիմ ընտրել: Ցավոք, եղել են առանձին գործընկերներ, որ չեն դիմացել աշխատանքային խիստ տեմպին, ներկայացվող խստապահանջության պայմաններում չեն կարողացել շարունակել աշխատանքը քաղաքապետարանում: Իսկ քաղաքապետարանի լավագույն աշխատակիցները, ովքեր լավագույնս են ծառայում մեր քաղաքին, խրախուսվել են: Խրախուսանքները եղել են և՛ դրամական, և՛ պատվոգրերի, շնորհակալագրերի տեսքով: Լավ աշխատողն առաջիկայում ևս խրախուսվելու է:
Ամփոփելով` նշեմ, որ ներկայացվեց հիրավի արված աշխատանքի ահռելի ծավալ: Սակայն, մենք բնավ չենք մտածում, թե այլևս անելիք չունենք: Ճիշտ հակառակը: Մենք տեսնում ենք, որ արվածից դեռ տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի գործ կա անելու: Այդպես է, որովհետև, այն, ինչը երեկ ծանր աշխատանք էր թվում, այսօր, հաղթահարումից հետո, արդեն թվում է մանրուք, և մենք արդեն աստիճանաբար ավելի ու ավելի լուրջ ծրագրերի մասին ենք մտածում:

Հարգարժա՛ն էջմիածնեցիներ, ես միայն կամենում եմ նշել, որ Էջմիածնի ապագայի համար, մեր աշխատանքների արդյունավետության համար անչափ կարևոր է, որպեսզի դուք մեզ հետ համագործակցեք, որպեսզի վստահեք մեզ:

Միայն քաղաքային իշխանություն-բնակիչ համագործակցությամբ և տարիների տևական տքնանքով կունենանք մեր երազած Էջմիածինը: Արդեն չորրորդ անգամ եմ էջմիածնի հանրության առջև հանդես գալիս կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ: Միշտ էլ կարևորել եմ, թե մեր քաղաքի բնակիչն ինչպես է գնահատում մեր աշխատանքը, միշտ էլ ակտիվ շփման մեջ եմ եղել բնակչության հետ` թե՛ անմիջական շփումներ, թե՛ քաղաքացիների ընդունելություն, թե՛ հանդիպումներ ամենատարբեր խավերի ներկայացուցիչների հետ, թե՛ քաղաքապետարանի համապատասխան մասնագետների միջոցով խնդիրների ուսումնասիրություն: Սակայն, այս տարի Ձեր արձագանքը հատկապես կարևոր է: Այս տարի անցկացվելու է Էջմիածնի քաղաքապետի ընտրություն, և մեր հանրությունն արդեն կոնկրետ հնարավորություն ունի գնահատելու մեր թիմի` վերջին տարիների կատարած աշխատանքը: Մեզ համար անչափ կարևոր է առաջիկա ժամանակահատվածում նաև հանրությունից առաջարկությունների ստացումը:

Ձեր կոնկրետ հարցադրումների արդյունքում է, որ ձևավորվելու է իմ նախընտրական ծրագիրը` կոնկրետ խոստումներով` կոնկրետ ժամանակահատվածների համար: Այդ կերպ էի վարվել նաև 2008-ին: Հիմա պարզ ճակատով կարող եմ նշել, որ տվածս խոստումներն արդեն իսկ ամբողջությամբ կատարված են ու գերակատարված: Հենց դա է ինձ առաջին հերթին ոգեշնչում դարձյալ ծառայություններս առաջարկելու Էջմիածնեցուն: Եվ ի հեճուկս տարաբնույթ շահեր հետապնդող խմբերի տարածած լուրերի, թե իբր ես այս կամ այն աշխատանքին եմ տեղափոխվում, խորհրդակցելով իմ ղեկավարած թիմի հետ, գերադասել եմ անավարտ ծրագրերս շարունակել:

Մինչ այդ, իհարկե, մեր քաղաքն էլ պետք է պատվով մասնակցի մայիսի 6-ի համապետական ընտրություններին:

Շնորհակալություն ուշադրության համար և բոլորիս մաղթում եմ բեղուն, աշխատանքներով, նորանոր նվաճումներով լի տարի:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: