Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2013

Ավելացվել է: 25-03-2014, 13:27 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: |
Սիրելի' էջմիածնեցիներ, հարգելի' հյուրեր,
Արդեն վեցերորդ անգամ ես, կանգնած Էջմիածնի հանրության, հյուրերի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ, հանդես եմ գալիս նախորդ մեկ տարվա ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ միշտ հաշվետվությունները ներկայացրել եմ բաց ճակատով, քանզի ես եւ իմ ղեկավարած կոլեկտիվը էջմիածնեցու նկատմամբ եղել ենք ազնիվ: Ճիշտ է` կատարված աշխատանքը մեզ դեռեւս չի գոհացնում, սակայն, օգտագործել ենք բոլոր հնարավորությունները, երբեմն արել ենք անհնարինը Էջմիածինն օր օրի, տարեցտարի ավելի ու ավելի լավը դարձնելու համար: Որպեսզի չչարաշահեմ ներկաների համբերությունը, միանգամաից անցնեմ 2013 թվականի ընթացքում Էջմիածնում կատարված հիմնական աշխատանքների համառոտ թվարկմանը:
Ամենասկզբում, մինչ ոլորտ առ ոլորտ աշխատանքների ներկայացումը, մատնանշեմ երկու փաստ: 2013 թվականին ավարտեցինք քաղաքի Մշակույթի տան դահլիճի հիմնանորոգումը: Այսօր արդեն շքեղաշուք դահլիճը լիարժեքորեն ծառայում է էջմիածնեցուն: Մշակույթի տանն անցկացվում են համերգներ, կինոդիտումներ, ներկայացումներ, ցերեկույթներ, գործում են քաղաքի գեղարվեստական խմբերը: Դահլիճի եւ շենքի արտաքին տեսքի հիմնանորոգումից հետո մենք անցել ենք պալատի այլ սրահների հիմնանորոգմանը: Աշխատանքներն այսօր էլ շարունակվում են: Եվ երկրորդ մնայուն գործը. ավարտեցինք Տերյան թաղամասի 1 հեկտար տարածքի վրա լրիվ նոր այգու կառուցումը: Այսօր արդեն Էջմիածնի այս արվարձանն ունի հրաշալի այգի` կանաչապատված, լուսավորված, խաղահրապարակներով, ոռոգման համակարգով, նստարաններով, մաքուր ճեմուղիներով եւ այլնով:
Հիմա արդեն անդրադառնամ կոնկրետ թվերին: Այսպես ուրեմն, 2013 թ. մեր քաղաքային համայնքի փաստացի եկամուտները պլանավորված 1 մլրդ 103 մլն դրամի փոխարեն կազմել են 1 մլրդ 162 մլն դրամ:
2013թ. փաստացի ծախսվել է 1099 մլն. դրամ: Շատ թվերով չծանրաբեռնելու համար թվարկենք հիմնական ծախսերը.
• Աշխատավարձ – 630 մլն. դրամ
• Փողոցների հիմնանորոգում և փոսային նորոգումներ – 80 մլն. դրամ
• Հոսանք և գազ – 79 մլն. դրամ, որից գիշերային լուսավորոթյուն -51 մլն. դրամ
• Նախադպրոցական հիմնարկների սննդի ձեռք բերման համար – 62 մլն. դրամ



ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել է քաղաքապետարանի տեխնիկական վերազինումը: Մասնավորապես ձեռք են բերվել 1 438 500 դրամ ընդհանուր արժողությամբ համակարգիչներ: Շարունակվել են նորոգման, թարմացման աշխատանքները քաղաքապետարանի շենքում: Առանձին ուշադրություն է դարձվել քաղաքացիների սպասարկման կենտրոնի աշխատանքն էջմիածնեցուն հարմարեցնելուն: Քաղաքապետարանի շենքում գործում է մշտական հերթապահություն եւ 5-27-27 հեռախոսահամարով թեժ գիծ, որի օգնությամբ էջմիածնեցին մշտական կապի մեջ է քաղաքային իշխանության հետ:


ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Հաղթանակի օրվա եւ Ամանորի կապակցությամբ Մեծ հայրենականի վետերաններին տրվել է 490 000 դրամի ֆինանսական օգնություն: Ամանորի, բանակի օրվա, հաղթանակի օրվա եւ Անկախության օրվա կապակցությամբ 126 զոհված ազատամարտիկների ընտանիքների, 27 վիրավոր ազատամարտիկի եւ 9 սոցիալապես անապահով ազատամարտիկի ցուցաբերվել է 1 800 000 դրամի ֆինանսական օգնություն: Ապրիլի 7-ի տոնակատարության առիթով վիրավոր ազատամարտիկների, ազատամարտի մասնակիցների կանանց եւ մայրերին հատկացվել է 300 000 դրամի, Արագած զանգվածի ծերերի տան բնակիչներին` 130 000 դրամի օգնություն:
Արագած 2 զանգվածի ծերերի տանը եւ «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը տարվա ընթացքում հատկացվել է մոտ 4 մլն դրամի անվճար սնունդ:
Քաղաքապետարանը դիմումներ է ստացել 2054 քաղաքացուց եւ 1449 գրություն տարբեր կազմակերպություններից: Քաղաքապետի մոտ ընդունելությանը մասնակցել է 1 700 բնակիչ: Սոցիալական տարբեր հարցերով դիմումների քանակը եղել է 1131, որոնք բոլորն էլ բավարարվել են: Մասնավորապես, վառելափայտ է հատկացվել 718 ընտանիքի՝ 16մլն. դրամի չափով, 319 քաղաքացու բուժման, ուսման վարձի և տարբեր սոցիալական խնդիրների համար հատկացվել է օգնություն՝ շուրջ 13 մլն. դրամի չափով:
256 բնակչի էլ տրամադրվել են արխիվային տեղեկանքներ, միջնորդագրեր եւ այլն:

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 թ. ընթացքում 828 700 դրամի չափով հարկային արտոնություն է հատկացվել 50 զոհված ազատամարտիկների ընտանիքների, 189 800 դրամի հարկային արտոնություն` Մեծ հայրենական պատերազմի 11 վետերանների: Եվս 134 400 դրամի չափով գույքահարկի արտոնություն է տրվել Նիկոլ Սիմոնյանին, ով իր սեփականությունը հանդիսացող 4 ավտոբուսներն անհատույց տրամադրել է Էջմիածին քաղաքի ուսանողությանը Էջմիածին-Երեւան-Էջմիածին անվճար տեղափոխման համար:


ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

Մեր առաջնային ծրագրերից է քաղաքի շուրջ պաշտպանիչ անտառաշերտի ստեղծումը, ինչը երկար տարիներ ծառայելու է մեր սերունդներին:
Այդ նպատակով մենք գարնանը հիմնեցինք շուրջ 5000մ2 պաշտպանիչ շերտ, իսկ աշնանը Էջմիածին-Արտիմեդ ճանապարհի աջակողմյան մասում հիմնել ենք շուրջ 45000մ2 անտառ:
2013թվականի ընթացքում հիմնվել է 50000 մ2 անտառ և տնկվել 3000-ից ավել ծառ:
Բացի այդ ավարտին հասցրեցինք 1հեկտար կանաչապատ տարածք Տերյանի այգում:
Այսինքն վերոհիշյալի արդյունքում 2013թ. ընթացքում կանաչ զանգվածը աճել է՝ 16-ից դառնալով 22 հեկտար:
Մի քանի տարվա ընթացքում Էջմիածինը վեր է ածվել իսկական ծաղկաստանի: Միայն 2013 թվականին տեղադրել ենք 12 տեսակի 150 000 ծաղկասածիլ: Սիզամարգերի խնամքի համար ձեռք ենք բերել խոտհնձիչ 3 մեքենա:
Ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով հին և փտած խողովակաշարերը փոխարինվել են ժամանակակից պլաստմասե խողովակներով շուրջ 3կմ:
Կառուցվել է 5 նոր մանկական խաղահրապարակ: Այստեղ նախապատվությունը տրվել է այն բակերին, որոնց բնակիչներն առավել պարտաճանաչ են քաղաքապետարանի նկատմամբ հարկային պարտավորությունների կատարման մեջ եւ նրանց, ովքեր առավել սրտացավ են իրենց բակի նկատմամբ, քաղաքի նկատմամբ, ովքեր իրենք էլ հետեւողականորեն մաքուր են պահում բակը, թաղամասը:
Քաղաքի բոլոր 172 բնակելի շենքերի բակերում անցկացվել է գիշերային լուսավորություն: Ավարտել ենք Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի գիշերային լուսավորության անցկացումը: Չերնիշեւսկի, Մայակովսկի, Զոյա, Կոմունարների փողոցներում եւ Տերյանի այգում գիշերային լուսավորություն ենք անցկացրել:
Վերոհիշյալ կանաչապատման և ոռոգման բարելավման նպատակով ծախսվել է շուրջ 27 մլն. դրամ:
Ասֆալտապատման աշխատանքների ծավալը եւս տարեցտարի ավելացնում ենք: 2013-ին Էջմիածնում կատարվել են 54 450 000 դրամի մասնակի նորոգման, եւս 23 627 400 դրամի` ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
Դեռ երկար կարելի է թվարկել բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքները, բայց անցնեմ հաջորդ ոլորտին:

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս ոլորտի աշխատանքները եւս անվերջ կարելի է թվարկել, բայց ես կսահմանափակվեմ միայն հիմնականների մատնանշմամբ:
2013-ին 2 800 000 դրամով ձեռք ենք բերել 1 հատ Զիլ 130 ինքնաթափ աղբատար մեքենա: Արդեն աղբահանությունը կատարվում է 14 միավոր բեռնատարների միջոցով: Ամեն երկրորդ օրը աղբահանություն կատարվում է քաղաքի 64 փողոցներից, իսկ բազմաբնակարան շենքերից աղբի տեղափոխումը կատարվում է օրը երկու անգամ:
Հաշվետու տարվա ընթացքում վերանորոգվել է 3 356 քմ մակերեսով բազմաբնակարան շենքի տանիք, ինչի համար ծախսվել է 25 646 000 դրամ: Բացի այդ մոտ 2000մ2 տանիքի վերանորոգումը կատարվել է պետբյուջեի միջոցներով՝Բաղրամյան 24 շենք և Զվարթնոց 5 շենք:
Ձմեռը մենք միշտ էլ պատրաստված ենք դիմավորում: Ձնամաքրման, սառույցապատ տարածքների մաքրման աշխատանքները մշտապես կատարվում են ժամանակին, քանի որ անհրաժեշտ խարամի ավազն ու տեխնիկական աղը կուտակած ենք լինում դեռ ամռան ընթացքում: Նշեմ, ի դեպ, որ այս տարվա սկզբին ձեռք ենք բերել մայթերը ձնից մաքրող 2-րդ մեքենան:



ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

Արդեն խոսեցի Մշակույթի տան հիմնանորոգման մասին: Այս մասով հավելեմ, որ այստեղ ազգագրական, ժամանակակից, սպորտային եւ այլ պարախմբերում, երգչախմբերում ընդգրկված են 1 200-ից ավելի երեխա, որոնց մենք փաստացի կարողացել ենք ինտեգրել մշակութային կյանքին:
Անցկացվել է 150-ից ավելի միջոցառում, որոնց մեծ մասը լայնամասշտաբ է և ծավալուն: Ամանորի տոնական ձեւավորումը, Տրնդեզի տոնի նշումը, Էջմիածնի տոնի նշումը այն միջոցառումներն են, որոնց մասին ողջ տարվա ընթացքում խոսում են ոչ միայն էջմիածնեցիները, այլեւ ամբողջ Հանրապետության բնակչությունը:
Կենտրոնական գրադարանի համակարգչային ուսուցման կենտրոնի անվճար ծառայություններից օգտվել են հարյուրավոր քաղաքացիներ` ազատամարտիկների ընտանիքների անդամներ, սոցիալապես անապահովներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: Ի դեպ, գրադարանի գրքային ֆոնդը 2013-ին քաղաքապետարանի, Մշակույթի նախարարության եւ ընթերցողների օգնությամբ ավելացել է մոտ 1 600 կտոր գեղարվեստական, մասնագիտական գրականությամբ:
Մետաղապլաստե դռներ և պատուհաններ են տեղադրվել թիվ 6 մանկապարտեզում՝ 7 710 000 դրամի չափով, Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ 6 244 000 դրամի չափով, պատմազգագրական թանգարանում՝ 3 150 000 դրամի չափով, իսկ թիվ 16 մանկապարտեզում կատարվել է 1 665 000 դրամի ծախս, որից 1 230 000 դրամ ծախսվել է ջրագծի վերանորոգման համար, իսկ 455000 դրամի դռներ և պատուհաններ են տեղադրվել:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կրթությանը` համարելով, որ ուսյալ, գրագետ սերունդը վաղվա ծաղկուն Էջմիածնի, հզոր Հայաստանի գրավականն է: Այդ պատճառով էլ մենք ֆինանսներ չենք խնայում ուսման վարձերի վճարման հարցում մարդկանց օգնելիս, մանկավարժներին, գրադարանների աշխատակիցներին խրախուսելիս: Էջմիածնի տոնի, ուսուցչի եւ գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքի դպրոցների առաջավոր ուսուցիչներին և գրադարանավարներին՝ թվով 50 մարդ, հատկացվել է 1 453 000 դրամի խրախուսանք:
Թիվ 7 հիմնական դպրոցին նախադպրոցական կրթական միկրոծրագրերի շրջանակներում հատկացվել է 238 100 դրամ:
Էջմիածնի մանկապարտեզներ հաճախող 1237 երեխաների սննդի ձեռք բերման համար ծախսվել է շուրջ 62 մլն. դրամ: Հունիսին մանկապարտեզին հրաժեշտ տվող 378 երեխաներին դպրոց ենք ճանապարհել գրենական պիտույքներով եւ այլ նվերներով, իսկ ամանորին 1237 երեխա քաղաքապետարանից ստացել են ամանորյա նվերներ:
Թիվ 1 երաժշտական դպրոցն ստացել է 600 000 դրամի երաժշտական գործիքներ, թիվ 2 երաժշտական դպրոցը` 500 000-ի:
Նոր ցուցանմուշներով է հարստացել պատմաազգագրական թանգարանը: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից դահլիճը, սանհանգույցը, միջանցքներն ու պահակատունը հիմնանորոգվել են: Այստեղ անցկացվել է ջեռուցում, տեղադրվել է անվտանգության համակարգ:
Մշակույթի տան, երաժշտական դպրոցների եւ գեղարվեստի դպրոցի սաները հաջողություններ են ունեցել բազմաթիվ Հանրապետական միջոցառումներում, փառատոններում:

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

Այս ոլորտի հետ կապված երկու հիմնական խնդիր ենք մեր առջեւ դնում: Կարեւոր են ինչպես մասսայական ֆիզկուլտուրան, որ նպաստում է առողջ սերունդ կրթելուն, այնպես էլ մեծ սպորտում էջմիածնեցի մարզիկների ունեցած հաջողությունները:
Այսօր քաղաքի մարզադպրոցում գործում են 12 մարզաձեւերի 42 խմբեր: Խմբերում ընդգրկված շուրջ 600 մարզիկների հետ աշխատում են 23 մարզիչ, որոնցից վեցը` ՀՀ վաստակավոր մարզիչ:
2013 թվականի ընթացքում Էջմիածնի մարզադպրոցի սաներից երկուսը հռչակվել են աշխարհի, երկուսը` Եվրոպայի չեմպիոն: Ունեցել ենք նաեւ աշխարհի առաջնության մեկ եւ Եվրոպայի առաջնության 2 արծաթե մեդալակիր: Քսանից ավելի մարզիկներ դարձել են Հայաստանի առաջնության հաղթողներ եւ մրցանակակիրներ: Հատկապես միջազգային մրցաշարերում հաղթելով` մեր մարզիկները հպարտանալու առիթ են տալիս ոչ միայն էջմիածնեցիներին, այլեւ Հանրապետության ողջ բնակչությանը: Ես, օրինակ, հիշում եմ ամենքիս ուրախությունը, երբ մեր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց մոլորակի չեմպիոն:
Տարվա ընթացքում անցկացվել են 50-ից ավելի խոշոր մարզական միջոցառումներ` Ազգային մարզաձեւերի փառատոն, ֆուտբոլի ավանդական հուշամրցաշար, օլիմպիականի օրվա միջոցառումներ եւ այլն:
Սպորտի բնագավառում աչքի ընկած 20 մարզիկ` իրենց մարզիչների հետ, քաղաքապետարանից ստացել են պատվոգրեր, շնորհակալագրեր եւ 1 165 000 դրամի ֆինանսական խրախուսանք:



ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ

Շարունակել ենք շփումները քույր քաղաքների հետ` մշտապես խնդիր ունենալով բարեկամական կապերն օգտագործել ի նպաստ Էջմիածնի: Այդ տեսանկյունից արժե առանձնացնել մեր քույր քաղաք Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո այցելությունը: Այցի ընթացքում Իսի Լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի հետ ստորագրեցինք Էջմիածնի թիվ 16 մանկապարտեզի խոհանոցի եւ հարակից միջանցքի հիմնանորոգման աշխատանքների համաձայնագիրը, որի արդյունքում այսօր մանկապարտեզում աշխատանքներ են կատարվում:
Էջմիածնի պատվիրակությունները մասնակցել են նաեւ «Միացյալ քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության Եվրասիական տարածաշրջանի միջազգային կոնֆերանսին Սանկտ Պետերբուրգում, «Կանաչ ուխտագնացության» ցանցի միջազգային սիմպոզիումին Երուսաղեմում: Ընդունել ենք նաեւ միջազգային պատվիրակությունների, որոնցից Չեխիայի Վիսոկե Միտո քաղաքի պատվիրակության հետ քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին հուշագիր է ստորագրվել:
Մեզ համար թանկ է գործակցությունը Արցախի Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների հետ: Այս տարածքների ազատագրման եւ պաշտպանության գործում էական մասնակցություն են ունեցել էջմիածնեցիները: Աջակցությունն այս տարածքներին շարունակում ենք եւ այսօր: Արդեն ավանդույթի ուժ է ստացել, որ, մասնակցելով ԵԿՄ ամենամյա ուխտագնացությանը` մեր նպաստն ենք ունենում այդ տարածքների առաջին դասարան հաճախողներին գրենական պիտույքներով լի պայուսակներ նվիրելու գործում:



ԱՅԼ ՕՂԱԿՆԵՐ

Արդյունավետ են աշխատել նաեւ քաղաքապետարանի մնացյալ օղակները, որոնց աշխատանքը եւս շատ համառոտակի ներկայացնեմ:
Թվով 111 զավթած հողամասերի եւ բնակելի նշանակության ինքնակամ շինությունների անհատույց օրինականացում է կատարվել: Կատարվել է նաեւ 27 ինքնակամ կառուցված այլ շինության օրինականացում:
Կազմակերպվել են ատեստացիաներ եւ աշխատակազմի որակավորման բարձրացման դասընթացներ: Քաղաքապետարանն անընդհատ աշխատում է առավել արհեստավարժ կադրերով համալրվելու, եղած կադրերի մասնագիտական որակավորումը բարձրացնելու ուղղությամբ:

Ավարտեմ խոսքս` նշելով, որ մեզ համար անչափ կարեւոր են թե' հանրության, թե' պետության գնահատականը: Մեզ համար հաճելի փաստ է, որ Համայնքների ասոցիացիան Էջմիածինը ճանաչեց 2013 թվականի Հայաստանի լավագույն քաղաքային համայնք, ընդ որում` վկայականը մեզ հանձնեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Իսկ իրավաբանների եւ հոգեբանների ասոցիացիան Էջմիածնի քաղաքապետին ճանաչեց տարվա լավագույն համայնքային եւ պետական գործիչ: Այսօրինակ գնահատականները ոգեւորիչ են: Նշեմ, որ շարունակելու ենք համագործակցությունը պետական իշխանության մարմինների եւ Մայր աթոռի հետ: Այդ համագործակցությունը, հատկապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը, մշտապես մեր քաղաքին բազում դիվիդենտներ է բերել` կատարված աշխատանքների, ստացված ներդրումների տեսքով:
Մեզ համար անչափ կարեւոր է նաեւ Էջմիածնի բնակչության գնահատականը: Շարունակելու ենք մշտական համագործակցությունը էջմիածնեցու հետ: Ե'վ քաղաքապետի մոտ քաղաքացիների ընդունելությունն է շարունակվելու, ե'ւ քաղաքապետարանի մասնագետներն են շարունակելու մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքացիների բոլոր դիմումները, ե'ւ հանրային կարծիքի ուսումնասիրություններն ենք շարունակելու: Հուսով ենք, որ քաղաքային իշխանության եւ էջմիածնեցու գործակցությունը նորանոր հաջողություններ է բերելու Էջմիածին քաղաքին, էջմիածնեցիներին:
Շնորհակալություն բոլորիդ ուշադրության համար եւ հաջողություն բոլորիս ինչպես անձնական, այնպես էլ հասարակական գործերում եւ հատկապես` մասնագիտական պարտականությունների կատարման մեջ:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: