Էջմիածին քաղաքի զինանշանը պատկերային, գունային համակցությամբ նշան է: Առաջին շերտում՝ մոխրագույն երանգի վրա, պատկերված են դեղին գույնով ներկված խաղողի վազեր: Խաղողի վազերը շրջանի վերևի մասում ընդհատվում են շրջանից դուրս եկած, դեղին գույնով պատկերված, շագանակագույն գծանշումներով ամրոցով: Երկրորդ շերտը առաջինից անջատվում է նարնջագույնով եզրագծված կապույտ շրջանակով, որի մեջ՝ վերևի մասում, նարնջագույն երանգով գրված է հայերեն մեծատառերով “ԷՋՄԻԱԾԻՆ” բառը: Դրան ուղղահայաց ներքև և կենտրոնից հորիզոնական աջ և ձախ հինգ ոսկեգույն վանդակների միջոցով երեք խաչաձև պատկերներ են: Երրորդ դեղին շերտը, որն առանձնացված է երկրորդից նարնջագույն բարակ եզրագծով, իր մեջ ներառում է նարնջագույնով եզրագծված կապույտ խաչ, որին հաջորդում է նարնջագույնով եզրագծված կիսաշրջանակներով արտահայտված երկրորդ մանուշակագույն խաչը՝ եզրերում՝ նարնջագույնով գծանշված արծաթագույն երանգով չորս պահապան հրեշտակապետեր: Չորրորդ շերտը կրկին նարնջագույն եզրագծերով մոխրագույն, շրջանաձև պատկեր է, որին հաջորդում է զինանշանի կենտրոնը՝ կապույտ գույնի մեջ ոսկեգույնով պատկերված հայերեն մեծատառ, նախշազարդ “Է” տառը, որը խորհրդանշում է «Էջմիածին», «Էություն»: Զինանշանի դեղին գույնը՝ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը՝ նաև կաթողիկոսանիստ լինելը:
Զինանշանի հեղինակ` Արշակ Մանուկյան:
Արշակ Գևորգի Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունում և սփյուրքում ճանաչում գտած ժողովրդական վարպետներից է: Ծնվել է 1956թ. Էջմիածին քաղաքում: 2002-2003թթ. մասնակցել է ոսկերիչների հինգերորդ և վեցերորդ միջազգային ցուցահանդեսներին` արժանանալով « Հոգևոր թեմաներով լավագույն աշխատանքների համար» դիպլոմի: Վարպետի աշխատանքներն առանձնանում են ավանդականի և հոգևորի ինքնքտիպ զուգորդումներով, բարձրաճաշակ և գեղագիտորեն արդարացված դրվագումներով: Արծնապատման գուներանգների թափանցիկությունն ու մետաղի փորագրման բացառիկ նրբությունն Արշակ Մանուկյանի ստեղծագործություններին հաղորդում են կիրառական զարդարվեստին բնորոշ թեթևություն և դեկորատիվ ընկալման բացառիկ հմայք: Վարպետի աշխատանքներից շատերը գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ -ում, Իտալիայում, Սիրիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իսպանիայում և այլուր:
Ավելացնել մեկնաբանություն