Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու օրը՝ Տյառընդառաջը: Եկեղեցու հայրերի մեկնաբանմամբ, տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: Այն ամենասիրված տոներից է Հայաստանում, որը պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նոր ամուսնացած զավակներ ունեն: Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Ամեն տարի, էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանը էջմիածնեցիների համար Տրնդեզի գեղեցիկ միջոցառում է կազմակերպում: Բոլոր արարողակարգերի պահպանմամբ Էջմիածնի նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանկան համար կատարվեց օրհնության կարգ, զույգերին շնորհավորեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նորապսակները քաղաքապետից ոսկյա մատանիներ, իսկ մանուկը՝ ոսկյա խաչ նվեր ստացան: Քաղաքապետարանի մշակութային խմբերի ներկայացրած բեմականացմամբ ու համերգային ծրագրի ներքո վառվեց տոնի խարույկը: Նորապսակները ցատկեցին խարույկի վրայով եւ միմյանց բարեմաղթանքներ հղեցին:
Ավելացնել մեկնաբանություն