Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա: Ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թթ. սկզբում գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում: Ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նկարիչը հավատարիմ է մնացել իր գեղարվեստական լեզվին, իր գեղարվեստական ձեռագրին՝ ընդլայնելով և հարստացնելով այն: Մհեր Աբեղյանը ստեղծագործում էր բոլոր ժանրերում: Նրա բնանկարներում իշխում են անդորրն ու հոգեկան հանգստությունը, նատյուրմորտները վառ են, տոնական ու կենսահաստատ, դրանց հատուկ է դեկորատիվ գունեղությունը: Մարդկանց կերպարները նկարչի հորինվածքներում և դիմանարներում լի են քնարականությամբ: Մ. Աբեղյանը շատ է նկարել ածուխով, ծայրով, սանգինայով, զբաղվել է օֆորտով, սակայն նրա նախընտրած գրաֆիկական տեխնիկան լինոփորագրությունն էր: Տպագրական այս տեխնիկայով արված աշխատանքները գրավում են կատարման վարպետությամբ, մակերեսի գեղեցիկ մշակումով, գծի պոռթկունությամբ: Մասնաճյուղում ներկայացված են նկարչի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում է նաև նրա գրաֆիկան: Վարպետի ժառանգության զգալի մասը ցուցադրվում է ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունում:
Ավելացնել մեկնաբանություն