Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ավելացվել է: 4-03-2012, 22:26 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 32898 |
ԵԿԵՂԵՑԻՆԵՐՄայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանյաց եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի իջմամբ և կառուցվել Սբ. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում: Ընդ որում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է: Այդ առումով քաղաքն ունի զբոսաշրջության զարգացման հեռանկարներ:
Քաղաքում կան 6 վանքային համալիրներ (5-ը գործող) , որոնք կառուցվել են IV-X-րդ դարերում և հանդիսանում են հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցները:
Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է 303 թվականին Գրիգոր Լուսավորչի հորդորանքով Տրդատ թագավորի կողմից և հանդիսանում է քրիստոնեական հնագույն արվեստի կոթողներից մեկը և քրիստոնեական ամենահին տաճարներից մեկը Եվրոպայում։
Մայր տաճարը, ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի, կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածնի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։
Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը):
Էջմիածնի Մայր տաճարը, Ագաթանգեղոսի (Vդ.) վկայությամբ կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ Գ-ի (298-330թթ.) և Գրիգոր Լուսավորիչի օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301-303թթ.)։ Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից է։ Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին IVդ. շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ ատրուշան։ Տաճարի սկզբնական տեսքի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը մեծապես վնասվել է։ Ներսես Ա Մեծ (353-373թթ.) և Սահակ Ա Պարթև (387-436թթ.) կաթողիկոսների օրոք կատարվել է երկու վերանորոգում։ Այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ.-ին կառուցածն է (բացառյալ գմբեթը)։ Այժմյան գմբեթը հավանաբար XVIIդ. վերակառուցման արգասիք է։ Շահ Աբբասը, հայերին բռնի կերպով Պարսկաստան գաղթեցնելուց հետո, ցանկացել է Էջմիածնի Մայր տաճարը ամբողջապես քանդել, նրա քարերը տեղափոխել Պարսկաստան և այնտեղ կառուցել նոր տաճար՝ մտադրվելով հայերին կապել նոր բնակատեղիին։ Սակայն հետագայում որոշվեց տանել միայն «նշանավոր» քարերը (4 անկյուններից, պատարագի սուրբ սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ և այլն, նաև Լուսավորչի Աջը), որոնք և քանդվեցին ու տեղափոխվեցին Ջուղա։ Այս ամենը ավելի քայքայեց դարերի ընթացքում խարխլված տաճարը։ Մովսես Գ Տաթևացի (1629-1632թթ.) կաթողիկոսի օրոք վերանորոգվեցին գմբեթը, առաստաղը, ծածկը, հիմքերը, սալահատակը, կառուցվեցին արտաքին նոր պարսպապատեր, հյուրանոց, խուցեր, սեղանատուն, այլ շենքեր։ 1654թ.-ին Փիլիպպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը սկսեց արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը, որն ավարտվեց 1658թ.-ին, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք։ Այն կառուցել է ճարտարապետ Սահակ Հիզանցին՝ մասնակցությամբ «ուստա Մովսեսի», ծախսերը կատարել է Կոստանդնուպոլսի մեծահարուստ Անտոն Չելեպին։ Զանգակատան որմնանկարները կատարել է Ջաքարե ոսկերիչը։ 1682թ.-ին արևելյան, հյուսիսային, հարավային աբսիդներին դրվել են փոքրիկ զանգակատներ։ 1869թ.-ին Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ Էջմիածնի Մայր տաճարին արևելքից կցվում է եռադահլիճ թանգարանի շենքը։ XIXդ. վերջին վերափոխվել են տաճարը շրջապատող աստիճանները։ 1955թ.-ից տաճարի դրսում և ներսում խոշոր շինարարական աշխատանքներ էր ծավալել Վազգեն Ա կաթողիկոսը։
Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները կատարվել են հնում, վերանորոգվել XVIIIդ.։ Զանգակատունը 1664թ.-ին նկարազարդվել է Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ։ 1712-21թթ.-ին Էջմիածնի Մայր տաճարում գեղանկարչական աշխատանքներ է կատարել Նաղաշ Հովնաթանը (պահպանվել են գմբեթի վերին մասի նկարազարդումներն ու ավագ խորանի ներքին մարմարի վրայի Աստվածամայրը): Էջմիածնի Մայր տաճարի համար պարբերաբար նկարներ են աստեղծել Հակոբ և Հարություն Հովնաթանյանները (XVIIIդ. 1-ին կես) և Հովնաթան Հովնաթանյանը (XVIIIդ. 2-րդ կես): Վերջինս իր աշակերտների հետ նկարազարդել է տաճարի ներսը, ստեղծել Հին Կտակարանի և ավետարանական թեմաներով նկարներ, ինչպես նաև հայ պատմական գործիչների դիմանկարներ: Էջմիածնի Մայր տաճարի համար նկարներ են կատարել նաև Մկրտում և Հակոբ Հովնաթանյանները (XIXդ.): 1956թ.-ին Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները վերանորոգվել են (Լ.Ս.Դուռնովոյի գլխավորությամբ): Տաճարի գեղարվեստական ձևավորման մեջ զգալի տեղ են գրավում կիրառական արվեստի զանազան իրեր, այդ թվում՝ ավագ խորանի ասեղնագործ վարագույրը, Մադրասի հայերի (1721թ.) և Հռոմի պապի (1967թ.) նվիրաբերած պատրիարքարանները: Դռների փայտի փորագրությունները կատարված են 1888թ.-ին, Թիֆլիսում:
«էջմիածնատիպ» կառույցները VIII-IXդդ. տարածվեցին Եվրոպայում, երբ Պավլիկյանների շարժումը հատկապես Արևմտյան Հայաստանում հալածվում էր բյուզանդական կայսրերի կողմից (Լևոն III-ից մինչև Թեոդորա կայսրուհին)։ Պատկերամարտությունը սկիզբ դրեց պավլիկյանների զանգվածային գաղթին Բալկաններ, Կիևյան Ռուսիա, Արևմտյան Եվրոպա, մինչև Ֆրանսիա, Իսպանիա։ Այդ շրջանում Ֆրանկների պետությունը ապրեց մշակութային վերածնունդ, ստեղծվեցին կառոլինգյան արվեստի նշանակալից գործերը. կառուցվեց հայ ճարտարապետությունից և բյուզանդական զարդարվեստից ներշնչված Աախենի պալատական մատուռը՝ Սեն Շապելը (ավարտվել է 806թ.-ին), նրա նմանությամբ՝ Քյոլնի Ս.Գեդեոնը (ավերվել է 1940թ.-ին), Ֆուլդայի Ս.Միքայելը (787թ., խիստ վնասվել է 1945թ.-ին) և Ժերմինյի-Դե-Պրեն, որը կրած վերափոխություններով հանդերձ (հատկապես 1869թ.-ի), մնում է Կառլոս Մեծի շրջանից անաղարտ պահպանված գրեթե միակ եկեղեցին։ Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում նաև Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (836թ., Լուար-Ատլանտիկ, Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (IXդ., Բրուժ, Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (859թ.)։
1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն իր ճարտարապետական ինքնատիպ ոճով հանդիսանում է աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից մեկը, նաև համբավավոր սրբատեղին ու ուխտավայրը Հայաստանում և արտասահմանյան երկրներում բնակվող հայերի համար:
1994թ. Մայր Տաճարի մանրակերտը տեղադրվել է <<Մինի Մունդուսում>> (համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշների մանրակերտների բացօթյա թանգարան), իսկ 2000թ. տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԷջմիածին քաղաքի արևելյան մասում` Երևան տանող խճուղու ձախ կողմում իր վեհաշուք տեսքով վեր է խոյանում հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը`Սուրբ Հռիփսիմե վանքը:
Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքը վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը : Այն հիմնադրվել է 618 թվականին՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից IV դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում: 1776 թվականին նրա շուրջ կառուցվել է աղյուսաշեն պարիսպը, 1880 թվականին եկեղեցու գավթի վրա կառուցվել է զանգակատունը, իսկ հետագայում՝ 1894 թվականին սրբատաշ քարերից կառուցվել են արևելյան և հարավային պարիսպները և մի շարք այլ օժանդակ կառույցներ: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին համարվում է եզակի հայկական ոճի կառույց: Շենքը արտաքին պլանով քառակուսի է, կենտրոնագմբեթ, իսկ ներքուստ խաչաձև: Եկեղեցին կառուցված է երկրաշարժերին դիմակայելու մեծաքանակ հնարքներով: Այդպիսին են հանդիսանում արտաքին պատերի եռանկյունաձև խորշերը, գմբեթի կողավոր թեթև և իջեցված ծանրության կենտրոնով ծածկը, իսկ անկյուններում գտնվող չորս քառակուսի և ավելի փոքր չորս կլոր աշտարակները նախատեսված են երկրաշարժերի կողային ուժերին դիմակայելու համար: Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ներքին հարդարանքը արտասովոր է և բարդ: Բացի չորս անկյուններում գտնվող խոշոր ապսիդներից, գոյություն ունեն չորս գլանաձև նեղ խորշեր, որոնք տանում են դեպի եկեղեցու չորս անկյուններում տեղակայված ավանդատները: Հայ ճարետարապետների կողմից ստեղծված այս նորարարական հորինվածքը հետագայում բազմիցս օգտագործվել է VII դարի հայ ճարտարապետության մեջ և նաև արձագանք է գտել ավելի ուշ ժամանակաշրջանի եկեղեցական կառույցների մեջ, ինչպիսիք են Վանա լճի Աղթամար կղզու գլուխգործոց՝ Սուրբ Խաչ եկեղեցին:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոս կայսրը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Հռիփսիմեի մահվան վայրում կառուցվել է այս եկեղեցին, որտեղ և այսօր գտնվում է նրա դամբարանը:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԷՋՄԻԱԾՆԻ քաղաքի հարավային կողմում, ս. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Ս. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Ս. Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Ս. Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու` հվ-արլ. ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը:
XVII դ. եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Ս. Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել: Փիլիպոս Ա Աղբակեցին 1652-ին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Ս. Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հվ. պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն: 1688-ին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արմ. կողմից կցել եռակամար գավիթ սրահ, նրա հվ. և հս. ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն: 1764-ին Սիմեոն Ա Երևանցին Էջմիածնի ս. Գայանե վանքի տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն` վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) Էջմիածնի ս. Գայանե վանքի վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արմ. կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը: 1910-ին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել ս. Գայանեի գերեզմանի համար: 1959-ին Էջմիածնի ս. Գայանե վանքը նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.` Ռ. Իսրայելյան): 1960-ին վանքի տարածքում Մայր աթոռի` 1920-ից հետո թաղված միաբանների գերեզմանների վրա դրվել են մարմարե սալիկներով տապանաքարեր: 1976-ին Ս. Գայանե եկեղեցու շուրջը դարերի ընթացքում կուտակված լիցքը հեռացվել է, պատերի մեջ շաղախ է ներարկվել, և քայքայված քարերը փոխարինվել են նորերով: 1977–80-ին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ, վանքի միաբանության շենքերը նորոգվել են և օժտվել ժամանակակից հարմարություններով, քարե սալերով ծածկվել եկեղեցու տանիքը և գմբեթը: Էջմիածնի ս. Գայանե վանքի գավթում են ամփոփված Եղիազար Ա Այնթապցի, Աբրահամ Բ Խոշաբեցի, Ղազար Ա Ջահկեցի, Մինաս Ա Ակներցի, Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի, Ղուկաս Ա Կարնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսները, իսկ վանքի շուրջը` բազմաթիվ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վանահայրեր, Մայր աթոռի բարերարներ, իշխաններ և նշանավոր այլ անձինք:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՇողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է:
Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ-ին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում:
Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»:
Արևմուտքից կից է գավիթը` պսակված զանգակատան ութասյան ռոտոնդայով: Ունի մուտքեր արևելյան և արևմտյան կողմերից:
Նրան շատ մոտ մի փոքրիկ մատուռի ավերակներ կան, որը 5-6 դարի կառույց է եղել:
Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, թե Շողակաթ եկեղեցին կառուցվել է VI-VIIդդ. շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (IVդ.) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են IV-Vդդ.:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՍ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Տ.Տ. Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցին սկզբնապես եղել է փայտաշեն:
Սիմեոն Կաթողիկոս Երևանցին ժամանակի հավատացյալների ամենօրյա հոգևոր պահանջները բավարարելու համար, Մայր Աթոռի շրջապատը որոշելուց առաջ, վանքից որոշ հողային տարածություն անջատելով, գյուղի հյուսիսային կողմում կառուցում է մի եկեղեցի` Ս.Աստվածածին անունով և պարսպապատում այն:
Եկեղեցու կառուցման ճշգրիտ թվականի մասին կա մի քարե արձանագրություն, որը, ըստ վկայության, Սիմեոն Կաթողիկոսն գրել է տվել Ավագ Սեղանի նորոգության ժամանակ և զետեղել է եկեղեցու ներսի պատերից մեկում:
Եկեղեցին նախապես կառուցվել է փայտակերտ, որն անշուշտ չէր կարող երկար դիմանալ ժամանակի քայքայիչ ազդեցություններին: Ուստի ըստ ներքոհիշյալ վկայության եկեղեցու փայտակերտ կառուցումից մեկ դար հետո, ոմանց կողմից այն փոխարինվել է քարակերտ կառույցի:
Եկեղեցու շրջապատում եղել է մի վարժարան:
Եկեղեցին ունի բազիլիկ ձև, երկարավուն տանիքով, որն ընդունված է հայկական ճարտարապետության մեջ: Զանգակատուն չի ունեցել: Զանգերը ժամերգությունների և Սուրբ Պատարագի ժամանակ ղողանջել են հատուկ պատրաստված գմբեթաձև մի երկաթյա սարքից, որից կախված են եղել երկու զանգեր: Այն տեղադրված է եղել տանիքի վրա և եկեղեցու վերանորոգության ժամանակ հանվել:
Եկեղեցու արտաքին մասում, պատերի մեջ, տեղադրվել են մի քանի հայկական խաչքարեր` քանդակված նույն ժամանակաշրջանում:
Ս.Աստվածածին եկեղեցին ունեցել է շատ հովիվներ, որոնք իրենց հոգևոր ծառայությունն են բերել հավատացյալ ժողովրդին: Դրանցից առավել հիշատակելի է 1947-ին Պարսկաստանից մայր հայրենիք ներգաղթած Տ. Քերովբե Ավագ Քահանա Շահբազյանը, որն իր ժամանակին մեծամեծ դժվարություններ հաղթահարելով, նույնիսկ անձնական զրկանքներ կրելով, կարողացել է հասցնել մի արժանի հոգևոր սերունդ. այդ պատանիներից շատերը հետագայում դարձան ազնիվ և նվիրված հոգևոր սպասավորներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (1 եպիսկոպոս և 5 քահանա):
Ս.Աստվածածին եկեղեցին իր ծաղկուն շրջանն ապրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա շնորհազարդ Հայրապետի գահակալության շրջանում: Հայոց Հայրապետը, որ մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի պատմական վանքերի և եկեղեցիների վերանորոգությանը, իր հայացքը սևեռեց նաև Էջմիածին քաղաքում գտնվող Ս.Աստվածածին եկեղեցու վրա: Եկեղեցում հիմնական վերանորոգությունը սկսվեց 1986 թվականին, երբ Հայոց Հայրապետի կարգադրությամբ եկեղեցու պատասխանատու և ապա` վանահայր նշանակվեց Տ.Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը, որն երջանկահիշատակ Տ.Քերովբե Ավագ Քահանայի սաներից էր:
Անցան տարիներ և եկեղեցին նորոգվեց թեև դրսից և թեև ներսից: Կառուցվեց մի նոր Ավագ Սեղան ֆելզիտ քարից` նախկին աղյուսե սեղանի փոխարեն: Մաքրվեցին ներսի պատերի բոլոր ծեփերը, և երևաց գեղեցիկ շարված քարը: Երեսպատվեցին 12 թաղերը, որոնք այնքան էլ լավ վիճակ չունեին: Փոխվեց սալահատակը, զետեղվեցին գեղեցիկ բյուրեղապակյա երեք ջահեր և նոր սրբապատկերներ: Նորոգվեց մկրտության ավազանը, որի կենտրոնում զետեղվեց մի մարմարյա քանդակազարդ խաչ: Տուֆ քարով երեսպատվեցին երկու խորանները: Փոխվեցին եկեղեցու փայտյա երեք դռները և քանդակներով զարդարվեցին: Պատրաստվեցին նոր գեղեցիկ քանդակազարդ մոմակալներ և այլն:
Եկեղեցում ծառայում են 4 քահանաներ` Տ. Եղիշե ավագ քահանա Բաղրամյան, Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյան, Տ. Եղիշե քահանա Կարսյան, Տ. Մկրտիչ քահանա Մուշադյան:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԱյս հնավայրը պաշտամունքային կենտրոն է եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից ի վեր։ Պեղումների ժամանակ բացվել են նաև ուրարտական տաճարի հիմքերը, զոհասեղանը, Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրությունը, որը վկայում է Հրազդան գետից անցկացված և մինչ օրս պահպանված ջրանցքի շինարարության մասին։
Պատմության ընթացքում Տիրին նվիրված հելլենիստական մեհյանը փոխարինվել է ուրարտական շինությամբ, 301 թ. Քրիստոնեության ընդունումից հետո` բազիլիկով, իսկ 5-6-րդ դդ.` միանավ բազիլիկով (հիմքերը պահպանվում են տաճարից հարավ)։
Զվարթնոցի տաճարը, ենթադրաբար, կառուցվել է 643 - 652 թթ.։ Սա Հայաստանի քաղաքական կյանքի համար անբարենպաստ մի ժամանակաշրջան էր. արաբները ներխուժել էին Հայաստան` 640 թ. գրավելով մայրաքաղաք Դվինը, և սպառնում էին գրավել ողջ երկիրը։ Նույն թվականին, ցավոք, վախճանվել էր Եզր կաթողիկոսը։ Արաբների ու բյուզանդացիների զավթողական ձգտումների միջև հայտնված երկիրը միավորելու ջատագով է հանդես գալիս Թեոդորոս Ռշտունին` ում աջակցությամբ 641 թ. կաթողիկոս է ընտրվում Ներսես Տայեցի եպիսկոպոսը։ Նա կրթություն էր ստացել և զինվորական պատրաստվածություն անցել Բյուզանդիայում և նախընտրում էր ուղղափառությունը` արաբական տիրապետության փոխարեն։
Կաթողիկոսության տարիներին (641- 661թթ.) Ներսեսը կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, որի համար էլ պատմությանը հայտնի է Ներսես Շինարար (Շինող) անվամբ։ 641 թ. Զվարթնոցը դարձնելով կաթողիկոսանիստ, մոտավորապես 643 թ. նա պատվիրեց Զվարթնոցի տաճարի շինարարությունը։
Զվարթնոցի տաճարը եզակի ճարտարապետական կառույց է. այն իր ժամանակաշրջանի ամենաբարձր կառույցներից էր ( 45-49 մ)։ Ժամանակաշրջանին բնորոշ խաչաձև գմբեթավոր կառույցների կամ բազիլիկների փոխարեն, Զվարթնոցի տաճարը ներկայացրեց բացարձակապես նոր ոճ. կենտրոնական գմբեթը հենված էր մեկ ամբողջական շրջան կազմող անկյունների ու խորանների վրա։
Տպավորիչ չափսերը և ինքնատիպ կառուցվածքը թույլ են տալիս տաճար բնորոշել որպես «իսկական ճարտարապետական հրաշք»` «զարմանացուցիչն տիեզերաց», որի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են հյուսվել, իսկ շքեղությունը բազմիցս հիշատակվել գրավոր աղբյուրներում։ Պատմում են անգամ, որ 652 թ. տաճարի օծման արաողությանը ներկա գտնվող բյուզանդական Կոստաս 2-րդ կայսրը այնքան է տպավորվել շինությամբ ու նրա ծավալով, որ վերադարձին իր հետ է տարել տաճարի ճարտարապետին` նմանատիպ մի տաճար Կոստանդնուպոլսում կառուցելու մտադրությամբ։ Վերջինս, սակայն, ճանապարհին հիվանդացել է ու մահացել։
Զվարթնոցի գեղեցկությամբ զմայլվել են թե հայ և թե արաբ պատմիչները։ Զվարթնոցատիպ տաճարներ են պահպանվել Մերձավոր Արևելքի շատ երկրներում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանի Իշխան գյուղում։
Հետագայում, երբ Զվարթնոցի տաճարում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, տաճարը ստացավ Սուրբ Գրիգոր անունը։
2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և եկեղեցիների (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ) հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` նույն անվանակարգում։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: