Էջմիածնի մարզադաշտում ավարտվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: Առաջնությանը մասնակցում էին Երեւանի եւ Արմավիրի մարզի մոտ 20 թիմ: Եզրափակիչ խաղում գավաթի համար պայքարում էին Արմավիրի եւ Երկրապահի թիմերը: Հաղթող դարձավ պատանի երկրապահի թիմը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արմավիրի թիմը, 3-րդը` Արագածինը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ, երկրապահական ավանդույթների հարգմամբ, խաղի ավարտից հետո ծաղկեդրում կատարվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Ապա Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ տեղի ունեցավ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Մրցանակներ հանձնվեցին նաեւ լավագույն ռմբարկուին, տարբեր օղակների լավագույն խաղացողներին: Արարողության ժամանակ ընթերցվեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը մրցաշարի մասնակիցներին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եզրափակիչ խոսքում մաղթեց, որ պատանի մարզիկները չբավարարվեն ձեռքբերումներով, միշտ ավելիին ձգտեն:
Ավելացնել մեկնաբանություն