Էջմիածնում գործող «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ՀԿ-ի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառուների շրջանակում մեր քաղաքում էր հյուրընկալվել Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակությունը` խորհրդի եւ Էքս-Մարսել մետրոպոլի նախագահ տիկին Մարտին-ժիլ Վասալի գլխավորությամբ: Միջոցառումներին ներկա էր նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Հյուրերը նախ շրջեցին «Էջմիածին 13» բարեգործական ֆրանսիական դիսպանսեր-ատամնաբուժարանում, որը հիմնադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի և «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով: Հյուրերին դիսպանսեր-ատամնաբուժարանում դիմավորեցին Էջմիածին պարով եւ աղուհացով: Միջոցառումների 2-րդ հատվածը քաղաքի կենտրոնում էր, որտեղ կատարվեց Բուշ-դյու-Ռոն նահանգի կողմից մեր քաղաքին նվիրած «Խաղաղության ծառ» հուշարձանի բացումը: Այն պատկերում է ձիթենու ծառ, որը նաեւ Բուշ-դյու-Ռոն նահանգի խորհրդանիշն է համարվում: Այս հուշարձանից տեղադրված է Երուսաղեմում, Բուշ-դյու-Ռոն նահանգում եւ, արդեն նաեւ Էջմիածնում: Մարտին-ժիլ Վասալը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշելով, որ հայ համայնքը սիրված եւ հարգված է Բուշ-Դյու-Ռոն նահանգում եւ իրենց ժողովուրդը առանձնակի վերաբերմունք ունի դեպի Էջմիածինը: Շեշտեց` Էջմիածնի խորհրդանիշը պահվում է իրենց գրեթե յուրաքանչյուր բնակչի տանը: Ողջունելով հյուրերին Էջմիածնում, քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն հայտնեց տիկին Մարտին-ժիլ Վասալին մարդասիրական գործունեության համար եւ «Քաղաքի բարեկամ» պատվավոր կոչում շնորհեց: Երկարամյա բարեխիղճ եւ անձնուրաց աշխատանքի, մեծ նվիրումի եւ մարդասիրական գործունեության համար քաղաքապետը նաեւ շնորհակալագիր հանձնեց «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Լուսինե Մելիքյանին:
Ավելացնել մեկնաբանություն