Հայկական ասեղնագործությունը ժողովրդական ստեղծագործության հին եւ հարուստ բնագավառներից մեկն է: Պեղումների շնորհիվ հայտնաբերված զարդարված ասեղնագործ հագուստի տեսակները վկայում են,որ ասեղնագործությունը հին աշխարհի սիրած զբաղմունքներից մեկն է եղել: Կիրառվել է հագուստը, կենցաղը, առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու համար: 69-ամյա Մարիետա Բալյանը հպարտորեն նշում է, որ ասեղնագործությունն իր գենի մեջ է: Այս արվեստի հմտություններին իրեն ծանոթացրել են տատիկն ու մայրիկը: Արժեքավոր նմուշներ արդեն իսկ ինքնուրույն ստեղծել է 11 տարեկանից, ստեղծագործում է մինչ այսօր: Էջմիածնի պատմաազգագարական թանգարանում կանանց միամսյակի առթիվ ցուցադրված են ասեղնագործության գեղեցիկ նմուշներ: Ցուցադրված են նաեւ Մարիետա Բալյանի 18 տարեկանում արված ասղենագործությունները: Տիկին Մարիետան մեծ հպարտությամբ նաեւ մատնացույց է անում ցուցանմուշներում առկա իր մայրիկի աշխատանքը: Թանգարանի տնօրեն, հնէաբան Անժելա Թադեւոսյանի փոխանցմամբ` հայկական ասեղնագործ ժանյակն ինքնատիպ է եւ տարբերվում է այլ ժողովուրդների նույնանման ստեղծագործություններից: Այն առանձնանում է կատարման եղանակով, զարդանախշերով, հորինվածքով: Թանգարանում ներկայացված են ասեղնագործության եւ´ կտորի վրա կատարվող, եւ´ թելքաշ կտրտովի ասեղնագործություն: Նմուշները կցուցադրվեն մինչեւ ապրիլի 7-ը:
Ավելացնել մեկնաբանություն