Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլեւ երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են եւ պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո եւ պաշտպանության: Օրվա առթիվ տոնական բարձր տրամադրություն ապահովելու եւ երեխաներին հիշարժան օր նվիրելու համար, Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել էր բազում անակնկալներով լի տոնական համերգային ծրագիր: Ամեն տարի այս օրը քաղաքը գունավորվում է փոքրիկների գեղեցիկ նկարներով, լցվում ուրախ ճիչերով ու ծիծաղով: Բազմաբնույթ խաղերի ու մրցույթների, կավճանկարչության, «Ֆիոնայի»- հետ մանկական համերգային զվարճալի ծրագրի, Էջմիածնում գործող երգի եւ պարի խմբերի ուրախ համերգային ծրագրի եւ մանկական դիսկոտեկի միջոցով փոքրիկների օրը մեծ տոն դարձրեց Էջմիածնի քաղաքապետարանը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը փոքրիկներին: Տոնական համերգով ազդարարվեց նաեւ ամռանը՝ շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարիներ շարունակ անցկացվող համերգային գեղեցիկ ծրագրերի եւ կինոդիտումների մեկնարկը: Իսկ տոնական օրվա բարձրակետ հանդիսացավ գունագեղ հրավառությունը:
Ավելացնել մեկնաբանություն