Կոմիտասի անվան մշակույթի պալատի հիմնադրման աշխատանքները սկսվել են հայրենական մեծ պատերազմից առաջ:Բուռն կերպով ընթացող շինարարությունը ընդհատվել է պատերազմի պատճառով. Ակումբի շինարարության ավարտը հետպատերազմական է: Շինության նախագծի հեղինակներից եւ աջակիցներից է ճարտարապետ Սոս Մանուկյանը: Կառուցված լինելով կոլխոզի բյուջեյով, Մշակույթի պալատը գործունեությունը սկսել է 1957թ-ին` որպես կոլխոզի ակումբ: 1960թ. ակումբը անվանվել է Լենինի անվամբ: Ակումբի տնօրեն է նշանակվել Մերուժան Գևորգյանը: 60-ական թվականներից Մշակույթի պալատում գործել են տարբեր խմբակներ` ապահովելով Էջմիածնում մշակութային վերելքը. ժողովրդական թատրոնը և ժողգործիքների, երգ ու պարի խմբերը հսկայական աշխուժություն են մտցրել քաղաքում: Ժողովրդական թատրոնը գործել է մինչև 1980թ. վերջերը, բեմադրվել են շատ արժեքավոր գործեր՝ <<Պեպո>>, <<Քաջ Նազար>>, <<Նախարարի կինը և աղջիկը>> ( ռեժիսոր՝ Գրիգոր Սիմոնյան): Գործունեության ընթացքում թատրոնը վաստակել է 2 ոսկի մեդալ: Էջմիածին քաղաքի բոլոր կոնֆերանսները անցկացվել են այս պալատում: Դրան զուգահեռ նշվել են մեծանուն գրողների և արվեստագետների հոբելյանական երեկոներ: Մշակույթի պալատում հյուրախաղերով հանդես է եկել ՝ Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի կոլեկտիվը՝ իր մեծանուն դեմքերով: Դերասանական վարպետ խաղով այստեղ հանդես է եկել նաև Հ. Պարոնյանի անվան թատրոնի կոլեկտիվը` Կարպ Խաչվանքյանի հետ միասին: 1968թ. պալատի տնօրենի պաշտոնը ստանձնել է Լենդրուշ Շմավոնյանը: Մշակութային կյանքը շարունակել է ծաղկում ապրել: Համերգային ծրագրերով այստեղ հանդես են եկել Երևանի երգ ու պարի պետական համույթը և շատ երգիչներ` անհատական ծրագրերով: Մշակույթի պալատի լավ ակուստիկան թույլ է տվել այս բեմում նկարահանել <<Անուշ>> օպերան: 1983թ. ստեղծվել է նաև <<Մուշ>> ազգագրական երգ ու պարի համույթը Արծրուն Գևորգյանի ղեկավարությամբ, իսկ ժող-գործիքների խումբը ղեկավարել է Թորոսյանը: 1990թ-ից թատրոնը չի գործել: Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ այն վերաբացվել է 2006թ.:Սակայն այդ տարիներին նույնպես չի դադարել ակումբի գործունեությունը, գործել են ասեղնագործության, գոբելենի, վարսահարդարման, առաջին բուժօգնության, կարուձևի խմբակներ: 1990-2000թթ. մշակույթի պալատի տնօրենի պաշտոնը վարել է Բենիկ Շամիրյանը: Մշակույթի պալատն ունեցել է շատ ղեկավարներ. 2000-2002թթ. պալատի ղեկավարությունը կարճ ժամանակով վարել են Էդուարդ Միրզոյանը, Աղայանը, Գևորգ Չաքմանյանը և Սուսաննա Հարությունյանը:2002-2005թթ. տնօրենի պաշտոնը վարել է Ռոբերտ Աբրահամյանը:Այնուհետև այդ պաշտոնը մինչև 2006 թ. մարտ ամիսը վարել է Գագիկ Վարդանյանը:2006-2010թթ. տնօրենի պարտականությունն իր վրա վերցրեց Ռոբերտ Վարդանյանը, 2010թ. հունիսին՝Դերենիկ Սիրեկանյանը: 2015թ. հունիսից մշակույթի պալատի տնօրենն է Ալվինա Համբարձումյանը: Վերը նշված տարիների ընթացքում չի դադարել խմբերի գործունեությունը: Սպասարկող կազմը եղել է միշտ իր դերում, երբեք չի խափանել միջոցառումների ծրագիրը և գործող վիճակում է պահել բոլոր սարքավորումները: Մշակույթի պալատը եղել եւ մնում է մշակութային մեծ օջախ էջմիածնեցիների համար, իսկ այդ ամենին աջակցել եւ մինչ օրս աջակցում է տեղի իշխանությունը: 2011թ. մշակույթի պալատում կատարվել է հիմնավերանորոգում քաղաքապետարանի բյուջեի միջոցներով: Այսօր արդեն հիմնանորոգված Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործոում են երգի եւ պարի խմբեր, որոնք ճանաչված են հանրապետությունում և նրանից դուրս: Քաղաքային իշխանության աջակցությամբ, ակտիվորոն մասնակցելով հանրապետական եւ միջազգային միցույթների, խմբերն իրենց ելույթների կատարողական ցանցում ունեն շահած դիպլոմներ, մեդալներ, պարգևատրվել են մի շարք գովասանագրերով: Հիմնանորոգված դահլիճում կազմակերպվում են կինոդիտումներ, մշակութային տարաբնույթ միջոցառումներ, քաղաքային իշխանության նախաձեռնությամբ բեմում հանդես են գալիս մայրաքաղաքում գործող թատրոնները` հետաքրքիր ներկայացումներով:
Ավելացնել մեկնաբանություն