Էջմիածնի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի այգու ծառերից 1000-ից ավելին տնկվել է «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի բարերարներ Հասմիկ եւ Վահե Դոմբալագյանների միջոցներով: Նրանց այցը մանկապարտեզ ոգեւորել էր մանկապարտեզի սաներին: Նրանք հյուրերին դիմավորեցին աղուհացով եւ մրգերով, որ ստացել են հենց այդ ծառերից: Դոմբալագյանների ընտանիքը, պահելով ավանդույթը, եւս չորս ծառ տնկեց, խոստանալով՝ կրկին համալրել ծառերի քանակը ոչ միայն մրգատու, այլ նաեւ դեկորատիվ ծառերով:
Էջմիածնի քաղաքապետարանում էին հյուրընկալվել «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության 25 ներկայացուցիչ: Հանդիպումը կայացավ «Կանանց տեղը քաղաքականությունում է» ծրագրի շրջանակում, որտեղ քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանդես եկավ որպես բանախոս:
Վաղարշապատի թիվ 11 հիմնական դպրոցի մուտքից սկսած ֆրանսիական շունչը ողջունում էր հյուրերին, իսկ պատերից ներս ֆրանսիական մշակույթն էր թեւածում. Պատճառը դպրոցական «Լը բիզաղ» թատերախմբի բեմադրած Տոմա Միոտոնի «Թագավոր երեխաների կղզին» ներկայացումն էր: Ֆրանսալեզու ներկայացում բեմադրելու գաղափարը «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակում դպրոց գործուղղված ֆրանսերենի ուսուցիչ Աննա Ասատրյանին էր:
Մարդու կյանքի եւ առողջության վրա շրջակա միջավայրի ունեցած մեծ ազդեցության մասին երեխաները պետք է սովորեն դեռ մանկապարտեզից: Այս նպատակով մանկապարտեզներում կազմակերպվում են նաեւ էկոլոգիայի դասընթացներ:
Էջմիածնի քաղաքապետարանի եւ «Զարթոնք» համերգային ընկերության համատեղ ջանքերով էջմիածնի մշակույթի պալատում կայացավ «Ինձ բացակա չդնեք» խորագիրը կրող գրական երեկո՝ նվիրված 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներից մեկի` Համո Սահյանի 105-ամյակին: