Էջմիածին եւ ուկրաինական Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքները համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի, կրթության եւ գիտության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի եւ այլ բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների եւ մասնագետների միջեւ գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելուն: Այցի շրջանակներում պատվիրակության անդամների համար քաղաքապետարանը նաեւ ճանաչողական շրջայց կազմակերպեց: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Մայր Տաճար, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար: Հարգանքի տուրք մատուցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Հյուրերին ընդունեց նաև Վեհափառ Հայրապետը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Ուկրաինայից ժամանած պատվիրակությանը, անդրադարձավ երկու քաղաքների միջև նախանշվող համագործակցությանը եւ կարեւորեց այն հանգամանքը, որ Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կողմից հայ համայնքին է վերադարձվել 14-15-րդ դարերում կառուցված պատմամշակությաին հուշակոթող Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին, որը ներկայում վերականգնման փուլում է: Գարեգին Բ Կաթողիկոսը եւս կարեւորել է Էջմիածնի եւ Բելգորոդ-Դնեստրովսկիի գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը:
Ավելացնել մեկնաբանություն