Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Յուրաքանչյուր պետության և ժողովրդի համար անգնահատելի է Սահմանադրության պատմական նշանակությունն ու կարևորությունը: Այս գիտակցմամբ, անկախության հռչակումից հետո մեր երկրում սկիզբ դրվեց Սահմանադրության նախագծի մշակման գործընթացին, և արդեն 1995թ. համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց կարևորագույն այդ փաստաթուղթը` հիմք ընդունելով Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները: Անցած ավելի քան երկու տասնամյակի ընթացքում կատարելով իր գլխավոր դերն ու առաքելությունը` մեր երկրի հիմնական օրենքը նպաստել է Հայաստանի Հանրապետության հռչակած հիմնական սկզբունքների կենսագործմանը, երկրի համար դժվարին պահերին ցույց տվել կայունության, օրինականության գրավականը լինելու իր ներուժն ու կենսունակությունը: Հավատացած եմ, որ Սահմանադրությունը երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավոն է։ Ուստի, այսօր և մեկընդմիշտ մեր խնդիրն է մայր օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ, իսկ դրանով ամրագրված արժեքների վրա խարսխված քաղաքականությունը՝ մեր երկրի առաջընթացի, անկախ պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ անվերապահորեն հավատարիմ լինենք Սահմանադրության տառին և ոգուն։
Ավելացնել մեկնաբանություն