Էջմիածնի քաղաքապետարանի, Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի համագործակցության շրջանակներում, Էջմիածնի Եղ. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցում անցկացվեց «Սումի-է» գեղանկարչության վարպետության դաս: Համագործակցության շրջանակներում դեռ նախորդ տարի անցկացված «Սումի-է» վարպետության դասը տպավորել էր գեղարվեստի դպրոցի սաներին. այս անգամ եւս դասընթացին մասնակցել ցանկացողները շատ էին: Վարպետության դասի մասնակիցներին ողջունեց Հայաաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Վարպետության դասն անցկացրեցին պրոֆեսոր տիկին Յամադա Միդորին եւ տիկին Օլգա Սելիվանովան: Սենսեյ Միդորի Յամադան դպրոցի սաներին ծանոթացրեց «սումի է» գեղանկարչության գաղտնիքներին եւ նրբություններին: Ըստ Միդորի Յամադայի` այս արվեստը բարդ տեխնիկա չի պահանջում, այն ինչ իրենք սովորեցնում են անհրաժեշտ է պարզապես մի քանի անգամ կրկնել: Հյուրերը գեղարվեստի դպրոցից դատարկաձեռն չհեռացան. տնօրեն Զորիկ Բաբայանը դեսպան Էյջի Տագուչիին եւ հյուրերին դպրոցի սաների աշխատանքներից նվիրեց:
Ավելացնել մեկնաբանություն