Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆ

Ավելացվել է: 11-01-2021, 13:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 332 |



Սիրելի´ էջմիածնեցի,
Հավատարիմ մնալով քաղաքային իշխանության որդեգրած բաց ու թափանցիկ աշխատանքային քաղաքականությանը` Էջմիածնի համայնքապետարանը հանդես է գալիս 2020 թվականին կատարված աշխատանքների հակիճ հաշվետվությամբ:

Գրեթե ամբողջ աշխարհը 2020 թվականը սկսեց նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարով: Չկարեւորել եւ չնշել կորոնավիրուսային համավարակի դեմ Էջմիածնում իրականացված պայքարի եւ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սոցիալ-տնտեսական վնասների չեզոքացմանն ուղղված քայլերն ու ծրագրերը՝ անհնար է:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ 2020թ. մարտի 15-ից մեկնարկել են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները՝ սրսկիչ եւ ջրցան մեքենաների կիրառմամբ, ախտահանվել են կանգառներն ու հասարակական վայրերում տեղադրված նստարանները, հանրային օգտագործման տարածքները, բազմաբնակարան շենքերի մուտքերը, ներքաղաքային տրանսպորտը՝ յուրաքանչյուր ուղեերթի սկզբում եւ վերջում: Տնտեսվարողներին պարբերաբար հատկացվել են ախտահանիչ նյութեր։
Ախտահանման եւ ախտահանիչ նյութերի տրամադրման աշխատանքներն իրականացվել են ամեն օր՝ Բարեկարգում տնօրինության եւ Բնակարանային կոմունալ վարչության աշխատակիցների ուժերով:
Քաղաքաի տարբեր թաղամասերում, հանրային օգտագործման տարածքներում, այգիներում եւ պուրակներում համայնքապետարանի աշխատակիցները քաղաքացիներին բաժանել են պաշտպանիչ դիմակներ, կատարել իրազեկման ակցիաներ:
Արտակարգ դրության առաջին օրերից քաղաքապետարանում գործել է թեժ գիծ՝ 0231 5-27-27 եւ 095 23-72-22 շուրջօրյա հեռախոսահամարներով:
Տրամադրված շուրջօրյա հեռախոսահամարով կատարվել է հակահամաճարակային միջոցառումներին վերաբերելի խնդիրների արձագանքման պատշաճ ապահովում` գիծը սպասարկող խմբի եւ համապատասխան առողջապահական եւ ուժային կառույցների հետ պահվող ուղիղ կապի միջոցով:
Մարտի 16-ից Ոստիկանության հետ համատեղ քայլեր է ձեռնարկվել քաղաքում բացօթյա առեւտուրը դադարեցնելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել հանրային սննդի կետերի, սրճարանների եւ հանդիսությունների սրահների հետ` լայնամասշտաբ միջոցառումները չեղարկելու ուղղությամբ:

Համայնքապետարանի միջոցներով Էջմիածին բժշկական կոնտրոնին հատկացվել է 700 հազար ՀՀ դրամ՝ ախտահանիչ կամար ձեռք բերելու համար: Եվս 700 հազար ՀՀ դրամ համայնքապետարանը տրամադրել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ին՝ տնօրենի հայոցողությամբ բուժաշխատողներին պարգեւատրելու համար: Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ 2 հաստատությունները չեն գործում համայնքապետարանի ենթակայության ներքո:

Ուրախ ենք արձանագրել, որ նույնիսկ համավարակի պայմաններում 2020 թվականի ծրագրերն ու աշխատանքներն իրենց հագեցվածությամբ ու բովանդակությամբ նոր թափ են հաղորդել մեր քաղաքի զարգացմանն ու գեղեցկացմանը. այս համառոտ հաշվետվությունը հնարավորություն կտա ավելի մանրամասն ծանոթանալ արված աշխատանքների ծավալներին եւ գնահատել դրանց արդյունքները։

Սոցիալական ոլորտ
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետարանն իրականացրել է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության պարենի փաթեթներ:
Սննդի փաթեթներ է հատկացվել շուրջ 1400 ընտանիքի, որից՝ 586-ը միայն քաղաքապետարանի միջոցներով, 814-ը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ բարերաների հետ համատեղ:
2020 թվականի ընթացքում դրամական օգնություն է տրամադրվել 368 ընտանիքի, որից՝
Բուժման վճար՝ 132 քաղաքացու,
Ուսման վճար՝ 31 քաղաքացու,
Սոցիալական տարբեր հարցերով՝ 74 քաղաքացու,
Նոր ուսումնական տարվան ընդառաջ 28 ընտանիքի 58 երեխայի տրամադրվել է դրամական աջակցություն՝ դպրոցական պարագաներ ձեռք բերելու համար:

Բարեկարգում
2020թ. մասնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել 46 անուն փողոցներում, կատարվել են ամբողջական ասֆալտապատման աշխատանքներ։ Հիմնանորոգման ծրագրով ամբողջական ասֆալտապատման ծածկույթը կազմել է ընդհանուր շուրջ 21 հազար քառակուսի մետր: Նման ծավալի հիմնանորոգման աշխատանքներ Էջմիածնի բակերում իրականացվել է առաջին անգամ: Մասնավորապես․
Ամբողջապես ասֆալտապատվել են Օրջոնիկիձե 23 եւ 25 շենքերի բակերը, Արագածի զանգվածի թիվ 1, 1/3, 2, 3, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 12ա, 13, 14, 15, 17 շենքերի բակերը, Մ.Մեխակյան փողոցը:
Արամ Մանուկյան թաղամասում ասֆալտապատված փողոց տեսնելն այլեւս իրական է․ հաշվետու տարում հիմնոնորոգվել է Արամ Մանուկյան 1-ին թաղամասի գլխավոր փողոցներից մեկը՝ Արարատյան փողոցից դեպի Արամ Մանուկյան տանող հատվածը՝ մինչեւ Երեւան-Մարգարա խճուղի, անցկացվել է արտաքին լուսավորություն LED լուսատուներով։ Սա այս թաղամասի հիմնանորոգմանն ուղղված առաջին, սակայն կարևոր քայլ է, որից հետո ամեն տարի հնարավոր կլինի մեկական փողոց ասֆալտապատելով Արամ Մանուկյանը դարձնել քաղաքի ամենագեղեցիկ ու հարմարավետ թաղամասերից մեկը:
Քաղաքի երկու կարեւորագույն՝ Սպանդարյան եւ Կամո փողոցների հիմնանորոգման աշխատանքներն էլ կատարվել են սուբվենցիոն ծրագրով՝ համայնքի 55% համաֆինանսավորմամբ, որ կազմում է 168 մլն 236 հազար դրամ:
Հիմնանորոգման ծրագրով Սպանդարյան փողոցի ասֆալտապատված հատվածի մակերեսը կազմում է 9680 քմ է, իսկ Կամո փողոցինը` 9456 քմ:
Փոխարինվել են նաեւ Սպանդարյան եւ Կամո փողոցների եզրաքարերը՝ ընդհանուր 2429մ երկարությամբ, կառուցվել է 2069 մ հեղեղատար կոյուղի:
Սալիկապատվել են Վազգեն Առաջին եւ Վռամ Կոստանյան փողոցների մայթերը: Այս աշխատանքները եւս իրականացվել է սուբվեցիոն ծրագրի շրջանակում: Տեղադրվում են բետոնե գունավոր սալիկներ` ընդհանուր 5733 մ² երկարությամբ՝ փողոցին հաղորդելով գեղեցիկ տեսք եւ կոլորիտ: Նոր սալիկապատված փողոցներում տեղադրվել են նաեւ մայթեզրի աղբամաններ։
Կարճիկյան փողոցում կառուցել է անձրեւաջրերի հեռացման կոյուղի: 430 մետր երկարությամբ կառուցվող հեղեղատար կոյուղին կապահովի անձրեւի եւ ոռոգման ջրերի անխոչընդոտ հեռացումը: Սրանով լուծել ենք Կարճիկյան փողոցում տասնամյակներ շարունակ բնակիչների կողմից բարձրացված խնդիրը:
Անձրեւատար է անցկացվել նաեւ Կոմիտասի անվան հրապարակում:
2020 թվականին շարունակել ենք քաղաքի մայթեզրերն ու կանաչ տարածքները համալրել դեկորատիվ եւ ծաղկող ծառատեսակներով: Ընտրված բարձրորակ ծառատեսակները նոր շունչ են հաղորդել մեր սիրելի քաղաքին եւ զգալի բարելավել են արտաքին տեսքը:
Մասնավորապես, գարնանային ծառատունկի շրջանում Վռամ Կոստանյան հիմնոնորոգված փողոցի մայթեզրերի կանաչ տարածքներում կատարվել են հողի կազմվածքի ու բերրիության բարելավման աշխատանքներ, ապահովվել է միատեսակ կանաչապատում՝ փողոցի երկայնքով տնկելով 20 հատ Կատալպա տեսակի բարձրորակ ծառ:
Մ. Մաշտոց փողոցում տնկվել է թվով 8 հատ ծաղկող արճվան՝ առավել հայտնի հուդայածառ անվամբ: Նպատակային ընտրված այս ծառատեսակները բարձրորակ են եւ աճում են արագ, ուստի վստահեցնում ենք, որ կանաչապատման ծրագրով առաջիկա տարիներին կհաջողվի ոչ միայն բարելավել քաղաքի արտաքին տեսքը, այլեւ առողջացնել քաղաքի օդային ավազանը: Բոլորովին նոր տեսք է ստացել քաղաքի գլխավոր հրապարակի օղակաձեւ սիզամարգը. այն ձեւավորվել է դեկորատիվ ծառատեսակներով եւ ծաղկատեսակներով: Քաղաքի գլխավոր ու երկրորդական ճանապարհների մայթեզրերի կանաչ տարածքների ծաղկապատման աշխատանքների շրջանակում տնկվել է շուրջ 11.000 ծաղկասածիլ:
Փոխվել եւ բարելավվել է քաղաքի գիշերային լուսավորման համակարգը:
Կենտրոնական՝ Մ.Մաշտոց, Խորենացի, Վազգեն Առաջին, Վռամ Կոստանյան, Արարատյան եւ Կամո փողոցներում սպիտակ գույնի փոխարեն ներդրվել է նեյտրալ գույնի եւ առավել հզոր՝ 100Վտ հզորությամբ լապտերներ՝ երթեւեկության համար առավել հարմարավետ լուսավորության ապահովման համար: Իսկ այս փողոցներում նախկինում տեղադրված լեդ լուսատուներով ժամանակակից արտաքին լուսավորություն է ապահովվել Անդրանիկ, Արամ Մանուկյան, Չարենց 1-ին եւ 2-րդ թաղամասերում (սեփական սեկտոր), Արագածի 2-րդ զանգվածում (Զվարթնոց քոթեջներ): Պատկանյան փողոցում ապահովվել է երկկողմանի լուսավորություն․ նախկին 13 լուսատուի փոխարեն այօսր այս փողոցը լուսավորվում է թվով 50 LED լուսատուներով։
«LED» լուսատուներով արտաքին լուսավորություն է անցկացվել նաեւ Զվարթնոց թաղամասի Այվազովսկի փողոցում եւ փակուղիներում:
2020-ին շարունակել ենք քաղաքի պատմամշակութային շինությունները արտաքին գեղարվեստական լուսավորությամբ էլ ավելի գեղեցկացնելու աշխատանքները՝ կերտելով քաղաքի դիմագիծը․լուսավորվել են Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի եւ Խորեն Տեր-Հարության թանգարանի շենքերը։
Նոր խաղահրապարակ է տեղադրվել Չարենց թաղամասի այգում, ցանկապատվել է այգու ֆուտբոլի դաշտը: Մարզական եւ խաղային հրապարակը տեղադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աջակցությամբ: Խաղահրապարակի հանդիսավոր բացմումը, որ պետք է կայանար հոկտեմբերի 7-ին, պատերազմի օրերին չեղարկեցինք, սակայն բոլորիս համար այդ ծանր օրերին թաղամասի փոքրիկներին կարողացանք ժպիտ պարգեւել նոր խաղահրապարակով եւ մանկական մարզահրապարակով։
Էջմիածին քաղաքի զարգացման ծրագրով շարունակելու ենք բակերում մարզական եւ խաղային հրապարակների կառուցումը:
2020-ին շարունակել ենք թափառող կենդանիների հավաքման, տեղափախման, նախնական զննման, պատվաստման եւ ստերջացման ծրագիրը:
Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունն ընտրել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի եւ անասնաբուժական միջազգային կազմակերպության փորձին համապատասխան լավագույն տարբերակը:

Կրթություն եւ սպորտ
2020 թվականին հետեւողականորեն շարունակել ենք բարեկարգել համայնքապատկան մանկապարտեզները:
Համավարակով պայմանավորված ուսումնական գործընթացի ժամանակավոր դադարն օպտիմալ ենք օգտագործել. Էջմիածնի թիվ 5 եւ թիվ 15 մանկապարտեզներն ապահովել ենք ջեռուցման համակարգով:
Մեր քաղաքում գործող 8 մանկապարտեզներից լոկալ ջեռուցմամբ ապահովված չէին միայն այս 2 մանկապարտեզները: Այսուհետ ձմռան ամիսներին վառարաններով ջեռուցման խնդիրներն անցյալում կմնան:
Տաք ջրով են ապահովվել թիվ 6 եւ 16 մանկապարտեզները:
Քաղաքապետարանի եւ բարերարների արդյունավետ փոխգործակցությամբ վերանորոգման աշխատանքներ են կատարվել թիվ 5՝ «Գարուն» մանկապարտեզում. Ավստրիայում բնակվող Զարուհի եւ Սեդա Քյուփչյու քույրերի բարերարությամբ փոխվել են մանկապարտեզի գործող մասնաշենքի հին պատուհաններն ու դռները. տեղադրվել է ընդհանուր 189 ք/մ պատուհան եւ 18 ք/մ դուռ:
Առաջիկա տարիների ընթացքում քաղաքապետարանը փորձելու է լուծել մանկապարտեզներում առկա բոլոր խնդիրները՝ դրանք դարձնելով բարեկարգ, հարմարավետ եւ բոլոր ստանդարտներին համապատասխան:
Հաշվետու տարում համալրել ենք նաեւ գրադարանների գրքային ֆոնդը 224 միավոր գրքով։
2020 թվականը ծանր էր բոլորիս համար․ թե՛ պատերազմը, թե՛ համավարակը խաթարեցին մեր ծրագրերի ողջ թափով իրագործումը․
Տերյան թաղամասի նորակառույց մարզադպրոցի բացումը նախատեսված էր հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածին քաղաքի 2705-ամյակին, ինչն անհնարին դարձրեց պատերազմի արհավիրքը։ Ընթացիկ տարում այս մարզադպրոցը համալրել ենք անհրաժեշտ գույքով, շտկել ենք առկա թերությունները։ Չարաբաստիկ 2020-ը ճանապարհելուց հետո 2021-ին կսկսենք մարզադպրոցի շահագործումը՝ նոր տարի մտնելով առողջ մարմնով ու ավելի տոկուն հոգով. ոչ մի արհավիրք չի կոտրելու աշխատելու և արարելու մեր կամքը:

Հարգելի համաքաղաքացիներ, ամփոփ ներկայացնենք նաեւ պատերզամի եւ հետպատերազմյան օրերին քաղաքապետարանի ծավալած գործունեությունը․
Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Էջմիածնի քաղաքային իշխանությունն իր ողջ ռեսուրսներով լծվել է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված եւ ռազմական դրությունից բխող անհրաժեշտ գործողություններին՝ թիկունքում աշխատելով համախմբված եւ կազմակերպված:
 Արցախին ու Պաշտպանության բանակին աջակցելու նպատակով Էջմիածնի քաղաքապետարանում սեպտեմբերի 28-ից ձեւավորվել է օպերատիվ արձագանքման շտաբ՝ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով, որը զբաղվել է Արցախից եկած քաղաքացիների գրանցմամբ եւ աջակցությամբ: Էջմիածնում մինչ օրս գրանցվել է 2065 արցախցի:
 Էջմիածնի քաղաքապետարանում հավաքագրվել են անհրաժեշտ պարեն եւ պարագաներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված:
 Քաղաքապետարանն օպերատիվորեն կկազմակերպել է ապրանքների տեղափոխումն Արցախ։ Պատերազմի օրերին Արցախ է ուղեւորվել անհրաժեշտ պարենով եւ իրերով բենված 37 բեռնատար:
 Քաղաքապետարանը կազմակերպել է նաեւ զորահավաքի աշխատանքները․ մեր աշխատակիցները 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով բաժանել են ծանուցագրեր։
 Պատերազմի օրերին, ներքին տեղաշարժը հաշված, մեր քաղաքում ապաստանել են մոտ 1700 արցախցի՝ ավելի քան 250 ընտանիք: Այս ընթացքում Կառավարության, անհատների, գոծարար-բարերարների եւ կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք այս ընտանիքներին ապահովել սնունդով, անհրաժեշտ հագուստով, հիգիենայի պարագաներով եւ այլ անհրաժեշտ իրերով: Մեծ մասին ապահովել ենք նաեւ կացարանով:
 Սննդի մատակարարումը Էջմիածնում ապաստանած ընտանիքներին կատարվում է 10 օրվա պարբերականությամբ:
 Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել է Արցախ վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքներին անվճար ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ ուղեւորելու գործընթաց: Մինչ այս պահը Էջմիածնից Ստեփանակերտ է ուղեւորվել շուրջ 300 արցախցի:
 Էջմիածնի քաղաքապետարանի Եղ. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Արմֆայթինգ Էջմիածին մարզական ակումբի եւ Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի սաները կազմակերպել են բարեգործական ցուցահանդես վաճառք, որից ստացված ողջ՝ 1․530․201 (Մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար երկու հարյուր) դրամ հասույթը փոխանցվել է Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք արշավին:
 Էջմիածին համայնքի կողմից Պաշտպանության բանակին է նվիրաբերվել 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց եւ 2 Վիլիս մակնիս ավտոմեքենա։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր անհատներին, կազմակերպություններին եւ հաստատություններին, որոնք այս օրերին Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցելով զինված ուժերի եւ արցախցիների կարիքների համար նվիրաբերել են գումար, տարբեր իրեր, սննդամթերք, դեղորայք եւ հիգիենայի պարագաներ:

Սիրելի´ Էջմիածնեցիներ,
Դուք արժանի եք քաղաքային լավագույն պայմաններին։ Էջմիածնի համաչափ զարգացմանն այլընտարնք չկա։ Հենց այս տեսլականով մենք շարունակելու ենք աշխատել 2021 թվականին՝ բարեկարգման մեր բոլոր ծրագրերի հիմքում դնելով մեր քաղաքի ու քաղաքացիների շահը։ Մենք շարունակելու ենք շինարարական եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ բարեկարգվելով մայթեր, բակեր, ասֆալտապատելով փողոցներ, կառուցելով խաղահրապարակներ։
Մեր բոլոր ձեռքբերումներում յուրաքանչյուր էջմիածնեցի ունի իր մասնակցությունը, հարազատ քաղաքի հանդեպ սրտացավության ու սիրո իր բաժինը, որի համար շնորհակալ ենք ամենքիդ։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: