Սեպտեմբերի 1-ին Հանրապետության դպրոցներում հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։ Էջմիածնի բոլոր ուսումնական հաստատություններում օրը մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ: Օրն ամենասպասվածն ու հիշարժանն է առաջին դասարան հաճախող մանուկների համար: Դպրոցական համազգեստով եւ տոնական փուչիկներով առաջին անգամ դպրոց եկած փոքրիկներն ողջունեցին եւ բարի երթ մաղթեցին նույն դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Էջմիածնի Ներսիսյան թիվ 6 հիմանկան դպրոցում նոր ուսումնական տարվա առթիվ ողջունեց եւ նոր հաջողություններ մաղթեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Եւս մեկ անգամ կարեւորելով ուսուցիչների կատարած անուրանալի դերը, քաղաքապետը միաժամանակ աշակերտներին հորդորեց առավելագույն արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները եւ դառնալ արժանի քաղաքացի եւ ապագայի հենասյուն: Քաղաքապետարանի ջանքերով Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի սաներն այս տարի մուտք գործեցին առավել բարեկարգված դպրոց: Դպրոցի տարածքը բարեկարգելու եւ ցանկապատը վերակառուցելու համար դպրոցի տնօրեն Սեդա Ենգիբարյանը` կոլեկտիվի, սաների եւ ծնողների անունից շնորհակալագիր հանձնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Գիտելիքի եւ դպրության օրը դպրոցականները խոստացան լավ սովորել եւ լավ մարդ դառնալ:
Ավելացնել մեկնաբանություն